Գրքեր

ԱՍՏՎԱԾԱԾԻՆԸ ՄԵՐ ՀՈԳԵՎՈՐ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ՄԵՐ ԱՂՈԹՔՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԸ ԸՆԴՈՒՆՈՂԸ

Մեր հայրերը գրեթե ամենքն էլ մեծ ակնածությամբ ու պատկառանքով են արտահայտվել Տիրամոր մասին, անվանելով նրան` Աթո՛ռ փրկության, Աղբյու՛ր անսպառ լույսի, Անապական կույս և Անապական տաճար, Առաքելություն կատարյալ և հարյուրավորներ են այն սքանչելի բնորոշումները, որ տրվել են Տիրամորը: Հայտնի է, որ ողջ հավատացյալ մարդկության համար Տիրամայրը ամենամեծ սուրբն է և մեծ սրբերը իրենց հերթին նրա բարեխոսություններով են առավել արժանավորվել Քրիստոս Տիրոջը մոտենալ և առավել պայծառանալ: 
Հայերս Տիրամորն ենք պարտական մեր ազգային ընդհանուր դարձի համար էլ, քանի որ մեր ազգային ընդհանուր դարձն եղավ Հռիփսիմյան կույսերի Հայաստան գալու և նրանց այստեղ նահատակվելու շնորհիվ: Իսկ Հռիփսիմյան կույսերին Տիրամայրն էր, որ տեսիլքի մեջ երևալով պատվիրեց ու ասաց. կգնաք Հայաստա՛ն: «Մեզ համար (Հայոց աշխարհում) լույս ծագեց, (կանանց) միջոցով, որոնցով որ մեղքն էր աշխարհ եկել... որովհետև Աստծո համար ամեն ինչ հնարավոր է», Հռիփսիմյան կույսերի առաքելության և նրանց Հայաստան ուղարկող Աստվածածնի մասին գրեց Երանելի այր Խորենացին։
Եվ երախտապարտ հայ ժողովուրդը բազմաթիվ սքանչելի երգեր և շարականներ ձոնեց սրբուհի մայր Աստվածածնին. գրեթե անհնար է ժողովրդի մեջ առանց արցունքի լսել այդ գերահրաշ երգերը, մանավանդ, երբ անկեղծ սրտով են կատարվում: 
Տիրամայրը հայ քրիստոնյայի նեղության ժամին առաջին օգնության հասնողն է ու մխիթարողը, ժողովրդական լեզվով ասած. «մեր հոգևոր շտապ օգնությունն է», մեր աղոթքի հեռախոսազանգը առաջինն ընդունողը, ասես մշտապես սպասելիս լիներ մեր դիմում խնդրանքին և մեծ մասամբ անպատասխան չի թողնում: Այդ բանի համար ենք նեղության ժամին առաջինը դիմում նրան: Եվ Նա պատասխանում է մեզ մխիթարող հոգածություններ գործադրելով, մի բան, որի մասին բազմաթիվ վկայություններ կան թե հայ և թե միջազգային իրականության մեջ: 
Հայ քրիստոնյայներիս համար Տիրամայրը Հայոց մխիթարության Մայրն է ու սրբության սկիզբ վստահարանը, սրբություն, որ ակնածության մղելով խոնարհեցնում է մանուկներիս` մեր Տիրոջ` Քրիստոսի կատարելության և Հայր Աստծո առաջ: 
Մեր խոսքը շարունակենք Մեսրոպ Վարդապետի (Մաշտոցի) շարականից մեկ իմաստուն հատվածով.
«Բարեգութ ծնող, լսելի արա Որդուդ ականջին, իմ՝ քո ծառայի պաղատանքները, և ինձ համար էլ աղերսիր նրան, զի ամենայն ինչ, որ դու կամենաս, կարող ես և քեզ՝ Աստծուց երբևէ մերժում չի լինում: Քո միջոցով էր, որ երկնի Աստված մեզ Հայր անվանվեց և Աստվածորդին երկրում երևաց, շրջեց մարդկանց մեջ, ճանաչեցրեց Սուրբ Հոգուն և մենք Նրա սրբությամբ մաքրագործվեցինք»: 
Պարզապես սքանչելի է` հստակ, ամիջական մտքով, հար և նույնը Եղիսաբեթի աղաղակին, որ Սուրբ Հոգով լցվելով ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո որովայնի պտուղը»: 
Եթե ուշադիր լինենք` ամեն ազնվական ծնունդ է Տիրամորով սկսվում և մենք մկրտվելով Տիրամորն ենք որդեգրվում, որ ինչպես գրկանոց մանուկ Հիսուսին, մեզ ևս գրկում, սկսում է հոգևորապես սնել ու մեծացնել: Այդ մասին իսկ Տիրամայրն ինքն է իր միջազգային երևումներից մեկի ժամանակ է ասել: Մեջբերենք. 
«Կանչում եմ երեխաներին, նրանց, ովքեր իրապես հավատարիմ են ինձ, ովքեր իրենք իրենց հանձնել են ինձ, որպեսզի իրենց առաջնորդեմ դեպի իմ աստվածային Որդին, նրա՛նց, որոնք իմ գրկում, իմ ձեռքերում են մեծանում, և իմ հոգովս են ապրել»։ 
Այս երևման կոչը վերջին ժամանակներում հոգով եռալու և Նեռին ընդդեմ լինելու մասին է, այսինքն` մեր ժամանակների մասին, քանի որ 666 նշանակիր գազանն արդեն պատմականորեն է գտնվում աշխարհում: 
Սուրբ Գրիգոր Նարեկացին Տիրամորը նվիրած ադամանդակուռ առանձին ներբողից բացի, իր Ողբերգության Մատյանում մեր խիստ նեղությունների ժամին Տիրամոր ապավինությանը դիմելու առանձին բաժին ունի` երեք աղոթքներով: Մեջբերենք այդ սքանչելի, կենդանարար աղոթքներից մեկը, որ պատշաճ զգացինք մեր հերթին ինքներս էլ թարգմանել` ողջ մատյանով հանդերձ.

ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ՈՒՂՂՎԱԾ ԱՍՏԾՈՒՆ
ԲԱՆ Ձ
Քո բազկատարած սուրբ աղոթքներով օժանդակի՜ր ինձ, Դո՛ւ խոստովանված Մա՛յր կենդանության։ Երբ այս աշխարհի հովիտից դուրս ելնեմ, այնպե՜ս արա, որ առանց լլկանքի իմ մուտքը լինի Երկնային կյանք, Որդուդ պատրաստած օթևաններում։ Որպեսզի ես էլ, որ ծանրաբեռն եմ մեծ հանցանքներով, իմ վախճանի մեջ ծանր բեռներիցս այլևս ազատվե՜մ։ Տագնապի օրս Դո՛ւ այլափոխիր ցնծության տոնի, Դու որ բուժեցի՛ր երկունքն Եվայի։ Արդ բարեխոսի՜ր, խնդրի՜ր, աղաչի՜ր, որովհետև աննկարագրելի մաքրությանդ համար, հավատում եմ, թե՝ խոսքդ կընդունվի։ Վտանգվա՛ծ եմ ես... Քո արցունքներո՜վ հասիր օգնության, ո՜վ Դու Գովյալդ բոլոր կանանց մեջ, ծնրադի՜ր խնդրիր, որ հաշտությունս նորոգվի Հոր հետ, ո՜վ ծնողդ Աստծո։ Հոգածո՜ւ եղիր թշվառիս հանդեպ՝ Բարձրյալի՜ Խորան։ Մեծ դաժանությամբ այսքան ընկածիս սո՛ւրբ Ձեռքդ մեկնիր, Տաճա՜ր Երկնային: Արդ փառավորի՜ր Քեզնով քո Որդուն, որ Աստվածորեն ինձ համար էլ իր ողորմությունը և Քավությունն իմ հրաշագործի, ո՜վ Դու Աղախին և Մա՜յրդ Աստծո։

«ՕՐՀՆՅԱ՜Լ ԵՍ ԴՈՒ ԿԱՆԱՆՑ ՄԵՋ»
«ՕՐՀՆՅԱ՜Լ ԵՍ ԴՈՒ ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԵՎ ՕՐՀՆՅԱ՜Լ Է ՔՈ ՈՐՈՎԱՅՆԻ ՊՏՈՒՂԸ»: (Ավետարան ըստ Ղուկասի, 1:42): Մարիամ Կույսի համար աղաղակեց Սուրբ Հոգով լցված Եղիսաբեթը, որ պիտի ծներ Հովհաննես Մկրտչին:

«Եվ Մարիամն ասաց. «...այսուհետև բոլոր սերունդները ինձ երանի կտան...» (Ղուկաս, 1:46-48):

