Արձանի անվրդովությունը

Աբբա Պիմենը, աբբա Անուվն ու նրանց եղբայրները (մի մոր հինգ որդիներ) վանականություն ընդունեցին և նույն մենաստնում էին ապրում: Մի անգամ բարբարոս ցեղերը հարձակվեցին մենաստանի վրա, ոչնչացրեցին վանականների խրճիթները ու նրանցից շատերին սպանեցին: Պիմենն, իր եղբայրների հետ, փախչելով փրկվեց: Նրանք մի տեղ հասան ու կանգ առան կռապաշտական մի տաճարում, որպեսզի իրենց հետագա բնակավայրի հարցը քննարկեն:

Աբբա Անուվն ասաց աբբա Պիմենին.

- Մի խնդրանք ունեմ քեզ ու եղբայրներին. այս շաբաթվա ընթացքում առանձին-առանձին ապրենք լռության մեջ ու զրույցի չբռնվենք:

- Թող քո ցանկությամբ լինի,- ասաց աբբա Պիմենը:

Նրանք այդպես էլ վարվեցին: Տաճարում մի քարե արձան էր կանգնեցված: Անուվն ամեն առավոտ քարեր էր նետում արձանի երեսին, իսկ երեկոյան՝ մոտենում էր դրան ու ներողություն խնդրում: Եվ այսպես ամբողջ շաբաթ: Երբ եղբայրներն ի վերջո հավաքվեցին, աբբա Պիմենն Անուվին ասաց.

- Տեսա, որ ողջ շաբաթ քարեր էիր նետում արձանի երեսին, իսկ հետո խոնարհվում ու ներողություն էիր խնդրում: Քրիստոսին հավատացողը չպետք է կուռքի առջև խոնարհվի:

Ծերը պատասխանեց.

- Ձեզ համար այդպես վարվեցի: Երբ ես քար էի նետում արձանի վրա, այն որևէ բան ասա՞ց, բարկացա՞վ:

- Ոչ,- պատասխանեցին:

- Իսկ երբ ներողություն էի խնդրում, շփոթվե՞ց, ասա՞ց. «Չեմ ներում»:

- Ոչ,- կրկին եղավ պատասխանը:

- Այդպես էլ մենք, եթե ցանկանում ենք միասին ապրել, պետք է այս արձանի նման լինենք, որն իրեն հասցված վիրավորանքներից չզայրացավ, իսկ իր առաջ ցուցաբերած խոնարհությունից՝ չպարծեցավ ու չգոռոզացավ: Իսկ եթե դուք չեք կամենում այդպես վարվել, ապա ամեն մեկը թող իր ճամփով գնա ու բնակվի որտեղ ցանկանում է:

Եղբայրներն աբբա Անուվի առջև ընկան, խոստացան նրա խորհրդով վարվել և երկար տարիներ, մեծ խոնարհությամբ ու համբերությամբ, միասին ապրեցին՝ մեկ նպատակ ունենալով՝ ձգտել քրիստոնեական կատարելության:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

22.07.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․