28 Նոյեմբեր, Եշ
Քրիստոսին միացած անձն իր օրն իմաստավորում է բարի գործերով՝ օրինակ ունենալով Քրիստոսին. «Իմ Հայրը մինչև այժմ գործում է, Ես նույնպես գործում եմ» (Հովհաննես 5:17): Ճշմարիտ հավատն ամբողջանում է բարի գործով, ինչպես հավատն է մեռած առանց գործերի (Հակոբոս 2:17), այնպես էլ գործերն են մեռած առանց հավատի (Հռոմեացիներ 4:14):
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքն ամեն անգամ ներքին ուրախություն է ապրում՝ պահեցողության իր օրերն իմաստավորելով ծառայասիրությամբ:
Մարտի 11-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, իր հերթական այցով եղավ Փարաքար գյուղի Մուրացան 26 հասցեում ապրող Հովհաննիսյան ընտանիքում: 60-ամյա Կարինե Հովհաննիսյանն իր աղջկա մահից հետո երեք տարի է, ինչ միայնակ է խնամում իր թոռնուհուն՝ Գաբրիելյան Լարիսային (14տ.): Տիկին Կարինեն նախկինում բնակվել է Երևանի կենտրոնում, իր բնակարանը քանդելուց ի վեր տասը տարի է, ինչ նա, վարձակալությամբ ապրելով, սպասում է պետության կողմից իրեն հատկացվելիք բնակարանին: Նա չի աշխատում և միայն նպաստ է ստանում: Այժմ տիկին Կարինեն իր թոռնուհու հետ ժամանակավորապես ապրում է իր մյուս աղջկա ընտանիքի հետ միասին:
Տեր Հայրն ընտանիքի հետ զրույց ունեցավ, բժշկության աղոթք կարդաց, ապա նրանց հանձնեց համայնքի կողմից տրամադրած սննդի փաթեթներ՝ մաղթելով ուժ, համբերություն և աստվածային հույսով լեցուն բազում օրեր:
Այս անգամ էլ խորհենք ողորմածության առաքինության մասին՝ հետևելով Սբ. Հովհան Ոսկեբերանի մտորումներին. «Ինչպես ջրի միջոցով մարմնի ախտն է մաքրվում, այնպես էլ ողորմությամբ հոգու անմաքրությունը: Շատերն են գովում մարդուն իր գթասրտության համար. «Մեծանուն և պատվական է գթասիրտ մարդը»- ասել է առակագիրը (Առակներ 20:6): Առանց գթասրտության մարդը դադարում է մարդ լինելուց, այդ առաքինությամբ մարդն իմաստնանում է: Եվ չպետք է զարմանալ, որ հենց ողորմությունն է համարվում մարդկության տարբերակիչ նշանը, այն Աստծո նշանն է մարդու մեջ: «Եղեք գթասիրտ, ինչպես, որ ձեր Երկնավոր Հայրն է գթասիրտ» (Ղուկաս 6:36): Այսպես, Քրիստոսի խոսքի համաձայն, սովորենք լինել գթասիրտ, թե այս պատճառների և մասնավորապես նրա համար, որ մենք առավել ևս կարիք ունենք գթասրտության: «Եվ Ես ասում եմ ձեզ, աշխարհիկ հարստությունը գործածեք այնպես, որ Աստծո բարեկամությունը շահեք, որպեսզի, երբ այս աշխարհից դուրս ելնեք, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս 16:9),- ասել է Քրիստոս: Հրաշագործության դեպքում դու ես Աստծուն պարտապան լինում, իսկ ողորմության գործերով դու ես Աստծուն պարտավորեցնում: Ողորմություն ենք գործում, երբ առատաձեռնորեն ենք տալիս, երբ մտածում ենք, որ չենք տալիս, այլ վերցնում ենք, երբ ընդունում ենք այն որպես օրհնություն և ձեռքբերում, այլ ոչ թե կորուստ: Ունեցածից չողորմելն առնվազն հափշտակություն է»:
Կարինե Սուգիկյան