Ծերն իր աշակերտի հետ մի մեծ քաղաքի դարպասներից ներս մտավ, որպեսզի քրիստոնեության մասին պատմի դրա բնակիչներին:
Նրանցից մի քրիստոնյա մոտեցավ նրան ու ասաց.
- Հա՛յր, դժվար թե քարոզներդ այս քաղաքի բնակիչներին անհրաժեշտ լինեն: Նրանք խստասիրտ են ու հակառակվում են ճշմարտության խոսքին: Ամենևին չեն ուզում նոր բան սովորել: Ժամանակդ նրանց վրա զուր մի՛ վատնիր:
Ծերը նայեց նրան ու ասաց.
- Իրավացի ես:
Մի քանի րոպե անց մեկ այլ քրիստոնյա մոտեցավ նրան ու ասաց.
- Հա՛յր, մի կասկածիր, այս քաղաքում քեզ գրկաբաց կընդունեն: Մարդիկ հույսով սպասում են, որ ավետարանական ուսուցման անգին խոսքերը կլսեն քո շուրթերից: Նրանք գիտելիքների կարոտից հալումաշ են եղել և պատրաստ են ծառայությանը: Նրանց սրտերն ու մտքերը բաց են քո առջև:
Ծերը նայեց նրան ու ասաց.
- Իրավացի ես:
Աշակերտը չդիմացավ այլևս ու հարցրեց.
- Բացատրիր ինձ, Հա՛յր, թե ինչպես նույն բառերն ասացիր թե՛ մեկին և թե՛ մյուսին, չնայած որ նրանք լրիվ իրար հակառակ բաներ էին ասում:
- Ճիշտ ես,- ասաց ծերը,- բայց հավանաբար նկատեցիր, որ երկուսն էլ ճշմարտություն էին ասում՝ ըստ իրենց աշխարհընկալումների: Առաջինն ամեն ինչում միայն վատն է տեսնում, երկրորդը՝ լավն է փնտրում: Երկուսն էլ աշխարհն ընկալում են այնպես, ինչպես ակնկալում են տեսնել: Յուրաքանչյուրը հիմնվում է այս աշխարհն ընկալելու իր սեփական փորձի վրա: Նրանցից ոչ-ոք չստեց: Երկուսն էլ ճշմարտությունն ասացին, միայն թե՝ ոչ ամբողջությամբ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի