Աստվածաշնչական դեմքերից դասեր. Եսթեր թագուհի

Եսթերի գիրքը Հին կտակարանի գրքերից է: Գրքում խոսվում է հրեա ազգի փրկության մասին, որն իրագործվեց Եսթեր թագուհու միջոցով: Առաքինություններով զարդարված թագուհի Եսթերը եզակի անձնավորություն է Աստվածաշնչում:  

Այս հոդվածի նպատակն է Եսթերի գրքի միջոցով ակնարկ նետել Եսթեր թագուհու կյանքին՝ իմանալու համար նրա ունեցած առաքինությունները, որպեսզի այդ բոլորից դուրս հանենք հոգեմտավոր դասեր:

Եսթերը պատվավոր աղջիկ էր: Արտաշես (եբր.՝ Ախամվերոշ) թագավորի հրամանով նշանակվեցին պաշտոնյաներ, որոնք բոլոր երկրներում գեղեցիկ արտաքինով կույս աղջիկներ ընտրեցին, որպեսզի նրանց միջից այն աղջիկը, որ հաճելի կլինի թագավորին, դառնա նրա կինը՝ թագուհի (Եսթ. 2 – Նոր Էջմիածին թարգմանություն): Եսթերն այդ կույս աղջիկների խմբում էր։ Նա պատվավոր երիտասարդուհի էր:

Եսթերը գեղեգիկ աղջիկ էր: Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եսթերը գեղեցիկ էր թե՛ արտաքինով՝ մարմնով, և թե՛ դեմքով. «Աղջիկը (Եսթեր) գեղեցիկ էր արտաքինով և գեղեցիկ՝ դեմքով» (Եսթ. 2:7 – Նոր Արարատ թարգմանություն):

Եսթերը շնորհալի աղջիկ էր: Եսթերը շնորհալի աղջիկ էր․

  1. Նա շնորհ գտավ թագավորի պալատի կանանց պահապան Հեգեիի մոտ, մինչև իսկ վերջինս. «Շուտով նրան  (Եսթերին) տվեց մաքրության համար պետք եղած օծանելիքները, նրա ռոճիկն ու այն յոթ աղախիններին, որ նշանակվել էին նրան տրվելու թագավորական պալատից։ Նրան և նրա աղախիններին փոխադրեց կանանց պալատի լավագույն տեղը» (Եսթ. 2:9 – Նոր Արարատ թարգմանություն),
  2. Նա շնորհ գտավ մարդկանց մոտ. «Եսթերն արժանանում էր բոլոր նրանց բարեհաճությանը, ովքեր թեկուզ մեկ անգամ տեսնում էին նրան» (Եսթ. 2:15 – Նոր էջմիածին թարգմանություն),
  3. Նա շնորհ գտավ թագավորի մոտ. «Եսթերը շատ հաճելի թվաց արքային, բոլոր կանանցից ավելի շնորհի արժանացավ...» (Եսթ. 2:17 – Նոր Էջմիածին թարգմանություն): 

Եսթերը հնազանդ ազգական էր: Եսթերը հնազանդ էր իր հորեղբոր տղային՝ Մուրթքեին: Մուրթքեի թելադրմամբ նա պալատում չհայտնեց իր ազգությունը․ «Եսթերը չհայտնեց իր ազգությունը և հայրենիքը, քանի որ Մուրթքեն նրան պատվիրել էր այդ մասին լռել» (Եսթ. 2:10 - Նոր Էջմիածին թարգմանություն):

Եսթերը հավատարիմ կին էր: Թագավորի երկու ներքինիները (եբր.՝ Բիգտան և Տերեշ), որոնք արքունիքի գլխավոր պահապանապետներն էին, նախանձելով Մուրթքեի պատվական դիրքին, ցանկացան սպանել թագավորին: Եսթերը Մուրթքեից իմացավ այդ սատանայական ծրագրի մասին, ուստի անմիջապես մահափորձի մասին զգուշացրեց իր ամուսնուն, որը կախաղան հանեց այդ մարդկանց (Եսթ. 2:21 – 23 –  Նոր Էջմիածին թարգմանություն): Կարելի է ասել, որ Եսթերը փրկեց իր ամուսնու կյանքը:

