Մարտի 3-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, սոցիալական ծրագրի շրջանակներում, օգնության ձեռք մեկնեց Մարտիրոսյան բազմազավակ կարիքավոր ընտանիքին: Եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հովհաննիսյան Դիանային (40տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Կարիքավոր ընտանիքը բնակվում է Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի 59/51 հասցեում: «Ամուսինս երկրորդ խմբի հաշմանդամ է և ի վիճակի չէ աշխատելու, միայն ամուսնուս եղբայրն է աշխատում, ով բնակվում է մեզ հետ և փորձում է հնարավորինս օգնել մեր ընտանիքին: Իսկ ամուսնուս հիվանդության թոշակի և ընտանեկան նպաստի գումարները չեն բավարարում անգամ մեր ընտանիքի նվազագույն կարիքները հոգալու համար»,- ասաց հինգ անչափահաս որդիների մայրը: Դիանան իր երախտագիտությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին և աջակից անձին՝ երկրորդ անգամ իրենց ընտանիքին աջակից լինելու համար:
Մեծ պահքի շրջանում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին իր զավակներին հորդորում է գտնվել աստվածահաճո պահեցողության մեջ, որի մասին Տերը Եսայի մարգարեի շուրթերով ասել է. «Քաղցածների՛ն բաժանիր քո հացը, եթե մերկ մարդ տեսնես՝ հագցրու նրան, բայց քո զավակին մի՛ անտեսիր: Այն ժամանակ այգաբացի պես պիտի ծավալվի քո լույսը և արագորեն պիտի հասնի քո ապաքինությունը» (Եսայի 58:7-9):
Այս պատգամում նկարագրված է պահքի ներքին կողմը, դրա ճշմարիտ և բարոյական էությունը, որ կայանում է արդարության, սիրո և ողորմածության գործերով: Աստվածահաճո պահքի հիմքը՝ մեղքի դեմ պայքարն է և ողորմած գտնվելը մեր նմանի հանդեպ:
Կարինե Սուգիկյան