13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Սիրելինե՛ր, և որովհետև այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով (Բ Կորնթ․ 7։1):
Սիրելի հավատացյալներ, որ Աստծու որդիները և դուստրերը լինելու խոստումն ունեք,
Շնորհավորում եմ ձեզ այդ անհավատալի, անպատմելի և ուղղակի խենթացնող հեռանկարի համար, որ անգին մի գանձ է՝ ձրիաբար նվիրված ձեզնից յուրաքանչյուրին։ Սա այն հարստությունն է, որ քրիստոնյային տարբերակում է անհավատից։ Պատկերացրեք, որ աշխարհի ամենահարուստ մարդը առաջարկում է որդեգրել ձեզ և իր ողջ կարողության ժառանգորդը դարձնել՝ պայմանով, որ պիտի ձգտեք կատարելագործվելու և համապատասխանելու նրա անվանն ու արժանանալու նրա ունեցվածքին։ Ես վստահ եմ, որ եթե իրականում նման բան պատահի, ապա յուրաքանչյուրը գլխապատառ հնարավոր և անհնարին ամեն ինչ կանի այդ մեծահարուստին հաճոյանալու և ապացուցելու համար, որ հենց ինքն է նրան արժանի ժառանգորդը։
Համեմատել մահկանացու որևէ մեծահարուստի Ամենակալ Աստծու հետ անմտության գագաթնակետն է իհարկե։ Հետևաբար անմտություն է նաև համեմատել այս երկու խոստումների մեծությունը․ դրանք պարզապես անհամեմատելի են։ Բայց․․․ Մենք բառացիորեն ամեն ինչ կանենք և անում ենք ժամանակավոր հարստության տեր դառնալու համար, իսկ Աստծու խոստացած հարստության հանդեպ անփույթ, ծույլ ու անտարբեր ենք։ Ինչո՞ւ։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է․ մեր անհավատության պատճառով։ Քանի որ նյութական հարստությունը աչքով տեսնում ենք, ֆիզիկապես՝ շոշափում, իսկ աստվածայինը հասու է հոգևոր տեսողությանը և ճշմարիտ հավատի առկայությունն է միայն, որ այն «շոշափելի» է դարձնում մեզ համար։ Ստուգելու համար, թե որ խոստմանն եք ավելի հակված, նայե՛ք ձեր ներսը։ Անկեղծորեն, առանց վախի քննեք, թե ձեր մտքի քանի տոկոսն է զբաղված երկրային հոգսերով, առօրյա խնդիրներով, ապագայի ակնկալիքով, մտահոգություններով ու վախերով, և քանիսը՝ հավիտենական կյանքի խոստումով։ Քննե՛ք, թե օրվա ընթացքում ձեր ժամանակի որ հատվածն է նվիրված երկրային կյանքին, և որքանը՝ երկնայինը ձեռք բերելուն։ Ձեր գործողությունների որ բաժինն է ուղղված «մեծահարուստի» ժառանգությանը արժանանալուն և որը՝ Աստծու ժառանգությանը։ Վստահեցնում եմ, որ պատկերն այնքան էլ հուսադրող չի լինի, ցավոք։ Տուն, աշխատանք, ուսում, զվարճալիքներ, առևտուր, հեռուստացույց, համացանց․ սրանք են մեր հիմնական զբաղմունքներն այսօր, սրանց հետ են կապված մեր մտահոգություններն ու պլանները։ Սրանք ենք մեր կյանքի առյուծի բաժինը, իսկ քրիստոնեությունը մի հավելված է ընդամենը՝ կողքից սերտաճած և
հաճախ՝ ձևական բնույթի։ «Կիսաքրիստոնյա-կիսահեթանոս», ահա թե ով ենք մենք իրականում, որ չենք ձգտում բոլորովին հրաժարվելու չարից ու մերժելու այն և ամբողջությամբ նվիրվելու կատարյալ Բարուն, որ է Քրիստոս։ «Ես հին ու նոր կիսատներին ատում եմ․․․ ատում եմ քեզ՝ կիսատության գերի»,- երգում է ժամանակակիցը, իսկ մենք մեր կիսատ ապրելակերպով ուզում ենք ժառանգել Ամենակարող Արարչի խոստումը՝ մոռանալով մարդացյալ Աստծու զգուշացումը․ «Ով իր խաչը չի վերցնում ու իմ հետևից չի գալիս, ինձ արժանի չէ» (Մտթ․10։38)․․․