Եսթերը գթասիրտ ազգական էր: Մուրթքեն նեղացավ, քուրձ հագավ և իր գլխին մոխիր ցանեց, երբ լսեց Արտաշես թացավորի կողմից հրեաներին սպանելու հրովարտակը (Եսթ. 13 – Նոր Էջմիածին թարգմանություն): Եսթերի քնքուշ սիրտը չհանդուրժեց Մուրթքեի հոգեմտավոր տխուր վիճակը, ուստի մարդ ուղարկեց, որպեսզի նրանից հանեն հագած քուրձը և հագցնեն պատմուճան (Եսթ. 4:4 – Նոր Էջմիածին թարգմանություն): 

Եսթերը ստուգող ղեկավարուհի էր: Եսթերը հարյուր տոկոս չհավատաց իր ներքինիների պատմածին, որ հրեաների բնաջնջման մասին ծրագիր կա, մինչև որ իր ներքինու՝ Առնաթևի միջոցով չստուգեց այդ լուրը անձամբ Մուրթքեից. «Եսթերը կանչեց իր Առնաթև ներքինուն, որը միշտ իր մոտ էր լինում, և ուղարկեց, որպեսզի Մուրթքեից ստուգի, թե իրոք այդպես է» (Եսթ. 4:5 – Նոր Էջմիածին թարգմանություն):

Եսթերն աստվածասեր թագուհի էր: Եսթերի աստվածասիրությունը երևաց, երբ․

  1. Նա ծոմ պահեց և խնդրեց Մուրթքեից, որ հավաքի Սիսիս քաղաքում ապրող հրեաներին, նրանց հորդորի ծոմ պահել իր հետ, որպեսզի առանց հրավերի մտնի թագավորի մոտ և չպատժվի, որովհետ այն ժամանակ օրենք կար. «Եթե որևէ այր կամ կին առանց կանչվելու մտնի թագավորի մոտ՝ ներքին սենյակը, չի փրկվի, բացի նրանից, ում արքան իր ոսկե գավազանը երկարի» (Եսթ. 15:6 – Նոր Էջմիածին թարգմանություն),
  2. Նա դժվար ճգնաժամում չհեռացավ Աստծուց, այլ բազմաթիվ խնդրանքներով ու աղոթքներով դիմեց Նրան: Վկայեց, որ Աստված է իր միակ օգնականը (Եսթ. 14:3 – Նոր Էջմիածին թարգմանություն),
  3. Նա իր աղոթքներում ընդունեց Երկնքի ու Երկրի Ստեղծչին, որպես Տեր և Թագավոր, Թագավորների Թագավոր և Տերերի Տեր (Եսթ. 14:3, 12 – Նոր Էջմիածին թարգմանություն),
  4. Նա օրհնաբանեց Աստծուն՝ ասելով. «Աստվա՛ծ Աբրահամի, Աստվա՛ծ Իսահակի և Աստվա՛ծ Հակոբի, օրհնյա՜լ ես դու հավիտյան» (Եսթ. 14:5 – Նոր Էջմիածին թարգմանություն),
  5. Նա խոստովանեց՝ ասելով. «Եվ արդ, Տե՛ր, այժմ մենք մեղանչեցինք քո առաջ, և մեզ մատնեցիր մեր թշնամիների ձեռքը այն բանի համար, որ մենք փառավորեցինք նրանց աստվածներին. արդար ես դու, Տե՛ր»  (Եսթ. 14:6 – 7 – Նոր Էջմիածին թարգմանություն),
  6. Նա խնդրեց Աստծուն, որ իրեն տա համարձակություն և իմաստություն՝ համոզիչ խոսքեր, որպեսզի մտնի թագավորի մոտ և շնորհ գտնի նրա առաջ (Եսթ. 14:12 – 13 – Նոր Էջմիածին թարգմանություն),
  7. Նա միշտ ուրախացավ Տիրոջով. «Քո աղախինը (Եսթերը) թագավորի մոտ մտնելու օրից մինչև հիմա միայն Քեզնով (Աստծով) է ուրախացել, Տե՛ր, Տե՛ր, Աստվա՛ծ Աբրահամի» (Եսթ. 14:18 – Նոր Էջմիածին թարգմանություն):

