25 Նոյեմբեր, Բշ
Միաբանության մեջ մի հայր կար՝ ազնվագույն վարքով և բոլոր ճգնությունների մեջ՝ կատարյալ, մանավանդ` խոնարհության, սիրո և հանդարտության, ողորմած էր, անհիշաչար և սիրառատ ամենքի հանդեպ: Նա ամեն ժամ և ամեն օր խնդրում էր Աստծուն և ասում. «Տեսնում եմ` որքան մեղավոր եմ, սակայն քո գթությանն ու ողորմու թյանն եմ ապավինում, որ Քո ողորմության շնորհիվ կփրկվեմ, ինչի համար և խնդրում եմ Քո ողորմած բարերարությունը: Տե՛ր, ինձ մի՛ հեռացրու քո ճանապարհներից այժմ և հավիտյանս, այլ ինձ հետ նաև մյուսներին արժանացրո՛ւ քո Արքայությանը՝ ըստ քո բազումողորմ գթության»: Եվ ճգնում էր ամեն օր` այս աղոթքն անելով, և մարդասերն Աստված կատարում էր նրա հայցվածներն՝ ըստ հետևյալ օրինակի: Մի օր սրբերի հիշատակը կատարելու համար վանականները գնում էին մեկ այլ վանք, և այս հորը նույնպես կանչեցին, սակայն նա հրաժարվեց: Տեսիլքի մեջ ձայն եկավ նրան. «Գնա՛, բայց սկզբում քո աշակերտների՛ն ուղարկիր, հետո դու մենա՛կ գնա»: Իսկ մեծատունը, որ մեզ համար աղքատացավ` Քրիստոս` մեր ճշմարիտ Աստվածը, որ ամեն ինչով եղավ ամենքի պես, որպեսզի ամենքին ապրեցնի, ընդունեց տառապյալ հիվանդի կերպարանք և նստեց ճանապարհի մեջտեղում: Եկան նրա աշակերտները ըստ հոր հրահանգի, տեսան նրան, որ կուրծքն էր ծեծում, հարցրին պատճառը, և նա ասաց. «Հիվանդ եմ, և իմ ուղեկիցները բերեցին ինձ մինչև այստեղ, և չունեմ մեկը, որ վերցնի ինձ»: Եվ այն հոր աշակերտներն ասացին նրան. «Մենք ինչպե՞ս վերցնենք քեզ, երբ ինքներս ոտքով ենք գնում»: Եվ թողեցին նրան ու գնացին: Քիչ անց եկավ և հայրը, գտավ անկյալին, որ հեծում էր, իմացավ պատճառը և ասաց. «Ինձանից առաջ կրոնավորներ չեկա՞ն և քեզ չտեսա՞ն»: Եվ նա ասաց. «Այո՛, սակայն իմացան պատճառը և գնացին` ասելով. «Մենք ոտքով ենք գնում, ի՞նչ կարող ենք անել քեզ»»: Աբբան նրան ասաց. «Կարո՞ղ ես փոքրփոքր ոտնաքայլերով առաջ շարժվել»: Նա ասաց. «Չեմ կարող»: Եվ ծերը նրան ասաց. «Արի՛ քեզ շալակեմ, Աստված կօգնի, և կգնանք»: Իսկ նա ասաց. «Դու ինքդ ծեր լինելով՝ ինչպե՞ս կարող ես ինձ շալակել: Ավելի լավ է՝ դու գնաս և ինձ համար աղոթք անես»: Ծերն ասաց. «Երբե՛ք քեզ չեմ թողնի այստեղ այսպես տկարացած. այլ արի բարձրացի՛ր այս քարի վրա, ես քեզ կշալակեմ, և ընթացքում կօգնի մեզ Քրիստոս»: Եվ բարձրացնելով նրան` շալակեց: Սկզբում հիվանդը ծանր թվաց, բայց այնուհետև սկսեց թեթևանալ, և որքան առաջանում էին, այնքան ավելի թեթև էր դառնում: Ընթանում էր ծերը և զարմանում` չգիտենալով, որ իր ուսերի վրա ինքը կրում է Նրան, Ով բոլորին է կրում իր ուսերին: Եվ հանկարծակի նրա շալակած հիվանդը անհայտացավ և ասաց աբբային. «Դո՛ւ, որ աղաչում էիր ինձ քո աշակերտների համար, որպես զի քեզ հետ միասին նրանք էլ արժանանան երկնքի Արքայությանը, այժմ տե՛ս, որ այլ է քո չափը, և այլ է նրանց չափը: Այնպե՛ս արա, որ նրանք էլ ունենան քո վարքն ու վաստակը, և կկատարվի քո խնդրանքը, քանզի արդար դատավոր եմ և յուրաքանչյուրին տալիս եմ ըստ իր գործերի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016