««Դո՛ւրս եկեք նրանց միջից և հեռո՛ւ մնացեք․․․ մի՛ դիպեք պիղծ բաների. և ես պիտի ընդունեմ ձեզ. և ես պիտի լինեմ ձեզ համար Հայր. և դուք պիտի լինեք ինձ համար որդիներ և դուստրեր»,- ասում է Ամենակալ Տերը» (Բ Կորնթ․ 6։16-17): «․․․․և որովհետև այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով»,- եզրափակում է սուրբ Պողոս առաքյալը։ Սա է մեր կոչումը, դեպի սրբություն տանող ճանապարհի սկիզբը, սիրելի՛ հավատացյալներ, և սա հենց այն ճանապարհն է, որով պիտի ընթանա յուրաքանչյուր ոք, եթե համարձակվել է իրեն քրիստոնյա անվանել։
«Սուրբ, սուրբ, սուրբ է Զորությունների Տերը»,- Եսայի մարգարեի հետ երգում ենք Պատարագի ընթացքում (6։3)՝ վկայելով, որ սրբությունը միայն Արարիչ Աստծու անկողոպտելի և անբաժանելի հատկանիշն է, որ Նրա ողորմածաբար սփռվում է Իր հետ միասնության ձգտող հավատարիմների վրա և նրանց էլ սրբագործում։ Սրբության սերմը կամ Իր մի մասնիկը, կամ պատկերը Տերը դնում է յուրաքանչյուր նորածնի սրտում, և սրբության ձգտելու, սրբանալու կոչը անդադար, մարդու ողջ կյանքի ընթացքում հնչում է Սիրող Հոր շուրթերից։ Տիրոջ ողորմությամբ անցյալ շաբաթ նշեցինք Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, և տոնի մասին պատմող ավանդության մեջ հիշո՞ւմ եք այն հատվածը, երբ առաքյալները տեսնում են, որ Սրբուհի Կույսի հոգին նորածնի տեսքով բարձրանում է Քրիստոսի գիրկը՝ շողալով անբիծ լույսով։ Եվ Պետրոս առաքյալը զարմանքով հարցնում է Տիրոջը, թե ինչու Աստվածամոր հոգին նման տեսք ունի, իսկ մյուս մարդկանցը խավար ու աղտոտ է։ Որին էլ Քրիստոս պատասխանում է, որ Ինքը բոլոր մարդկանց էլ նման մաքուր հոգի է պարգևում և մարդիկ իրենք են կյանքի ընթացքում ապականում ու սևացնում այն։ Այսինքն՝ Բարի սերմնացանը բոլորիս հոգում միայն բարի սերմ է ցանում, սրբության տանող սերմ, և միայն մեր վերաբերմունքից, մեր մատուցած խնամքից կամ անտարբերությունից, մեր մշակելուց ու պարարտացնելուց կամ բարձիթողի մատնելուց է կախված, թե սրբության համար նախատեսված այդ սերմը ինչ ճակատագիր կունենա յուրաքանչյուրիս կյանքում։
«Պղծությանը չդիպչելը մեզ դեռևս մաքուր չի դարձնում։ Սրբության հասնելու համար հարկավոր է նաև նախանձախնդրություն, արթնություն և բարեպաշտություն»,- գրում է սուրբ Հովհան Ոսկեբերանը և շարունակում․ «Սրբություն ասելով նկատի ունենք ոչ միայն ողջախոհությունը, այլև ամեն տեսակի մեղքից զերծ մնալը, քանի որ սուրբ է նա, ով մաքուր է, իսկ մաքուր է ոչ թե նա, ով միայն անառակություն չի գործում, այլ, ով զերծ է և՛ արծաթասիրությունից, և՛ նախանձից, և՛ ամբարտավանությունից, և՛ փառասիրությունից, հատկապե՛ս փառասիրությունից, որից