26 Նոյեմբեր, Գշ
Ամեն անգամ սրբերի մասին լսելիս մենք նկատում ենք, որ նրանք բոլորովին ուրիշ մարդիկ են և բավականին շատ են տարբերվում մեզանից կամ մեզ ծանոթ մարդկանցից: Շատ դեպքերում նույնիսկ մեզ անհասկանալի են թվում նրանց այս կամ այն արարքները, և մենք գիտակցում ենք, որ նրանց տեղը լինելու դեպքում մենք երևի այլ կերպ կվարվեինք: Բայց նրանք այդպես էին վարվում, որովհետև տեսնում էին Աստծուն: «Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք տեսնել Աստծուն,- երևի կհարցնեք դուք,- որպեսզի կարողանանք սրբերի պես լինել»: Քրիստոս մի գեղեցիկ խոսք է ասում. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի Արքայությունը չեք մտնի» (Մատթ. 18.3): Մտնել Արքայություն նշանակում է նաև տեսնել Աստծուն հոգևոր տեսողությամբ, սրտի իմանալի աչքելով, ինչպես ապաշխարության գեղեցիկ շարականն է ասում. «Բացելու մեր սրտերի իմանալի աչքերը` նայելու Քո լույսին, Քրիստոս»: Գուցե մեր վերոնշյալ մտածելակերպի պատճառն այն է, որ մենք վաղուց արդեն դադարել ենք մանուկներ լինելուց: Ի՞նչ էինք երազում մենք, երբ մանուկներ էինք` կամ դառնալ բժիշկ, որպեսզի մարդկանց փրկենք, կամ օդաչու` երկնքի կապույտի մեջ սավառնելու համար, կամ հեքիաթների արքայադստերը փրկող արքայազն, և կամ էլ արքայազնին սպասող հեքիաթային արքայադուստր: Մի ժամանակ մենք աշխարհին նայում էինք անմեղ, սիրով և հույսով լի, անկեղծ և պարզ ու վճիտ աչքերով: Մինչդեռ այսօր որքա՜ն նյութական և ինչ-որ առումով էլ մեղավոր են դարձել մեր երազանքները: Եվ սրանով մենք կարծես թե վարակել ենք նույնիսկ մեր երեխաներին, որոնց երազանքներն այսօր առավելապես կապված են նյութական և դրամական ձեռքբերումների հետ: Մենք ցավով կարող ենք նկատել, որ այսօր նույնիսկ մեր մանուկները դադարել են մանուկ լինելուց: Չափազանցվա՞ծ եք համարում նման կարծիքը: Այո, գուցե և դուք ճիշտ եք: Բայց ցավն այն է, որ նույնիսկ այս չափազանցության մեջ մեծ տեղ է գրավում ճշմարտությունը: Եվ այս ամենն իմանալով՝ մենք հասկանում ենք, թե որքան ենք հեռացել ինքներս մեզանից: Հետևաբար, մենք պետք է վերադառնանք դեպի մեզ, որպեսզի տեսնենք Աստծուն:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից