23 Դեկտեմբեր, Բշ
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միությունը «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում առիթ է ունենում մասնակիցը լինելու տարաբնույթ բանախոսությունների և քննարկումների՝ հոգևորականների և մշակութային գործիչների բանախոսությամբ:
Հոկտեմբերի 10-ին՝ Սբ. Թարգմանչաց տոնին, եկեղեցու կից սրահում հերթական հանդիպման հյուրը «Շողակն» ֆոլկ անսամբլի մենակատար, ՀՀ վաստակավոր արտիստուհի Հասմիկ Հարությունյանն էր: «Ճանապարհ դեպի Հայաստան» խորագիրը կրող հանդիպումը համահունչ էր Սբ. Թարգմանչաց տոնի ոգուն՝ պահել և պահպանել այն արժեքները, որ բխել են հայի ինքնությունը կերտող ակունքներից:
Բանախոսությունը Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ սկսվեց «Տերունական աղոթք»-ով, ապա Տեր Հայրը համառոտակի ներկայացրեց «Եկեղեցին մենք ենք» ծրագիրը և նրա նպատակը: Օրվա բանախոսին ուրախություն էր պատճառել հրավերքը, ինչը վկայում է, որ կա հետաքրքրություն այն երաժշտության հանդեպ, որ հայկական է, ավանդական, մաքուր, հարուստ և բազմագույն: Մշեցու արմատները կրող նահապետական ընտանիքի ժառանգը նախ անդրադարձավ իր նախնիների պատմությանը՝ նշելով, որ Մեծ Եղեռնն իրենց մեծ գերդաստանից կենդանի էր թողել միայն իր տատիկին և նրա մորաքրոջ տղային: Վառ են երգչուհու հիշողությունները. տատը մեծ ուրախությամբ և նախանձախնդրությամբ փորձում էր իր ընտանիքին, թոռներին, բոլոր ծանոթ և անծանոթներին փոխանցել ազգային երգի հարստությունը, որ անցնելով գաղթի դաժան ճամփան՝ դեռ կենսունակ էր և ուզում էր ապրել:
Հասմիկ Հարությունյանի ուսումնառության ուղին շատ պատահական է իրեն ուղղորդել դեպի Երևանի Ա. Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան, ապա՝ հանգամանքների բերումով Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետ: Վերջինս իր նպաստն էր ունեցել երգչուհու համար, քանի որ արվեստի մեջ կարևոր է տրամաբանությունից բխող գործունեությունը: Մինչ 1995 թ-ին «Շողակն» ֆոլկ անսամբլի հիմնադրելը, ինը տարի երգել է «Ակունք» ազգագրական անսամբլում, ապա նաև հիմնադրել է «Հայրիկ Մուրադյան»-ի անվան ավանդական երգի և պարի մանկական անսամբլը: Հասմիկ Հարությունյանը թողարկել է նաև հայկական օրորոցային, հայկական ավանդական աշխատանքային և հարսանեկան երգերի ձայնասկավառակներ: Դասավանդել է նաև հանրակրթական դպրոցներում, այժմ էլ դասավանդում է Հայաստանում հավատարմագրված դեսպանատների աշխատակիցների զավակներին՝ սովորեցնելով, թե ո՞վ է հայը, ի՞նչ մշակույթ է կրում և ի՞նչ ներդրում ունի համաշխարհային քաղաքակրթության մեջ:
Անդրադառնալով «Շողակն» համույթի գործունեությանը՝ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ օտար երկրների հրավերներով օտարերկրյա բեմերում ելույթներից բացի, նրանք տեղի հալասարաններում դասախոսություններ են անցկացնում՝ ներկայացնելով հայկական ավանդական երաժշտական գործիքները:
«Որոշ երկրներում ընգծված հետաքրքրությունը ֆոլկլորի հանդեպ կայանում է նրանում, որ հրավիրվեն երաժիշտներ այն երկրներից, որ դեռևս պահպանել են իրենց հին մշակույթը՝ փորձելով օգնել իրենց ժողովրդին գտնելու իրենց իսկ արմատները»,- ասաց երգչուհին:
Ի՞նչ ենք փոխանցելու մեր սերնդին
Կարևոր մի հարցադրում, որին անդրադարձավ օրվա բանախոսը, կարևորելով այն հանգամանքը, որ երեխային դեռ օրորոցից պետք է փոխանցել ազգային հարուստ ժառանգությունը: Օրորոցային երգերի հավաքագրումը հետաքրքիր ճանապարհ է անցել Հասմիկ Հարությունյանի կյանքում. եղբոր երեխաների համար սկսել է օրորոցային երգել, բայց նրանք անընդհատ նորն են ցանկացել լսել:
Ժանրի այս տեսակի հետ կապված նա ասաց, որ օրորոցայիններն էպիկական ժանրի մեղեդիներ են և տիեզերական խորհուրդ ունեն: Օրորոցի մոտ նստած մայրն երկինք-երկիր տիեզերական խորհրդով էր երեխայի կյանքի ճանապարհի սկիզբը դնում:
Երգչուհու մտահոգությունն էր. «Ասֆալտի վրա ապրող երեխաների տներում արդեն հայ երգ չկա: Իմ ընտանիքում հայ երգը ձեռք եմ բերել միջավայրի շնորհիվ: Հորս խորհրդով մեր տուն եկող ամեն մի հյուրին երգ ու պարով էինք ճանապարհում»:
Օրորոցայինի կատարումով Հասմիկ Հարությունյանը տիեզերական խորհրդի մասնակիցը դարձրեց ներկաներին, նրանցից շատերն առաջին անգամ էին ունկնդրում օրորոցային: Ապա երգչուհու հետ բոլորը միասին երգեցին «Վարդան զորավար» ազգային երգը:
Հանդիպման մյուս հատվածը ծավալվեց համայնքի և երիտասարդաց միության անդամների կողմից երգչուհուն ուղղված հարցերի շուրջ: Հանդիպումն եզրափակվեց Տեր Գրիգորի և ներկաների երգչուհուն ուղղված շնորհակալական խոսքով, նաև Տեր Հոր առաջարկությամբ, որ շաբաթական մեկ օր հնարավորություն ունենան անդրադառնալու հայ երգի մաքուր ակունքներին՝ բացահայտելու համար հայ երգի փիլիսոփայությունը:
Կարինե Սուգիկյան