26 Նոյեմբեր, Գշ
- Հա՛յր, մի բան պատմեք սուրբ Աստվածածնի մասին:
- Ի՞նչ պատմեմ: Ինձ դժվարին կացության մեջ եք դնում: Աստվածածնի մասին խոսելու համար, պետք է ճանաչել նրան:
- Հա՛յր, իսկ Տիրամոր անունը Քրիստոսի անվան պես հոգևոր զորություն ունի՞:
- Այո: Ով պատվում է Աստվածամորը, բավական է միայն նրա անունը լսի՝ միանգամից վերափոխվում է: Կամ, եթե այն որևէ տեղ գրված է տեսնում, ապա երկյուղածորեն համբուրում է, իսկ սիրտն այդ ժամանակ խնդությամբ թրթռում է: Կարող է ողջ Պատարագն անցկացնել՝ ամենասուրբ Աստվածամոր անունն անդադար կրկնելով: Իսկ Աստվածածնի սրբապատկերը համբուրելիս այնպիսի զգացողություն ունի, որ ոչ թե սրբապատկերի առջև է խոնարհվում, այլ հենց Տիրամոր, և նրա հանդեպ տածած սիրուց նվաղում է:
- Հա՛յր, պատմեք, թե ինչպես Թինոս կղզի գնացիք՝ Աստվածածնի սրբապատկերին խոնարհվելու:
- Ի՞նչ պատմեմ: Այդքան փոքրիկ սրբապատկեր է և այդպիսի շնորհ ունի: Չէի կարողանում պոկ գալ: Մի կողմ քաշվեցի, որպեսզի մյուսներին էլ թույլ տամ մոտենալ:
- Հա՛յր, ոմանք գայթակղվում են այն ընծաներից, որ մարդիկ թողնում են Աստվածամոր հրաշագործ պատկերների առջև:
- Պատմեմ, թե մի անգամ ինչ պատահեց մի պարզ ու առաքինի ուխտավորի: Նա Իվերոն գնաց՝ Ամենասուրբ Աստվածածնի՝ «Դարպասներ պահող» սրբապատկերին խոնարհվելու: Այդ սրբապատկերից բազմաթիվ դրամներ են կախված: Ստավրոնիկիտայի վանք վերադառնալիս մտածում էր. «Սո՛ւրբ Աստվածածին, կուզենայի քեզ այլ կերպ տեսնել՝ հասարակ, առանց դրամների»: Եվ ահա, թե ինչ պատահեց նրան: Նա հանկարծ ուժեղ ցավ զգաց, աչքերի առջև շրջանակներ հայտնվեցին և չկարողանալով ճանապարհը շարունակել՝ նա ճամփի մեջտեղը նստեց: Սկսեց Աստվածածնից օգնություն խնդրել. «Սո՛ւրբ Աստվածածին, օգնի՛ր ինձ և ես քեզ երկու դրամ կընծայեմ»: Այդ պահին Աստվածամայրը հայտնվում է նրան ու ասում. «Այսպես են հայտնվել սրբապատկերի վրայի դրամները: Մի՞թե դրանք ինձ հարկավոր են: Մի՞թե ես եմ դրանք խնդրել»: Եվ ցավն անմիջապես անցնում է: Տեսնո՞ւմ եք, այդ մարդը բարի տրամադրվածություն, զորեղ հավատ ուներ, և Աստվածածինը նրան օգնեց: Երբեմն, երբ ուզում եմ խցումս Աստվածածնին աղոթել, մտածում եմ. «Դատարկ ձեռքով ինչպե՞ս նրա մոտ գնամ՝ ինչ-որ բան խնդրելու»: Դաշտային ծաղիկներ եմ հավաքում, տանում եմ նրա սրբապատկերի մոտ ու ասում. «Սո՛ւրբ Տիրամայր, ընդունի՛ր այս ծաղիկները քո պարտեզից»: Նախքան Աթոս գալը, լսել էի, որ այն «Աստվածամոր վիճակ» են կոչում, և ակնկալում էի այնտեղ ծաղիկներ, մրգատու ծառեր և այլն տեսնել: Իսկ երբ եկա ու վայրի շագանակենիներն ու մորենիները տեսա, հասկացա, որ այն հոգևոր պարտեզ է: Հետագայում զգացի նաև սուրբ Աստվածածնի ներկայությունն իր պարտեզում:
- Հա՛յր, իսկ ես ինչպե՞ս զգամ նրա ներկայությունը, որպեսզի սիրտս ջերմանա:
- Եթե դու Քրիստոսի վսեմաշուք մոր անունն ես կրում, ով շնորհի միջոցով նաև համայն մարդկության մայրն է, ապա մշտապես նրա անունը կանչիր՝ այսպես ասելով. «Սո՛ւրբ Աստվածամայր, քո համաձայնությամբ ես քո անունն եմ կրում, արդ օգնի՛ր ինձ ապրել այնպես, ինչպես հաճո է քեզ: Ուրիշները միայն քո անունը լսելով՝ գորովանքով են լցվում, իսկ ես ի՞նչ եմ անում»: Թող որ Աստվածածինը մշտապես քեզ հետ լինի՝ իր հրեշտակային թևերով ծածկելով քեզ ինչպես ձագուկի:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը