Աստծո ողորմածությանն ապավինել

Մի արքա հաճախ էր շրջում թագավորանիստ քաղաքում և նրա հրամանով, ամեն անգամ, երբ իր հպատակներից որևէ մեկը ցանկանում էր խնդրանքով կամ բողոքով անձամբ իրեն դիմել՝ կառքը կանգ էր առնում:

Մի անգամ կառապանը կանգնեցրեց ձիերին, որովհետև մի մուրացկան ողորմության խնդրանքով երկարեց ձեռքը: Նա բարձրաձայն գովաբանում էր արքային և բացականչում.

- Միայն թագավորը կարող է ինձ երջանկություն տալ:

Քիչ այն կողմ մեկ այլ մուրացկան էր նստած և բացականչում էր.

- Միայն Աստված կարող է մարդուն երջանկություն պարգևել:

Իր պալատ վերադառնալով՝ թագավորը հրամայեց մի կլորիկ հաց թխել և մեջը ոսկու մի ձուլակտոր դնել: Հաջորդ օրն իր կառքով այն մուրացկանի մոտ գնաց, ով հույսն իր օգնության վրա էր դրել և հացը նրան տվեց:

Մի քանի օր անց կրկին այդ նույն փողոցով անցավ և այդ նույն մուրացիկը նրանից ողորմություն խնդրեց:

Արքան դուրս եկավ կառքից և հարցրեց.

- Ինչո՞ւ ես կրկին այստեղ: Մի՞թե քեզ հաց չտվեցի, որի մեջ ոսկու ձուլակտոր կար:

- Ոչ մի ոսկու մասին չգիտեմ: Հացը շատ ծանր էր և ես կարծեցի, որ այն լավ թխված չէ, ուստի մի քանի մանրադրամով վաճառեցի հարևան մուրացկանին:

Երկրորդ մուրացկանն այնտեղ չէր: Որոշ ժամանակ անց ծառաներն արքային զեկուցեցին, որ նա, հացի միջի ոսկին գտնելով, տուն է գնել, գործերը կարգավորել և առաջին մուրացկանին էլ խորհուրդ տվել, որ միայն Աստծո ողորմածությանն ապավինի:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

03.06.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․