28 Նոյեմբեր, Եշ
Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որ կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց` սաղմոսներով, օրհներգություններով, հոգևոր երգերով և երախտագիտությամբ ձեր սրտերում օրհնելով Աստծուն (Կող. Գ 16)։
Աստվածասիրությունը Գրքից է ծնվում մարդու մեջ: Աղոթքների և արտասուքների, պահքի և ողորմության, խոնարհության ու սիրո հանդեպ սերը Գրքից է ծագում մարդկանց մտքում: Արիության ու համբերության, հուսո և երկյուղի ու բոլոր բարեգործությունների պատճառը մեզանում Սուրբ Գիրքը մաքուր մտքով կարդալուց է: Նաև օրենքների, կանոնների և բոլոր բարեկարգությունների պատճառն ու հաստատությունն աշխարհում Գիրքն է:
Այլև մեռոնի, խաչի և Եկեղեցու օրհնությունը, քահանայական ձեռնադրությունը, թագավորական օծումը և քրիստոնեական պատարագի բաշխումն ըստ Սուրբ Գրքի ենք կատարում: Նաև քրիստոնեական հավատն ու մկրտությունը, օրինավոր ամուսնությունը, մահն ու կյանքը, հանդերձյալ կյանքի ծանոթությունը, երկնքի արքայության մասին տեղեկությունն ու աստվածճանաչողությունը և ամեն ինչի սկիզբն ու վախճանը մենք Գրքից ենք իմանում: Եվ չկա որևէ հոգևոր գործառություն կամ բարեկարգություն, որ առանց Գրքի լինի (Խոսրով Անձևացի):
Կատարյալ քրիստոնյայի բովանդակ կյանքը նման է սրբազան հանդեսի. նրա զոհաբերությունները աղոթքներն են, նրա աստվածպաշտությունը` Աստվածաշնչի ընթերցանությունը... Քաջատեղյակ լինելով Սուրբ Գրքին և ծերության մեջ էլ ընթերցելով այն` նա ապրում է` լիովին հնազանդվելով Ավետարանին... Նրա բովանդակ կյանքը ոչ այլ ինչ է, քան ուսում և գործեր` հիմնված Տիրոջ վարդապետության վրա (Կղեմես Աղեքսանդրացի):
* Աստվածպաշտություն ասելով հասկանում ենք եկեղեցում հոգևորականների ձեռամբ և ժողովրդի մասնակցությամբ մատուցվող սրբազան արարողությունների ու խորհրդակատարությունների ընդհանրական և հավատացյալի` պահքով, աղոթքով, ողորմությամբ ու բարեպաշտությամբ արտահայտվող առանձնական կարգերը` ուղղված Աստծուն պաշտելուն և Նրա ամենասուրբ կամքը կատարելուն: Առանձնական աստվածպաշտության մեջ մանավանդ կարևոր է Սուրբ Գրքի հանապազ ընթերցանությունը, որը հավատացյալի սրբազան պարտականությունն է, նրա բովանդակ հոգևոր կյանքի օրհնաբեր աղբյուրը:
Գրիգոր Դարբինյան
«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից