Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, մշտական իր աջակցությունն է ցուցաբերում նաև սիրիահայ համայնքի կարիքավոր ընտանիքներին: Հերթական անգամ՝ հունվարի 17-ին, եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սիրիահայ համայնքից Պետիքաշյան Աստղիկին (52 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Նարեկ Կարապետյանը: Աստղիկն իր ամուսնու՝ Պետրոսյան Հովսեփի (62 տ.) և աղջկա՝ Պետրոսյան Մեղեդիի (22 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Շինարարներ 23/7 հասցեում: Պետրոսյան ընտանիքը երեք տարի է, ինչ Սիրիայից տեղափոխվել է Հայաստան: «Երկու ամիս է, որ ամուսինս չի աշխատում և աշխատանք է փնտրում: Առողջական խնդիրներ ունենալով հանդերձ՝ աշխատում եմ, և իմ ու աղջկաս վաստակած նվազագույն աշխատավարձերով կարողանում ենք միայն մեր նվազագույն կարիքները հոգալ»,- ասաց Աստղիկը և իր գոհունակությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձին՝ իր ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար:
Ողորմությունը օգնության շտապող և գթասիրտ սրտից բխող սեր է, որ ձգտում է աստվածնամության: Սուրբ Գրքի վկայությամբ՝ այս առաքինությունն է կազմում Աստծո էությունը՝ Տերը համբերատար է, ողորմած և ճշմարիտ (Թվեր 14:18), և Աստված Ինքն է Իրեն անվանում ողորմած՝ Տեր Աստված եմ, գթացող և ողորմած, համբերատար, բարեգութ և ճշմարիտ (Ելք 34:6): Եկեղեցու հայրաբանության գանձարանը բազմիցս է հորդորում ողորմած լինելու: Հորդորներից մեկն ասում է. «Ավելի դյուրին ի՞նչ արվեստ կա, քան՝ ողորմությունը, որով սրբվում են մեղքերը: Արդարև, երբ խոստովանես և ողորմություն տաս ու հավատաս, կսրբվես մեղքերիցդ և կարդարանաս» (Սահակ Պարթև):
Կարինե Սուգիկյան