«Աստվածային ուրախությունը գալիս է տալով»

Դեկտեմբերի 29-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Ռուզաննային (41տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր համայնքի անդամ Սուսաննա Մարտիրոսյանը: Հարությունյան բազմազավակ ընտանիքը վարձակալությամբ բնակվում է Արարատի մարզի, Եղեգնավան գյուղի 4-րդ տ. հասցեում: Վեց զավակների հայրը, աշխատանք չունենալու պատճառով, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Բայց արդեն երկու ամիս է ի վիճակի չէ աշխատելու. աշխատանքի ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով աչքերը վնասել է, վիրահատության է ենթարկվել, մի աչքի տեսողությունն այժմ 20 % է կազմում, իսկ մյուս աչքն ընդհանրապես չի տեսնում: Ընտանիքի մայրը՝ Ռուզաննան, իր զավակների հետ դժվար կացության մեջ է հայտնվել. երբեմն, որևէ մեկի տանն աշխատանք լինելու դեպքում, իր երեքամյա փոքրիկի խնամքը թողնում է աղջիկներին, որպեսզի տղաների հետ աշխատանքի գնա: «Ավագ որդիներս սովորում են Վարդաշենի թիվ 1 գիշերօթիկ դպրոցում: Նրանք հաճախակի բացակայում են դասերից, որպեսզի ինձ օգնեն աշխատանքի մեջ: Հունվար ամսից մեզ ընտանեկան նպաստ կտրամադրեն, որն ինչ-որ չափով կօգնի լուծելու մեր խնդիրները: Շնորհակալ եմ աջակից անձին, որ օգնության ձեռք մեկնեց իմ ընտանիքին»,- ասաց Ռուզաննան:

Հոգևոր ուրախությունն Աստծո համար հաճելի է և ցանկալի: Աստվածաշունչը լի է ուրախությամբ ապրելու կոչերով. «Աստծո Արքայությունն ուտելիք կամ ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն՝ Ս. Հոգուց տրված»,- ասում է Պողոս առաքյալը (Հռոմ. 14:17): Ուրախ լինելու պատգամի մասին կարդում ենք. «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, նորից ասում եմ՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպ. 4:4):

«Սերն ինքնին գոյություն է, իսկ ուրախությունը բխում է Սիրուց: Մեկը մի իր է վերցնում, որն իրեն նվիրել են, և ուրախանում է այդ իրով: Մյուսն ամեն ինչ է տալիս և ուրախանում ամեն ինչի համար: Այն ուրախությունը, որը մարդ զգում է, երբ վերցնում է, մարդկային ուրախություն է: Իսկ այն ուրախությունը, որը մարդ զգում է, երբ տալիս է, աստվածային ուրախություն է: Աստվածային ուրախությունը գալիս է տալով»,- ասել է Հայր Պաիսիոս Աթոսացին:

 

Կարինե Սուգիկյան

29.12.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․