Արևագալի ժամերգություն

Արևագալի ժամերգությունը կատարվում է արևածագին՝ «Ի դէմս Հոգւոյն Սրբոյ»: Արևագալի ժամը Քրիստոսի հարության խորհուրդն ունի, որովհետև Հիսուս այս ժամին երևաց աշակերտներին Իր հարությունից հետո: Այս ժամերգությունը հիշեցնում է մեզ նաև Քրիստոսի Երկրորդ գալուստն ու մարդկանց համընդհանուր հարությունը:

Աստվածպաշտության այս կարգը անվանում ենք Արևագալի, որովհետև ժամերգության ընթացքում երգվող երգերով, քարոզներով և աղոթքներով խնդրում ենք Սուրբ Հոգուն, որ զգալի արեգակի ծագելու հետ, լուսավորի մեր հոգին իմանալի արեգակի՝ Քրիստոսի լույսով: Արեգակը մեր Փրկչի նմանությունն ունի, որ ծագելով արևելքում լուսավորեց մարդկությանը:

Արևագալի ժամերգությունը սկզբնական շրջանում Առավոտյան ժամերգության վերջաբան է եղել: Եվ միայն 7-րդ դարում Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսի (630-641թթ.) կարգադրությամբ այն առանձնացավ: Այդ մասին վկայում է Սբ. Հովհան Օձնեցին: Արևագալի կարգի այսօրվա ձևը հիմնականում պատկանում է Սբ. Ներսես Շնորհալուն, հատկապես շարականները, երգերը («Յարեւելից», «Ճգնաւորք», «Լոյս, Արարիչ լուսոյ», «Ճանապարհ»), քարոզներն ու աղոթքները:

Արևագալի ժամերգությունը այժմ առավել հանդիսավորությամբ կատարվում է Մեծ Պահքի շրջանում՝ չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Այդ օրերին երգում են այս կարգի երգերի ծանր եղանակները, իսկ վերջում էլ ծնկաչոք՝ «Տեր ողորմեա»-ն:

Արևագալի կարգի մաս կազմող փոխերը (սաղմոսախմբեր), մաղթանքները, քարոզներն ու աղոթքները գործածվում են նաև Մեծ Պահքից դուրս, իսկ Մեծ Պահքի շրջանում սրանց հետ երգվում են նաև Արևագալի երգերն ու շարականները:

Ինչպես մյուս ժամերգությունները, Արևագալի ժամերգությունը ևս սկսվում է Տերունական աղոթքով, ապա ժամօրհնողի կողմից ասվում է ժամերգության կորիզը՝ «Եղիցի անուն Տեառն» սաղմոսը (71:17-19):

Ժամերգության կառույցն է՝ սաղմոս, շարական կամ երգ, մաղթանք, քարոզ, աղոթք:

Ըստ Մաղաքիա Օրմանյանի՝ Արևագալի ժամերգությունը բաժանվում է չորս մասի:

Ա. մաս-Սաղմոս՝ «Եղիցի անուն Տեառն օրհնեալ» (71:17-19), երգ (Յարեւելից), քարոզ (Յարեւելից), աղոթք (Յարեւելից):

Ժամօրհնողը սկզբից ասում է «Եղիցի անուն Տեառն օրհնեալ» սաղմոսի (Սաղմոս 71:17-19) մեկ տունը, իսկ մյուս երկուսը՝ քարոզասացը: «Յարեւելից մինչ ի մուտս» երգով աշխարհի չորս կողմերում ապրող ժողովուրդներին կոչ է արվում օրհներգելու աշխարհի լույսը ծագեցնողին՝ Աստծուն: Նա ոչ միայն մեր լուսավորողն է, այլև իմաստավորողը մեր կյանքի: Սարկավագը կարդում է «Յարեւելից մինչեւ ի մուտս արեւու» քարոզը, որով թելադրում է հավատացյալներին խնդրել Աստծուն, որ թողություն շնորհի իրենց մեղքերին սրբերի բարեխոսությամբ և քրիստոնյաների ուխտանվեր աղոթքներով: Այս քարոզով հորդորվում է, որ աղոթքներն ուղեկցվեն ողորմությամբ: Քարոզն ունի այդ պահի հատուկ խնդրանք. «Զառաւօտս լուսոյ եւ զառաջիկայ օրս խաղաղութեամբ անցուցանել՝ հաւատով ի տեառնէ խնդրեսցուք»:

Քարոզից անմիջապես հետո քահանան կարդում է «Յարեւելից մինչեւ ի մուտս արեւու օրհնեալ ես Տէր» աղոթքը:

Աղոթքի առաջին մասում նախ փառաբանվում է Տիեզերքի քաղցր թագավորի անունը, ապա խնդրվում Նրա արդարադատությունը մեր տկար բնության հանդեպ:

Աղոթքի 2-րդ մասում քահանան փառաբանում է մշտնջենավոր և հավիտենական Աստծուն, որ որպես լույս ծագելով՝ մշտապես մեզ լուսավորում է, որ, Իր բնությամբ անչափելի լինելով հանդերձ մարդանալով, աշխարհ եկավ և Սուրբ Հոգու շնորհները սփռեց Իր արարածների վրա:

Բ. մաս-«Աղաղակեցէք» սաղմոսը (99, վեց տուն), երգ (Ճգնաւորք), մաղթանք (Աղաչեմք), քարոզ (Սբ. Ճգնաւորօքն), աղոթք (Սուրբ ես Տէր), որին հետագայում կցվել է Սարկավագ Վարդապետի «Յիշեա Տէր»-ը և «Բարերար Աստուած» աղոթքը:

«Աղաղակեցէք» սաղմոսով հրավեր է կարդացվում փառաբանելու Տիրոջը. «…Գոհություն մատուցեցեք Տիրոջն ու օրհնեցեք Նրա անունը: Քաղցր է Տերը, Նրա ողորմությունը հավերժ է, Նրա ճշմարտությունը՝ սերնդից սերունդ»:

Սաղմոսին անմիջապես հետևում է «Ճգնաւորք» երգը, որով հավատացյալները դիմում են ճգնավորներին, նահատակներին, մարտիրոսներին՝ հայցելով նրանց բարեխոսությունը:

«Աղաչեմք ողորմեաց» մաղթանքով ժամօրհնողը հայցում է Աստծո ողորմությունը, որին հաջորդում է «Սուրբ Ճգնաւորօքն» քարոզը, ապա կարդացվում է «Սուրբ ես Տէր» աղոթքը: Քահանան հանուն ժողովրդի հայցում է Սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերի բարեխոսությունը:

Սարկավագը «Յիշեա Տէր» քարոզով, որ կարելի է նաև աղոթք կոչել, հերթական անգամ խնդրում է Աստծուց հիշելու մեր ծնողներին, ուսուցիչներին, ուխտավորներին, վաստակ ունեցողներին, ապաշխարողներին, խոստովանողներին, գերության մեջ եղողներին, հիվանդներին, նեղության մեջ եղողներին, բարեգործներին, նույնիսկ՝ չարգործներին, թշնամիներին, ատելի մարդկանց և այլոց:

Քահանան, արձագանքելով քարոզին, խնդրում է բազումողորմ Աստծուց անմոռաց գիտությունը և անվերջանալի մարդասիրությունը բոլոր հավատացյալների համար:

Գ. մաս-«Աստուած, Աստուած իմ» սաղմոսախումբը (62:1-11 և 63:1-10), երգ (Լոյս, արարիչ լուսոյ), մաղթանք (Լուսովդ), քարոզ (Փառաւորեսցուք), աղոթք (Զառաւօտու):

