Պատմեց հայրերից մեկը, թե խցերից մեկում մի աշխատասեր ծեր կար, որի հագին արմավատերևից հյուսված զգեստ էր: Նա գնաց հայր Ամոնի մոտ, իսկ վերջինս տեսնելով ծերին այդպես հագնված` նրան ասաց. «Դա քեզ չի պաշտպանի. անօգուտ է»: Իսկ ծերը հարցրեց նրան և ասաց. «Հա՛յր, երեք խորհուրդներ են խռովեցնում ինձ. կամենում եմ գնալ և հանապազ շրջել անապատում, կամ` գնալ օտար տեղ, ուր ոչ ոք չի ճանաչում ինձ, կամ էլ` փակվել խուղի մեջ և ոչ ոքի չտեսնել, և ուտել օրումեջ»: Ամոնը նրան ասաց. «Այդ երեքից ոչ մեկն էլ չես կարող անել, այլ գնա՛, նստի՛ր քո խցում, ամեն օր կե՛ր քիչքիչ և ամեն ժամ մտաբերի՛ր մաքսավորի խոսքերը (Ղուկ. ԺԸ 10-14) և կկարողանաս ապրել»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016