Եվ եթե աղանդներում Մարիամին չեն օրհնում, ինչպես Եղիսաբեթը, ինչպես մենք` առաքելականներս, և երանի չեն տալիս, ինչպես բոլոր սերունդները, ինչպես մենք` առաքելականներս, ապա, երիցս անկարելի է, որ այդ վարմունքը լինի Սուրբ Հոգու առաջնորդությունից, քանի որ գրված է. «Սուրբ Հոգին Ինքն Իրեն երբևէ հակառակ չի լինում»: 
Սակայն որպեսզի Մարիամը ծնվեր և նրանից Քրիստոս, նախորդող արժանի սերունդների մասին Քրիստոսի ծննդաբանության մեջ կարդում ենք. «Արդ, Աբրահամից մինչև Դավիթ բոլոր սերունդները՝ տասնչորս սերունդ. և Դավթից մինչև Բաբելոնի մեջ գերությունը՝ տասնչորս սերունդ. Բաբելոնի մեջ գերությունից մինչև Քրիստոս՝ տասնչորս սերունդ» (Ավետարան ըստ Մատթեոսի 1:17): Հավատի և աստվածպաշտության ամենակատարյալ քառասուներկու սերնդի պտուղն եղավ Աստվածամայրը: Եվ Աստված նախ ծնեց երկրորդ, արդեն արժանավոր Եվային, որից միայն ծնեց Երկրորդ, արդեն անարատ Ադամին, մեր ամենքի Տիրոջն ու Փրկչին:

ՀԻՍՈՒՍ ԼՍՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԷՐ ՄՈՐ ԽՆԴՐԱՆՔՆԵՐԸ

Որովհետև Հիսուսի մարդեղությունը Մարիամ Կույսով էր: Եվ Մարիամը իրենով իսկ Հիսուսին փոխանցեց Դավիթ արքայի հոգևոր ողջ ժառանգությունը: Եվ մոր կողմից մարդ Հիսուս այդ ժառանգությամբ էր ասում. «Ես Դավիթ արքայի Որդին եմ»: Եվ շատ բաներ, որ Հիսուս որպես Աստված «դեռ ժամանակը չէ» ասելով` չէր կամենում անել, սակայն Իր գերազանց մոր մարդկային խղճմտանքին տեղի տալով` իրականացնում էր, ինչպես, օրինակ, Կանա քաղաքի հարսանիքում, ուր գինին չբավարարեց, և Հիսուս մոր ոչ թե խնդրանքով, այլ նրա պատվերով ջուրը գինու վերածեց. «Այս առաջին նշանն էր, որ Հիսուս արեց Գալիլիայի Կանա քաղաքում որպես սկիզբը նշանների և հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան» (Ավետարան ըստ Հովհաննեսի, 2:11):
Ինչպես տեսնում ենք հարսանքատերերը անհարմար վիճակի մեջ էին հայտնվել, քանի որ գինին վերջացել էր: Եվ Տիրամայրը ո՛չ թե խնդրեց իր Որդուն, այլ պահանջեց, թե` «գինի չունեն»: Եվ թեպետ Հիսուս պատճառաբանեց. «Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել», սակայն մայրը վստահ էր, որ Որդին իրեն չի մերժի, ուստիև, առանց Հիսուսից համաձայնության խոսք առնելու, մայրական երկրորդ պահանջն է առաջադրում` սպասավորներին դիմելու միջոցով. «Ինչ որ ձեզ ասի, արե՛ք»: Եվ Հիսուս հրամայեց ջուր լցնել վեց կարասները, որոնցից յուրաքանչյուրը հարյուր լիտրանոց էր, և ջուրը կարասների մեջ ընտիր գինի դարձավ: 
«Ի՞նչ ես ուզում ինձնից, ո՛վ կին, իմ ժամանակը դեռ չի հասել» խոսքից կարելի է տրամաբանել, որ շատ անգամներ էր մոր հուշումով Հիսուս մխիթարել, օգնել նեղության մեջ ընկած մարդկանց` և այս ահռելի հրաշքը աշակերտների համար թեպետ առաջին անգամն էր, որ տեսան, բայց Որդու հրաշագործելը առաջին անգամը չէր մոր համար: Որովհետև մայրը քաջատեղյակ էր, որ իր Աստված Որդու համար անհնար բան չէր եղել և չկար: Եթե ոչ, չէ՛ր միջնորդի օգնել: 
Տիրամոր բարեխոս միջնորդությունը այսօր էլ կա և կարող է լինել յուրաքանչյուր արժանավորի խնդրանքով` նույն զորությամբ, ինչպես Կանայի հարսանիքի ժամանակ: Միայն թե հարկ եղած չափի հավատ ունենալ է պետք: Աստծո եկեղեցիներում Տիրամոր բարեխոսությանը դիմելը առաջնակարգ տեղ ունի բոլոր ժամանակներում:

 

Մաքսիմ Ոսկանյանի «Զրույցներ» գրքույկից

 

11.08.16
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․