13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Եւ յայտնի իսկ մեծ է խորհուրդն Աստուածպաշտութեան. որ երևեցաւ մարմնով, արդարացաւ հոգւով, յայտնեցաւ հրեշտակաց, քարոզեցաւ ի հեթանոսս, հաւատարիմ եղեւ յաշխարհի և վերացաւ փառօք»:
«Եվ հայտնապես մեծ է Աստվածապաշտության խորհուրդը, որ հայտնվեց մարմնով, արդարացավ Հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, հավատալի եղավ աշխարհում և երկինք վերացավ փառքով» (Տիմոթեոս Ա 3:16):
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Այսօր մենք տոնում ենք Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակին: Աշխարհամատրան կիրակի է կոչվում՝ ի հիշատակ առաջին քրիստոնեական եկեղեցու, իսկ կանաչ կիրակի անվանվում է՝ ի պատիվ կյանքի ու բնության հարության և զարթոնքի:
Սիրելինե՛ր, երկու շաբաթ է արդեն, որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սուրբ հարության ավետիսով ցնծում է ողջ քրիստոնյա աշխարհը: Սա մի ուրախության և ցնծության ընթացք է, որ գալիս է հաստատելու Տիրոջ խոստացած պարգևների հավաստիությունը: Ինչպես որ քրիստոնյայի կյանքում ոչինչ պատահական և ինքնանպատակ չի լինում, այդպես էլ այս հիսունօրյա հարության օրերն են, որ իրենց նշանակությունն ու դերն ունեն մեզ համար, որ պատմում են մեզ Երկնային Արքայության ուրախության խնջույքի մասին: Հինունքի խաղաղության և անդորրի այս շրջանը, որ հաջորդել է ապաշխարության ընթացքին, հիշեցնում է մեզ, որ մարդը դատապարտված չէ հավետ մնալ տխրության և վշտի մեջ և դրանով մխիթարություն է բերում մարդկանց սրտերին:
Հարության ավետիսը ոգեշնչում է Քրիստոսի հետևորդներին, լուսավորում է նրանց ճանապարհը, գարնանային ջերմություն է հաղորդում և կանաչազարդում է մեր բոլորի կյանքը, շնչավորում և կենդանություն է պարգևում տիեզերքում ամենքին և ամեն ինչի, որովհետև մահը իր շնչով անզորանում է Քրիստոսի հարությամբ: Մարդկային մեղանչական ախտերի և մահվան շղթաները ի չիք են դառնում Քրիստոսի պարգևած փրկության և հարության շնորհներով: Աստծո Միածին Որդու խաչելությամբ և հարությամբ կատարվում է երկնքի ու երկրի հաշտեցումը: Մենք բոլորս էլ գիտենք, որ մարդն առանց Աստծո ոչինչ է և ունեզուրկ, մինչդեռ Քրիստոսի մարդեղությամբ, խաչելությամբ և հարությամբ հասկանում ենք, որ, անկախ ամեն ինչից, մարդը անտեսված չէ իր Արարչի կողմից, որ Աստծո սերը մարդու նկատմամբ անչափ է, և որ մեր Տերը Իր փրկագործ արյամբ ոչ միայն փրկություն է բաշխում մեզ, այլ նաև հավիտենական կյանքի խոստում է տալիս:
Սիրելինե՛ր, Քրիստոսի արյամբ է, որ հիմնահաստատվել է եկեղեցին, որի տոնն է այսօր: Քրիստոսի հարությամբ հիմնանորոգվում և վերածաղկում է առաքելահաստատ եկեղեցին, որպեսզի մարդկանց առաջնորդի դեպի փրկության նավահանգիստ: Այն երկիրը երկնքի հետ կապող կամուրջ է, որ մարդուն հաշտեցնում է Աստծո հետ, ինչպես նաև ապահովում է երկնային սնունդով:
