5 Դեկտեմբեր, Եշ
Սեպտեմբերի 17-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության տոնին ընդառաջ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, ուխտագնացության մեկնեց Գեղարքունիքի թեմի սրբավայրեր: Ուխտավորների՝ աղոթքով և շարականներով հագեցած ուղին կանգ առավ Հայրավանքում (4-րդ դ.), որ հայտնի է Հայր Հոհանք, Հայրուվանք, Հայր Օհավանք, ինչպես նաև Մարդաղավնյաց վանք անվանումներով: Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցում ուխտավորները, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գնել քահանա Մարտիրոսյանի գլխավորությամբ, «Տերունական աղոթք»-ն ասացին, «Տեր ողորմեա» և Ս. Խաչին նվիրված շարականներ երգեցին և Ս. Ստեփանոսի բարեխոսությանը դիմելով՝ Տիրոջ ողորմածությունը հայցեցին Հայ եկեղեցու և Հայոց ու Արցախ աշխարհների և Հայոց բանակի համար: Սիրիահայերից շատերն առաջին անգամ էին Հայրավանքում և ինչպես նշեցին՝ ամեն անգամ ուխտագնացության միջոցով, հայրենի սրբավայրերին ծանոթանալուց և միասնական աղոթքից զատ, հայրենիքի և հողի կարոտն են առնում:
Հաջորդ սրբավայրը, որ հյուրընկալեց ուխտավորներին, Սևանավանքն էր, որ հիմնադրել է Ս.Գրիգոր Լուսավորիչը 305թ.-ին: Վանքի բոլոր եկեղեցիներում ուխտավորները իրենց միասնական աղոթքը վերառաքեցին առ Տեր: Այնուհետև սիրիահայ ուխտավորները համախմբվեցին սիրո սեղանի շուրջ:
Ուխտավորի ուղին Տիրոջ հետևյալ խոսքի՝ «Արթուն կացեք և ամենայն ժամ աղոթեցեք» (Մատթ. 26:41, Ղուկ. 18:1) կենդանի օրինակներից մեկն է: «Աշխարհը,- ինչպես նշել է Ս. Սիվղանոս Աթոսացին,- կանգուն է աղոթքի շնորհիվ: Աղոթքի թուլանալուն պես աշխարհը կկործանվի»:
Կարինե Սուգիկյան