5 Դեկտեմբեր, Եշ
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի սիրիահայերն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ սեպտեմբերի 25-ին մեկնեցին ուխտագնացության Արագածոտնի թեմի Սաղմոսավանք, Հովհաննավանք, Մուղնու Սբ. Գևորգ,Կարմրավոր Սբ. Աստվածածին և Սբ. Մարիանե եկեղեցիներ: Սիրիահայ ուխտավորների ճանապարհը կարևոր նպատակ ուներ. բոլոր սրբավայրերում նրանց աղոթքն աշխարհի բոլոր պատերազմական երկրների խաղաղության հաստատմանն էր ուղղված:
Տեր Գրիգորի գլխավորությամբ ուխտավորներն իրենց իմաստավորված ճանապարհը սկսեցին «Տերունական աղոթք»-ով, ապա իրենց ուղեկիցը դարձրին շարականներն ու ժողովրդական երգերը: Սիրիահայերի մեծ մասն առաջին անգամ էին այդ սրբավայրերում, նրանց հետաքրքրաշատ հարցերն իրենց սպառիչ պատասխաններն էին գտնում տիկնանց միության անդամ Սիրանույշ Գյումրույանի կողմից: Նա մեծ սիրով և ջանադրորեն թե՛ ճանապարհին, թե՛ բոլոր սրբավայրերում ներկայացնում էր վանքերի և եկեղեցիների կառուցման, ճարտարապետության առանձնահատկությունների ու նրանց հետ կապված սրբազան ավանդությունների պատմությունները: Ամեն մի ուխտավայրում Տեր Հայրն ընդհանրական աղոթք էր անցկացնում, որից հետո ուխտավորները տարբեր շարականներ էին կատարում:
Սբ. Մարիանե եկեղեցում Տեր Գրիգորն ուխտավորներին դիմեց՝ ասելով. «Չէինք նախատեսել այս եկեղեցի գալ, բայց ուրախ եմ, որ մեր ուխտագնացությունն ամփոփվեց հենց այս սրբավայրում, քանի որ չէր կարելի չլսել, չազդվել և չապրել Աստծո ներկայության հրաշքը՝ այն սրտաբուխ աղոթքները, որ այստեղ հնչեցին»: Ապա Տեր Հայրն իր շնորհակալությունը հայտնեց ուխտավորներին ուխտագնացության այս հրաշալի օրը միասին անցկացնելու կապակցությամբ և ասաց, որ Աստծո կամոք հաճախակի կլինեն ուխտագնացությունները:
Ուխտավորներից Թիթառի համար ուխտագնացությունը՝ սպասելով սպասել է, ինչպես Եղիա մարգարեն Կարմելոս լեռան վրա սպասում էր անձրևի գալուն և տեսավ փոքրիկ ամպի մի կտոր: Այն նաև հույս է հավատքով ստանալու, ինչպես Հակոբը մենամարտեց հրեշտակի հետ մինչև որ օրհնություն ստանա: Իսկ տիկին Անիի խնդրանքն էր, որ խաղաղության իշխանը՝ Հիսուս Քրիստոս, սրբերի բարեխոսությամբ ողորմի և խաղաղություն պարգևի ողջ աշխարհին, կարդա իրենց սրտի բաց և փակ նամակները՝ օրհնություն բաշխելով բոլորին:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միության մաս կազմած «Հույս միավոր»-ի փոխատենապետուհի Քնարիկ Ղազարյանը բոլորի անունից շնորհակալություն հայտնեց հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, Սիրանուշ Գյումրույանին ուխտի հրաշալի այդ օրն ապրելու համար:
Հոգևոր այս ուղին նրանք անցան հանուն խաղաղության և հասնելով Երևան՝ մեկը մյուսին բարեմաղթում էր՝ ուխտդ ի կատար:
Կարինե Սուգիկյան