Հարկ է, որ մարդն իր կյանքը ապրի եկեղեցում, եկեղեցու հետ միասին և եկեղեցու հարատև օրհնությամբ, որովհետև եկեղեցին Երուսաղեմի այն տաճարն է, որ կառուցվել է Աստծո փառքի համար: Եկեղեցին այն Ուխտի տապանակն է, որն իր մեջ է բովանդակում Աստծո պատվիրանները, և վերջապես եկեղեցին է, որ Նոյյան տապանի նման փրկում և պաշտպանում է մեզ աշխարհային ալեհույզ փոթորիկներից: Եկեղեցիների առկայությունը պետք է ուրախություն պարգևի մարդկությանը, քանի որ այնտեղ է, որ ամեն կիրակի պատարագվում է Հիսուս Քրիստոս՝ մեզ՝ մեղավորներիս փրկության համար: Այն երբեք ավելորդ կամ ժամանակավրեպ լինել չի կարող, որովհետև Աստված հավիտենական է, և մարդը մշտապես ունի Իր Երկնավոր Ծնողի կարիքը: «Ինչպես որ մայրն է գգվում իր մանկանը, այնպես էլ Ես պիտի գգվեմ ձեզ, և դուք պիտի մխիթարվեք Երուսաղեմում», – ասում է Տերը Եսայու մարգարեության մեջ (Եսայի 66: 13): Եվ իսկապես եկեղեցին մեզ համար մայրական գգվանքի նման է, որում խաղաղվում են մեր հույզերն ու ապրումները, և որ մեզ է փարվում՝ իր անդորրն ու մխիթարությունը տալով մեր հոգնաբեկ սրտերին: «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ», – ասում է Հիսուս Քրիստոս (Մատթեոս 11: 28):
Եկեղեցին հաղթահարել է բազում փորձություններ, սակայն մշտապես կանգուն է մնացել, քանի որ Հիսուս Քրիստոս Ինքն է եկեղեցու գլուխը: Մենք չպետք է եկեղեցին դիտենք իբրև մեզանից անջատ ինչ-որ կառույց, այլ պիտի համարենք մեր տունը և մեզ էլ համարենք այդ տան անդամներից մեկը: Այն երկնային մի պարտեզ է երկրի վրա, ուր աճում են մեր հոգու համար բոլոր անհրաժեշտ պտուղները: Եվ այդ պտուղները անսպառ են: Ոչ մի մարդ, որ ցանկանա օգտվել այդ պտուղներից, անմասն չի մնա: Զարմանալին այն է, որ այդ պարտեզի պտուղները գերազանցում են մարդկության թվաքանակին, անհավանական կերպով նրանցից ավելի շատ են և սպասում են իրենց քաղողներին:
Եկեղեցին կանգուն է, ժամանակներն ու մարդիկ գալիս անցնում են, և շատ քչերն են, որ բացում են եկեղեցու պարտեզի դուռը, ցանկանում են մտնել այնտեղ և իրենց համար ստեղծված այն բարիքներից օգտվել, որոնք երկնային բարիքների համն ունեն և հիշեցնում են, որ այդ այգու Տերը իրենց համար էլ ավելի լավ պտուղներ ու բարիքներ է պատրաստել:
Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ, եկեք հիշենք Քրիստոսի պատմած հարսանեկան խրախճանքի առակը (Մատթեոս 22:1-14), երբ թագավորն իր որդու համար հարսանիք է անում և հրավիրում մարդկանց, որոնք տարբեր պատճառներով հրաժարվում են գալ: Դարձյալ ուրիշ ծառաներ է ուղարկում և ասում հրավիրվածներին. «Ահա իմ ճաշկերույթը պատրաստեցի. իմ զվարակները և իմ պարարտ անասունները մորթված են, ու ամեն ինչ պատրաստ է, եկե՛ք հարսանիքի»: Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնում են, մեկը՝ իր ագարակը, մեկը՝ իր առևտրին, ուրիշներն էլ բռնում են նրա ծառաներին, անպատվում ու սպանում: Թագավորը զորք է ուղարկում և բնաջնջում սպանողներին և այրում նրանց քաղաքը: Ծառաներին պատվիրում է. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին: Արդ, գնացե՛ք հրապարակները և ում որ գտնեք, կանչեցե՛ք հարսանիքի»: Ծառաները ճանապարհներից հավաքում բոլոր նրանց, ում գտնում են՝ չարերին ու բարիներին, և հարսանիքը լցվում է հրավիրվածներով: Թագավորը հրամայում է դուրս հանել այն մարդուն, որը հարսանեկան զգեստ չուներ: Այս առակից խրատ առնելով՝ եկեք մենք անտարբեր չլինենք Աստծո հրավերքի նկատմամբ և անտարբեր չանցնենք եկեղեցու մոտով կամ տարբեր պատճառաբանություններով չհրաժարվենք եկեղեցի այցելելուց, ինչպես արեցին առակի հերոսները. մեկը կին էր առել, մյուսը՝ ագարակ, երրորդն էլ՝ եզներ:
Թող մեր հոգիները հարություն և վերազարթոնք ապրեն, որպեսզի կարողանանք լսել Տիրոջ կանչը և իմաստուն կույսերի պես պատրաստ լինենք մասնակցելու հարսանեկան խնջույքին:
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան