Աստծուն և ընկերոջը սիրելու մասին

Մի քաղաքում ապրում էր ոմն Մեկրիստոն, և մի ոմն քաղա­քացի կնքելով՝ պահ տվեց նրան հինգ հարյուր դահեկան և ասաց. «Պահի՛ր այս և քիչ առ քիչ կտաս ինձ` որքան որ հարկավոր լինի»: Իսկ այդ պահին, երբ պահ էր տալիս, այնտեղ ոչ ոք չկար, այլ միայն քաղաքի իշխաններից մեկը հեռվից տեսնում և լսում էր, թե ինչ էր ասում, երբ հանձնում էր գանձը, իսկ նրանք նրան չէին տեսնում: Երբ մի քանի օր անց ոսկու տիրոջը ինչ­որ բան պետք եղավ, Մեկրիստո­նեին ասաց. «Տո՛ւր իմ ոսկուց քսան դահեկան, քանզի պետք է ինձ»: Իսկ նա, քանի որ վստահ էր, որ ոչ ոք չի տեսել, վկա էլ չունի, ուրա­ցավ և ասաց. «Ո՞ր ոսկուց տամ, որովհետև ո՛չ գիտեմ, ո՛չ երբևէ լսել եմ քեզնից, ո՛չ էլ դու երբևէ որևէ բան ես տվել ինձ»: Եվ այս մարդը ոչինչ չկարողացավ անել: Սակայն երբ տրտմած դուրս եկավ այնտե­ղից, պատահեց նրան այն իշխանը և նրան ասաց. «Ինչո՞ւ ես այդպես տրտմած»: Եվ այս մարդը նրան ասաց իր տրտմության պատճառը: Իշխանը նրան ասաց. «Ստո՞ւյգ տվել ես նրան գանձը»: Եվ նա ասաց. «Արդարև տվել եմ»: Իսկ իշխանն ասաց. «Նրան կասես` ե՛կ երդվիր և հավատացրո՛ւ ինձ սուրբ Անդրեաս եկեղեցում, և դա բավական է ինձ» (որովհետև այնտեղ մոտ էր սուրբ Անդրեաս առաքյալի տաճա­րը): Գնաց այս մարդը և ասաց այդ, և երբ գանձը վերցնողը մտավ տաճար, որպեսզի երդվի, այդժամ իշխանը գանձատուին ասաց. «Ես ինչ որ կանեմ` չերկնչես և ոչինչ չասես»: Եվ իշխանը, մերկ մտնելով տաճար, սկսեց մոլեգնել՝ ինչպես դիվահար, գոռում էր ու մոլեգնում սաստիկ, ապա բռնելով այդ մարդուն` մինչ նա կամենում էր երդվել, բազմության առաջ գոչեց և ասաց. «Սուրբ Անդրեասն ասում է. «Տո՛ւր սրան իր գանձը»»: Իսկ Մեկրիստոնեն սոսկալով վախեցավ հույժ, քա­նի որ այն իշխանը զորեղ մարդ էր: Եվ խոստովանելով ասաց. «Ես եմ պահել գանձը և հիմա կտամ, բա՛ց թող»: Եվ նա բաց թողեց: Այն­ ժամ բերելով այն` տվեց տիրոջը: Եվ դիվահարն ասաց ոսկու տիրոջը. «Դի՛ր վեց դահեկան սեղանի վրա. սուրբ Անդրեասն է ասում»: Եվ նա ուրախությամբ դրեց և վերցնելով իր փողը` գնաց: Իսկ իշխանը, հագ­նելով իր հանդերձները, պայծառացած շրջում էր քաղաքում, և երբ եկավ այնտեղ, ուր այն Մեկրիստոնեն էր, վերջինս սկսեց վախեցած նայել նրան: Իսկ իշխանն ասաց. «Հավատա՛ ինձ, ես, Աստծո շնոր­հոք, դիվահար չեմ, այլ` երբ նա ոսկին քեզ էր տալիս, ես իմ աչքով տեսա: Եվ մինչ դու ուրանում էիր և կամենում էիր երդվել, հնարեցի այդ, որպեսզի ինձ չասեիր. «Դո՛ւ ես միակ սուտ վկան», նաև արեցի այդ, որպեսզի չկորչեր քո հոգին և ոչ էլ նրա ունեցվածքը` անիրա­վությամբ»: Ահա իշխանը գործով ցույց տվեց, թե ինչ է՝ անձը դնել ընկերոջ համար, քանզի այլոց շահի համար մոռացավ իր պատվակա­նությունը ի փառս Աստծո:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

23.10.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․