միշտ պետք է փախչել»։ Ի՞նչ է հետևում սրանից, սիրելինե՛ր։ Հետևում է այն, որ մենք պետք է մեզ պարգևված կյանքը գիտակցված և ուշադիր ապրենք՝ ամենօրյա անդադար ռեժիմով ճգնելով, կատարելագործվելով և աճելով աստվածային սիրո, առաքինության ու պատվիրանապահության մեջ, որպեսզի Հայտնության գրքում նկարագրածի պես անհավատների, ոճրագործների, պոռնիկների, կախարդների, կռապաշտների, հմայողների և բոլոր ստախոսների հետ չհայտնվենք ծծմբով և հրով այրվող լճի մեջ որպես հոգևոր ծույլեր (հմմտ․ Հայտ․ 21։8)։ Այլ պիտի նմանվենք Դավիթ մարգարեին, որ ասում էր․ «Տրտմություն իջավ ինձ վրա մեղավորների ու քո օրենքը լքողների երեսից» (Սղմ․118։53), քանի որ Աստծու ճշմարիտ զավակը չի կարող սիրել կամ հանդուրժել մեղքը՝ այն, ինչը հակառակ է, թշնամի է իր Երկնավոր Հորը։ Եվ այստեղ է ահա, որ բացահայտվում է սրբության հասնելու բանաձևը․ սիրել Աստծուն՝ նշանակում է ատել մեղքը, իսկ մեղքը ատողը սուրբ մարդ է։ Եվ այստեղ խնդրեմ ուշադրություն դարձնել, սիրելի՛ հավատացյալներ, որ ինչպես «սիրելու», այնպես էլ «ատելու» պարագայում, երկուսն էլ բայ են, որ ցույց են տալիս գործողություն։ Այսինքն՝ ոչ միայն խոսքով, այլև գործով պիտի ասենք, որ ատում ենք մեղքը, չարը, այն ամենը, ինչը դեմ է բարիքների պարգևատու Աստծուն։ Աշխարհը, որտեղ մեղքն ընկալվում է որպես վարքագծի նորմ, այսօր ասում է՝ սիրիր քեզ ինչպիսին, որ կաս, դու ամենալավն ես, ամեն ինչ կարող ես և հանդուրժողական եղիր մնացյալի հանդեպ։ Այսինքն՝ աչքերդ փակիր մեղքի վրա, մի խառնվիր, մատնացույց մի արա, մի բարձրաձայնիր, որ օրինակ՝ համասեռամոլությունը, պոռնկությունը՝ «սեռական ազատություն» անվան տակ թաքնված, աբորտը, որ նույն մանկասպանությունն է, համատարած ստախոսությունը, ագահությունը, նախանձը, փառամոլությունը, եսասիրությունը և այլն դեմ է Արարչին, որ ատելի է Նրան ու զզվելի։ Մի զգուշացրու, որ այդ ամենը կործանարար է, ընդհակառակը՝ լռիր, եթե համաձայն չես, բայց ավելի լավ է, եթե հեռու քաշվելու փոխարեն ինքդ էլ ընդունես ու մասնակցես համընդհանուր պղծությանը և վարք ու բարքովդ խրախուսես այն։ Աշխարհն իր ողջ ուժը, խորամանկություն ու խաբեությունը գործադրում է ամեն ինչ գլխիվայր շրջելու, ճշմարտությունը աղավաղելու և Աստծու ձայնը խլացնելու համար, այն ձայնը, որ համատարած ապականության մեջ մեզ սրբության է կանչում։ Իսկ սրբությունը, սիրելինե՛ր, սկսվում է այն ժամանակ, երբ աջակողմյան ավազակը Քրիստոսին խնդրում է իրեն հիշել Արքայության մեջ։ Երբ մարդ ազնվորեն խոստովանում է իր մեղքերը, զղջում դրանք գործելու համար, փորձում ուղղվել, համապատասխանել Աստծու պատվիրաններին, խղճի ձայնին ու սրբերի օրինակին և անխուսափելի անկումներից հետո ընդունում է իր տկարությունը կրքերի դեմ պայքարում և խոնարհաբար օգնություն հայցում Տիրոջից։ Միայն ու միայն ճշմարիտ սերն ու խոնարհությունն է, որ պարտության է մատնում չարին ու իր արբանյակներին և