«Աստուած, Աստուած իմ» սաղմոսով հավատացյալը, որպես պապակած հող, խնդրում է Աստծո օգնականությունը, դիմում ենք Աստծուն և բացում մեր բերանները, որպեսզի Նա հագեցնի մեր հոգիների ծարավը, որից հետո սկսվում է «Լոյս, արարիչ լուսոյ» երգը: Այն ամբողջությամբ լույսի փառաբանություն է: 1-ին տունը ուղղված է Հոր Աստծուն, 2-րդը՝ Որդի Աստծուն, 3-րդը՝ Հոգի Աստծուն, 4-րդ տունը՝ Սբ. Երրորդությանը: Երգի յուրաքանչյուր տուն ավարտվում է իրական լույսին հասնելու խորը ցանկություն արտահայտող կրկներգով: Ժամօրհնողն արտասանում է «Լուսովդ Քո Քրիստոս» մաղթանքը՝ խնդրելով աստվածային խաղաղությունն ու ողորմությունը: Սարկավագը «Փառաւորեսցուք» քարոզով հորդորում է ներկաներին փառավորել Աստծուն, ապա քահանան ընթերցում է «Զառաւոտու աղօթս» աղոթքը և խնդրում Աստծուց, որպեսզի առավոտյան աղոթքն ու պաշտամունքը ընդունի Իր անապական և երկնային խորաններում և արդարության ու իմաստության լույսը ծագեցնի հավատացյալների վրա: Եվ նրանք, լույսի որդիներ լինելով, կարողանան երկյուղածությամբ և առանց գայթակղության ապրեն իրենց կյանքը:

Դ. մաս-«Տէր հովուեսցէ զիս» սաղմոսախումբը (22:1-7, 142:9-12, 47:1-11, 69:1-6, 85:15-16), երգ (Ճանապարհ), քարոզ (Աղաչեսցուք), աղոթք "Առաջնորդ կենաց" (Սրբոց), իսկ "Օրհնեալ ես"(Պահոց):

Ժամերգության 4-րդ մասը սկսվում է «Տէր հովուեսցէ զիս» սաղմոսախմբով (22:1-7, 142:9-12, 47:1-11, 69:1-6, 85:15-16), որին հաջորդում է «Ճանապարհ» երգը: Երգը բաղկացած է երկու տնից: Հովհաննեսի ավետարանից վերցված բառերով՝ «Ես եմ Ճանապարհը և Ճշմարտությունը և Կյանքը» (Հովհաննես 14:6), «Ես եմ դուռը» (Հովհաննես 10:9), հավատացյալները խնդրում են Աստծուց, որ իրենց հոգիները առաջնորդի երկրից դեպի երկինք և անցնելով Իր դռնից՝ մոտենան Հորը և Սուրբ Հոգուն: Խոսքը ուղղվում է Հիսուս Քրիստոսին: «Աղաչեսցուք» քարոզով սարկավագը հորդորում է հավատացյալներին, որպեսզի խնդրեն ամենակալ Աստծուց իրենց քայլերն առաջնորդելու դեպի բարին և խաղաղությունը: Քահանան «Առաջնորդ կենաց» աղոթքն ընթերցում է սրբոց տոներին, իսկ «Օրհնեալ ես, Տէր Աստուած փրկիչ մեր» աղոթքը՝ պահքի օրերին:

Ժամերգությունն ավարտվում է «Տերունական աղոթք»-ով և արձակման օրհնությամբ:

 

Օգտագործված գրականության ցանկ՝

1. «Ժամագիրք Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյ», Անթիլիաս, 1986թ.

2. Մաղաքիա արք. Օրմանյան, «Ծիսագիտութիւն Հայաստանեայց Սուրբ եկեղեցւոյ», Երուսաղեմ, 1977թ.

3. Հայ եկեղեցու ժամերգությունները, Աշխատասիրությամբ Հրայր սրկ. Խաչատրյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 1999թ.

4. Անդրանիկ ծ.վրդ. Կռանեան, «Հայ ծիսական պաշտամունքը», Պեյրութ, 2001թ.

5. Խ. Հ. Պալյան, «Ժամակարգությունք Հայաստանյայց Առաքելական Սբ. Եկեղեցու», Երևան, 2005թ.

6. Մեկնություն ժամակարգության, Աշխատասիրությամբ Արամ Դիլանյանի, Սբ. Էջմիածին, 1997թ.

7. Կարգ աստուածպաշտութեան Հայաստանյայց Ս. Եկեղեցւոյ (դասագիրք թեմական և ծխական հոգևոր դպրոցների համար), Կազմեց Գիւտ աւագ քահանայ Աղանեանցը, Թիֆլիս, 1902թ.

8. «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002թ.

9. «Ժողովրդական ժամագիրք Մեծի Պահոց օրերու», Սբ. Էջմիածին, 1996թ.:

 

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

16.03.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․