Եսթերը նուրբ կին էր: Եսթերը նուրբ աղջիկ էր, նրա սիրտը սոսկում էր վախից, նախքան մտնելը թագավորի մոտ: Եսթերն ընկճվեց, փոխեց իր գույնը, թալկացավ և ընկավ իրեն ուղեկցող նաժիշտի վրա, երբ տեսավ թագավորի երեսը, որ ճառագայթում էր փառքից (Եսթ. 15:8, 10 – Նոր Էջմիածին թարգմանություն):

Եսթերն իմաստուն կողակից էր: Եսթերի իմաստությունը տեսնում ենք, երբ նա՝ 1.  ամենայն հարգանքով էր խոսում իր ամուսնու հետ, 2. երկու անգամ թագավորին և Համանին հրավիրեց խնջույքի, որի ավարտին հայտնեց թագավորին Համանի չար լինելը (Եսթ. 5:4 – 8, 7:1 – 6 – Նոր Էջմիածին թարգմանություն):

Եսթերը վստահելի կին էր: Եսթերը մեծ վստահություն ուներ թագավորի մոտ, որովհետև նա ասաց իրեն. «Արդ, գրի՛ր դու (Ով, Եսթեր) իմ խոսքով ու հրամանով, ինչպես ցանկանում ես, և կնքի՛ր իմ մատանիով. ինչ որ գրես, իմ արքայական հրամանը կլինի, որպեսզի ոչ ոք այդ հրամաններին չընդդիմանա» (Եսթ. 8:8– Նոր Էջմիածին թարգմանություն): Եսթերի նախաձեռնությամբ հրովարտակ գրվեց հարյուր քսան երկրների կուսակալներին, որպեսզի հրեաները ողջ և անարատ մնան իրենց օրենքներով բոլոր քաղաքներում (Եսթ. 8:7 – 12 – Նոր Էջմիածին թարգմանություն):

Եսթեր թագուհու կյանքից դասեր: Եսթեր թագուհու կյանքից կարելի է քաղել հետևյալ հոգեմտավոր դասերը․

  1. մեր ամենօրյա կյանքը շաղախվի աստվածասիրությամբ. «Պիտի սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մատթ. 22:37),
  2. չհուսահատվենք, չտկարանանք երբ դիմագրավենք զանազան տեսակի դժվարություններ: Ծնկի գանք Աստծու առաջ, աղոթենք, արտասվենք, և աղաչենք Նրան, որ օգնի մեզ: Միշտ հիշենք, որ դժվարությունները ինչքա՛ն էլ ահավոր լինեն, մենք մենակ չենք, որովհետև երկնքում ունենք Աստված, 
  3. հիշենք, որ աստվածասիրությունը չի հակասում ազգասիրության, ինչպես կարծում են որոշ կրոնական կազմակերպություններ: Տես «Աստվածասիրությո՞ւն, թե՞ հայրենասիրություն» հոդվածը, որ հրապարակվեց Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կայքէջում 13.07.22-ին,
  4. աշխատենք իմաստությամբ խոսել մարդկանց հետ, խոհեմ ծրագրեր մշակենք և գործադրենք, 
  5. ընդունենք, որ որոշ լուրեր՝ տեղեկություններ, կարիք ունեն ստուգման,
  6. աշխատենք մնայուն պահել մարդկանց վստահությունը մեր անձերի նկատմամբ,
  7. գթասրտությունը լինի մեր կյանքի սկզբունքներից մեկը,
  8. հիշենք, որ ներքին գեղեցկությունը արտաքինից ավելի վեհ է,
  9. աշխատենք ապրել աստվածահաճո կյանքով, որպեսզի շնորհ գտնենք մարդկանց մոտ։

 

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

21.05.25
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․