26 Դեկտեմբեր, Եշ
Գործուն սերը մաքրում է մարդու սրտի խորքը եսասիրությունից և առավել մոտեցնում Աստծուն՝ հոգևոր լույսով վերափոխելով ողջ հոգին։ Իսկ մաքրված հոգին, վայելելով աստվածային օրհնությունն ու լույսը, սկսում է տեսնել Աստծուն հոգու աչքերով։ Այստեղ մարդու հոգին նմանվում է մի փոքրիկ լճի, որ երկար տարիների անհոգության պատճառով մամռակալել է, իսկ ամբողջովին մաքրվելով՝ վերափոխվում է՝ թույլ տալով, որ արևի ճառագայթները խորությամբ թափանցեն իր բյուրեղյա մաքուր ջրերը: Սերբ ուղղափառ եկեղեցու հայրերից սբ. Նիկոլայ արք. Վելիմիրովիչն ասել է. «Արևն արտացոլվում է հստակ ջրերում, իսկ երկինքը՝ մաքուր սրտում»: Սրտով մաքուրներին Քրիստոս հետևյալ երանին տվեց. «Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5:8): Յուրաքանչյուր առաքինություն մարդուն է մոտեցնում Աստծուն, բայց ամենաբարձր երանությունն Աստծուն տեսնելն է, սիրտը Սուրբ Հոգու բնակարան դարձնելն է: Այս մասին Քրիստոս ասել է. «Ով սիրում է Ինձ, կգործադրի Իմ խոսքերը. Իմ Հայրն էլ կսիրի նրան, և Ես ու Իմ Հայրը կգանք նրա մոտ և կբնակվենք նրա հետ» (Մատթ. 14:23-24):
Աստծու համար հաճելի են նրանք, ովքեր մկրտված լինելուց զատ կատարում են Իր պատվիրանները, մաքրում են իրենց հոգին զղջմամբ և ապաշխարությամբ ու աստվածահաճո պտուղներ տալիս՝ սեր, խոնարհություն, ողորմություն, փոխօգնություն և այլն:
Սեպտեմբերի 7-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վրդ․ Սարգսյանի միջնորդությամբ, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Մելքումյան Թեհմինային (36 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարինե Ավագյանը: Թեհմինան իր երկու անչափահաս երեխաների հետ բնակվում է ք. Սիսիանի Դուրյան 2/14 հասցեում: Թեհմինայի ամուսինը՝ Գևորգ Հովհաննիսյանը, որպես պայմանագրային զինծառայող, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին և անհետ կորած է համարվում:
Թեհմինան իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին:
Կարինե Սուգիկյան