26 Նոյեմբեր, Գշ
Այս աշխարհի երջանկությունից տարբերվող բոլորովին մի այլ երջակություն է խոստանում Փրկիչը, և առաքինի անձը դեռևս այս կյանքում է զգում աստվածապարգև երջանկությունը՝ անկախ այս աշխարհում ունեցած պատվից ու դիրքից և կարողությունից: Մեղքի դեմ պատերազմողի հոգին, ավելի ու ավելի մոտենալով Աստծուն, դեռևս այս կյանքում է լուսավորվում երկնայինի փառքի ճառագայթով և վայելում Աստծո որդին լինելու օրհնությունն ու երջանկությունը: Որքանով, որ մարդ կհաղթահարի դեպի կատարելության տանող բարձունքը, նույնքանին էլ կարժանանա հավիտենության մեջ, քանի որ ամեն մարդ դատվելու է իր մտքի, խոսքի և գործի համեմատ: Ի՞նչ է քրիստոնեական առաքինությունը, որ պահանջում է Փրկիչը մարդուց, այն ուրիշ բան չէ, եթե ոչ ինքդ քեզ մաքրագործելով՝ ինքդ քեզ երջանկացնելը: Առաքինասեր կյանքը մաքրագործում է մարդուն և այդ կյանքի մեջ է ներփակված հոգևոր երջանկությունը: Իսկ երջանկությունը, ինչպես նշում է Ս. Ալեքսեյ Մեչևը, վարակիչ է, ինչքան դուք երջանիկ եք, այդքան երջանիկ են նրանք, ովքեր ձեր շուրջն են:
Համավարակի այս օրերին Ավստրիայի Ֆորալբերգի մարզում գործող “Armenische Sonne des Bodensees” («Բոդենզեի հայկական արևը») հայկական բարեգործական հիմնադրամը հերթական աջակցությամբ ուրախություն պարգևեց արև Սոֆյայի (5 տ.) ընտանիքին: Մայիսի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Սոֆյայի մայրիկին՝ Թումանյան Էմիլիային (39 տ.), փոխանցեց հիմնադրամի կողմից տրամադրած դրամական աջակցությունը (100 եվրո): Էմիլիան իր ամուսնու, սկեսուրի և չորս զավակների հետ բնակվում է Արմավիրի մարզի գ. Ծիածան, 4 փ. 42 տ. հասցեում: Էմիլիան իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և բարեգործական հիմնադրամին՝ աջակցության համար:
Կարինե Սուգիկյան