Ավետում. կինն արժանացավ Աստծո մեծագույն շնորհին

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Աստվածամորը նվիրված յոթ տոներից Ավետումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը նշում է ապրիլի 7-ին: Ողջ քրիստոնյա աշխարհի համար կարևորագույն մի տոն. ավետվեց աշխարհի Փրկչի ծննդյան ավետիսը: Մարիամը, Աստվածամայր դառնալով, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի խոսքով, իր անձի մեջ խտացրեց մայրության բարձրագույն արտահայտությունը՝ իր կերպարում վեհագույն ձևով դրսևորելով կնոջ դերը: Աստծու Որդին մարդեղացավ, ծնվեց Ս. Կույս Մարիամ Աստվածածնից, և այդուհետ կինն արժանացավ Աստծու մեծագույն շնորհին (Ղուկ. 1:26-38):

Ապրիլի 7-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում տոնական Ս. Պատարագ մատուցվեց, որին ներկա էին նաև ապագա մայրերը: Օրն առանձնահատուկ էր նրանց համար, քանի որ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ, տարիներ առաջ Ավետման տոնը հռչակվել է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Պատարագիչը՝ Տեր Վահան քահանա Առաքելյանը, նախքան քարոզը շնորհավորեց կանանց և աղջիկներին, նրանց փոխանցելով ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը, և մաղթեց, որ Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ արժանանան Տիրոջ օրհնությանը՝ ապրելով խաղաղ և երջանիկ օրեր: Իսկ քարոզին Տեր Հայրը մասնավորաբար ասաց. «Ավետման տոնը մեզ համար բերկրանքի առիթ է: Մենք ուրախությամբ և ցնծությամբ շնորհավորում ենք միմյանց, ինչպես որ բերկրանք և ուրախություն է ենթադրում Աստծու Որդու ծննդյան ավետիսը: Ցնծություն, որ համակում է յուրաքանչյուրիս, քանի որ յուրաքանչյուրիս համար է Աստծու մարդեղացումը, յուրաքանչյուրիս է վերաբերում և յուրաքանչյուրիս է փրկություն ավետում: Տիրամոր բարեխոսությանը ապավինելով՝ մենք ոչ միայն ապրում ենք մեր կյանքը ներկայում, այսօր, այս պահին, այլ նաև փորձում ենք կառուցել մեր ապագայի տեսիլքը: Ուրեմն՝ խնդրենք Աստվածամոր բարեխոսությունը, որպեսզի միշտ կարողանանք հաղթահարել ամեն տեսակի փորձություն մեր կյանքում և փաստենք մեր հավատքն առ Աստված, ընթանանք մեր կյանքի ճանապարհը՝ մեզ հանձնելով Աստծու նախախնամությանը, վստահ լինելով, որ խոնարհության ու հնազանդության հետևից գալու է երկնային փառքը, որին արժանացավ Փրկչի մայրը»:

Ս. Պատարագի ավարտին հոգևոր դասի և խաչքավոր Ֆրանկյան ընտանիքի կողմից եկեղեցում ներկա կանանց ու աղջիկներին վարդեր բաժանվեցին, որը, ինչպես նշեց Տեր Վահանը, տոնի առթիվ, Տիրամոր բարեխոսությամբ և օրհնությամբ, մայրերի ու քույրերի հանդեպ սիրո, հարգանքի և հավատքի առհավատչյան արտահայտող մի մասունք է: Այս գեղեցիկ սովորությունն արդեն երրորդ տարին է, որ կյանքի է կոչվել եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ: Տոնի առթիվ կանայք ու աղջիկները նաև աղոթագիրք նվեր ստացան, որ հրատարակվել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի նախաձեռնությամբ ու աշխատասիրությամբ և եկեղեցու ծխական խորհրդի անդամ Սոնա Աբելյանի մեկենասությամբ՝ ի հիշատակ իր մայրիկի՝ Լինա Իսրայելյանի: Իսկ եկեղեցու երիտասարդաց միության աղջիկներին բաժանվեցին Տիրամոր պատկերով կուլոններ:

Ավետումն Ս. Մարիամ Աստվածածնի տոնը հոգևոր ուրախությամբ և ջերմությամբ էր համակել բոլորին: Աստվածամայրը՝ որպես աստվածային շնորհներով լեցուն մոր կերպար, դարձավ Աստծու «կենդանի տաճարը» և «լուսավոր ամպը, որից կյանքի ցողը թափվեց բանական երկրի վրա»:

 

Կարինե Սուգիկյան

07.04.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․