Ոմանք պատմեցին, թե հայր Պիմենն ու նրա եղբայրները առագաստապարաններ էին գործում և չէին կարողանում վաճառել. և նեղվում էին, որովհետև փող չէին գտնում կտավ գնելու համար, իսկ նրանց մտերիմ մեկը ոմն հավատացյալ վաճառականի պատմեց իրավիճակը: Հայր Պիմենը ոչ մեկից ոչինչ չէր կամենում վերցնել` խաղաղությունը պահելու համար: Իսկ վաճառականը, կամենալով օժանդակել ծերերի գործին, պատճառաբանեց, թե իրեն պետք են առագաստապարանները և ուղտերը բերելով` վերցրեց պարանները: Եվ այն եղբայրը, գալով Պիմենի մոտ և լսելով, թե ինչ արեց վաճառականը, գովեց նրան և ասաց. «Իսկապես, հա՛յր, կարիքը չունենալով՝ նա վերցրեց մեզնից առագաստապարանները»: Հայր Պիմենը լսելով, թե առանց անհրաժեշտության վերցրեց վաճառականը պարանները, իր եղբորն ասաց. «Ե՛կ ուղտ վարձի՛ր և այստեղ բե՛ր պարանները: Եթե չբերես, Պիմենն այստեղ ձեզ հետ չի բնակվի, որովհետև ես չեմ զրկի մարդուն, որին դրանք պետք չեն, ինչո՞ւ նա վնաս կրի ինձ համար, որ ես օգուտ ստանամ»: Եվ նրա եղբայրը գնաց և մեծ դժվարությամբ բերեց պարանները` կասկածելով, թե գուցե ծերը գնա իրենց մոտից: Եվ երբ Պիմենը տեսավ պարանները, խնդություն ապրեց, կարծես թե մեծ գանձ էր գտել:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016