ստիպում նահանջել յուրաքանչյուր հոգու համար անդադար մղվող հոգևոր պատերազմում։ Այս առիթով մի պատմություն հիշեցի, սիրելինե՛ր, որ կուզեի ձեզնից յուրաքանչուրը իր հոգու վրա չափեր այն։ Պատմում են մի մեծ ու հայտնի մենաստանի վանահոր մասին, որ վայելում էր ոչ միայն հասարակ ժողովրդի, այլև ազդեցիկ ազնվականների ու իշխանավորների հարգանքը, որոնք էլ հաճախ էին դիմում նրան խորհուրդ հարցնելու նպատակով։ Եվ չնայած հասարակական իր բարձր դիրքին, վանահայրը սովորություն ուներ անշուք ու հնամաշ հագուստ կրելու, ինչի համար էլ հաճախ արժանանում էր արհամարհանքի անծանոթների կողմից։ Մի օր ծանոթ իշխաններից մեկը նրան իր մոտ է հրավիրում։ Մինչ ուշ երեկո զրուցում են և իշխանը հրամայում է վանահորը կառքով հասցնել վանք, որը բավականին հեռու էր գտնվում։ Երբ իշխանի նստավայրից մի փոքր հեռանում են, կառապանը, վանահոր հնամաշ հագուկապին նայելով, արհամարհանքով ասում է․ «Վանակա՛ն, դու ամբողջ օրը պարապ ես, իսկ ես աշխատում եմ և շատ եմ հոգնել, ուստի թող ես կառքի մեջ քնեմ, իսկ դու նստիր ձիու վրա»։ Խոնարհ վանահայրը լուռ համաձայնում է, չնայած որ կարող էր բարկանալ և հայտնել իր ով լինելը։ Կառապանը միանգամից քնում է, իսկ վանահայրը ողջ գիշեր առանց դադարի քշում է կառքը։ Երբ քունը շատ էր տանում, իջնում էր և ձիու սանձը բռնած քայլում, իսկ երբ ոտքերն էին հոգնում, կրկին հեծնում էր։ Երբ լույսը սկսվում է բացվել, ճանապարհին տարբեր ազնվականների կառքեր են սկսում հանդիպել Աստծու այրին և մարդիկ իջնելով իրենց կառքերից, հարգալից խոնարհվում են նրան։ Վանահայրն էլ, կառապանին հնարավոր անախորժություններից ազատելու համար, վերջապես որոշում է արթնացնել նրան։ Ինչպիսի զարմանք է ապրում կառապանը, երբ տեսնում է, թե ինչպես անվանի ու մեծահարուստ մարդիկ խոնարհվում են այդ «պարզ վանականի» առջև։ Աստիճանաբար նա սկսում է հասկանալ, որ իր «ուղևորն» ամենևին էլ հասարակ մարդ չէ և սկսում է տագնապել՝ մտածելով, թե ինչ պատժի են արժանացնելու իրեն այդ արարքի համար։ Սակայն վանահայրն իր վերջնականորեն շփոթված ուղեկցին նախ ճաշի է հրավիրում և ապա զանազան ընծաներով ճանապարհում տուն, այդպիսով ոչ միայն չհանդիմանելով վերջինիս, այլև իր բարի վերաբերմունքով ազատում է վախից ու անհանգստությունից։ Ահա այսպիսի խրատ-պատմություն, սիրելի՛ հավատացյալներ, որը մտորելու և ճիշտ եզրահանգումներ անելու առիթ թող հանդիսանա ձեզ համար։ Իսկ ես խոսքս ավարտեմ Դավթի սաղմոսի տողերով․
Բաժինս դո՛ւ ես, Տե՛ր, ասացի որ օրենքիդ պիտի հետևեմ:
Ամբողջ սրտովս աղոթեցի քո դիմաց, ողորմի՛ր ինձ ըստ քո խոստման:
Իմ ճանապարհի մասին խորհեցի, և քայլերս դեպի քո պատվիրանները շրջեցի:
Պատրաստվեցի և չվախեցա պահել քո պատվիրանները։
Մեղքի ցանցերը պատեցին ինձ, բայց քո օրենքը ես չմոռացա:
Դա՛ եղավ կյանքիս ուղին, քանզի քո արդարությունը փնտրեցի (118։56-61)․ ամեն
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան