13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Դարձի՛ր դեպի Տերը և թող մեղքերդ (Սիրաք 17։21)։
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս.
Այսօր Մեծ պահքի երկրորդ՝ Արտաքսման կիրակին է, որը Ադամի և Եվայի՝ դրախտից արտաքսվելու հիշատակությունն է։ Գայթակղության ու անհնազանդության պատճառով մարդը արտաքսվեց դրախտից։ Ի՞նչ է մեր անելիքը։ Մեր անելիքը մեղքի արտաքսումն է մեր հոգիներից, մեր սրտերի խոնարհումն է Աստծու և Նրա պատվիրանների առջև։ Այս է ճանապարհը, որ պիտի մերձեցնի մեզ Աստծուն։
Արտաքսման կիրակին պետք է մեր մեջ հոգեշահ խոհեր արթնացնի։ Տիրոջ կողմից մարդկանց արտաքսումը դրախտից, փառք Աստծու, մարդկության հավիտենական դատապարտությունը չէ։ Եկավ ժամանակը, և Նա Իր Որդուն տվեց մարդկանց դրախտ վերադարձնելու, Երկնային Արքայության ճանապարհը բանալու, մարդկանց ուսուցանելու և փրկելու համար։ Արտաքսման կիրակին մեզ հիշեցնում է մեր մեղքերը, բայց հուսահատության անդունդը չի նետում, որովհետև գիտենք, որ մեր հանդեպ Հայր Աստծու սիրո չափանիշը Իր Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի զոհաբերությունն է։ Եվ Աստծու մոտ վերադառնալու միակ ուղին Քրիստոսին և Նրա խաչելությանը հավատալն է։ Աստված Իր Որդուն տվեց, որպեսզի փրկի մարդկանց և ետ վերադարձնի Իր գիրկը։
Որքան մարդիկ խորանում են մեղքերի մեջ, այնքան ավելի իրենք իրենց հեռացնում են Աստծուց և այնքան ավելի իրենք իրենց համար փակում են դրախտային կյանքի ճանապարհը, որովհետև մոլորվում են։ Թող այս կիրակին Աստված մեզ պարգևի մեղքը հոգուց արտաքսելու վճռականություն, որովհետև մենք գիտենք, որ Աստված բարի է և մեղքի դատապարտության մեջ չի թողնում մարդուն։ Եվ դրա ապացույցը Անառակ որդու առակն է և Անառակի կիրակին։
Ի՞նչ է կամենում Աստված ինձանից։ Ի՞նչ մեղքեր եմ տեսնում ես իմ մեջ և ցանկանո՞ւմ եմ արդյոք հրաժարվել դրանցից։ Ի՞նչ մեղքեր է ցույց տալիս ինձ Աստված, որ ես չեմ տեսնում ինքս իմ մեջ։ Արդյո՞ք Մեծ պահքի ընթացքում սրանց համար աղոթում եմ, թե՞ կրկին իմ աղոթքները առօրյա խնդիրները հաղթահարելու համար են միայն։
Ինչպես Մեծ պահքի յուրաքանչյուր կիրակի, այնպես էլ այս կիրակին մեզ ասելիք ունի։ Ադամի և Եվայի նման այսօր անհնազանդության և պատվիրանները չպահելու մեղքը դեռևս մարդկությունը չի թոթափել։ Այսօր խնդրենք Բարձրյալին, որ մեզ տա այն, ինչ անհրաժեշտ է մեր հոգու փրկությանը։ Սողոմոն թագավորը Տիրոջից իմաստություն խնդրեց, և նրա խնդրանքը հաճելի եղավ Աստծուն, քանի որ հարստության փոխարեն իմաստություն խնդրեց։ Նա ստացավ թե՛ իմաստություն և թե՛ հարստություն և նույնիսկ արժանացավ Երուսաղեմում Աստծու տաճարը կառուցելու պատվին։ Անհրաժեշտ է աղոթել, որպեսզի այնպիսի փորձության մեջ չընկնենք, որը մեր կործանման և Աստծուց ընդմիշտ հեռանալու պատճառ կդառնա։
Անհնազանդությունը և պատվիրանները չպահելը մարդկանց իրականում կործանում է բերում, ոչ միայն հեռացնում է Աստծուց, այլև սիրով շաղկապված մարդկային սրտերը բաժանում։ Մինչդեռ հնազանդությունն ու պատվիրանապահությունը մարդկանց մոտեցնում են Աստծուն և անքակտելի կամուրջներ են կառուցում մարդկային սրտերի միջև։ Հնազանդությունն ու պատվիրանապահությունը քաղցրություն են բերում նրանց կյանքին, ովքեր անտարբեր չեն Արարիչ Աստծու և իրենց հոգու փրկության հանդեպ։ Իսկ նրանք, ովքեր հավատ չունեն առ Աստված և չեն ձգտում Աստվածային պատվիրանները պահել, կործանարար պատնեշ են կառուցում ոչ միայն իրենց և Աստծու միջև, այլև իրենց և այլ մարդկանց միջև։ Շատերը կուրացել են և չեն տեսնում, որ Աստծուց հեռանալը մարդկությանը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Իսկ պատվիրանապահությունն ու հնազանդությունը հոգու և կյանքի փրկության միակ ուղին են, խաղաղության հանգրվան և երկնային սանդուղք, հաշտության, միության, սիրո, հոգատարության և ուրախության դրդապատճառ են հանդիսանում։ Աստծու պատվիրաններին հավատարիմ մարդիկ հեղհեղուկ չեն, սկզբունքային են, և իրենց նպաստն են բերում կյանքը դրախտի վերածելուն։
Մենք պետք է Աստծուց հայցենք, որ պահքի ընթացքը մեր հոգու վերափոխությանը նպաստի, ինչ որ պետք է ուսանենք մեր հայրերի սահմանած կիրակիների ոսկե շղթայից, վերցնենք ողջ կյանքի համար, մեղքերն ու փորձությունները հաղթահարվեն, ինքնանպատակ պահք չլինի։ Մեծ պահքի կիրակիները մարդուն քայլ առ քայլ բարձրացնում են մեղքերի ճահճից, հույսի շող կաթեցնում նրա հոգու մեջ, լույս բացում հորիզոնում։ Մեծ պահքի կիրակիները քայլ առ քայլ սովորեցնում են մեզ Աստծուն փարվել, թոթափել մեղքերի լուծը, ստանալ հարության խոստումը, նախանձախնդիր լինել երկնքի համար պայքարելու և ճաշակել որդիական ժառանգության բաժինը։ Ովքեր ամեն տարի հոգեպես ապրում են Մեծ պահքի ապաշխարության շրջանը, կվկայեն, որ նույնիսկ չեն շտապում անմիջապես հասնել Սուրբ Հարության վերջնակետին, այլ կիրակիների յուրաքանչյուր կանգառ նրանց համար աղոթքի և խոկման մի նոր առիթ է, Աստծու կամքին հանձնվելու ևս մեկ հնարավորություն։
Ամեն նեղության, դժբախտության, փորձության ժամին մենք միշտ շտապում ենք Աստծու մոտ և խնդրում դառնալ դեպի մեզ ու մեր խնդրանքը, աղերսում ենք Նրան հասնել մեզ օգնության և բժշկել մեզ ու մեր հարազատների հիվանդությունները, սակայն նախ և առաջ պիտի մենք մեր հավատը կապենք Աստծու հետ, և խոնարհեցնելով մեր սրտի ծունկը՝ հնազանդեցնենք մեր անձերը Նրա պատվիրաններին։ Մինչև Տիրոջը խնդրելը՝ դարձիր դեպի մեզ, մենք պիտի դառնանք դեպի Նա։
Ուստի, սիրելինե՛ր, հանձնենք մեր անձերը Աստծուն, խնդրենք Նրանից փրկություն, խոստովանենք Նրան, որ ճիշտ է, թեպետ արտաքսված ենք, բայց կրկին Նրա մոտ վերադառնալու ցանկություն ունենք, ուզում ենք, որ Նա Իր Որդու միջոցով բժշկի մեր հիվանդ հոգիները և Նրանով ճանապարհ ցույց տա, մեր կուրացած աչքերին լույս բերի և Ղազարոսի նման մեղքերի աշխարհից հարություն առնել տա։
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ ամեն։
Տեր Վահան քհն․ Առաքելյան