26 Նոյեմբեր, Գշ
Վարդանանց և այլ հերոսամարտեր կերտած հայի հերոսական ոգին այսօր էլ շարունակում է ապրել: Այդ ոգով ներշնչված մեր քաջարի զինվորները Հայոց նոր գոյապայքարում, թշնամու դեմ համառ դիմադրություն ցույց տալով, խիզախորեն մարտնչեցին՝ պաշտպանելով հայրենիքն ու ազատ ապրելու իրավունքը: Հայոց մեծ զորավար Գարեգին Նժդեհն ասել է. «Նա, ով ընդունում է Աստծու գոյությունը՝ ընդունում է նաև իր պարտականությունը հանդեպ գերագույն իրականությունների՝ ազգի, հայրենիքի և պետության»: Հայրենիքի շենացման սրբազան գործին լծված յուրաքանչյուր հայորդի պարտք ու պատասխանատվություն ունի ոչ միայն հայրենիքի, այլ նաև՝ հայրենյաց պաշտպան՝ հայ զինվորի հանդեպ:
Երախտագիտության, պարտքի ու պատասխանատվության զգացումն էր, որ կյանքի կոչեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերից հերթականը: Սոցիալական ծրագրերի մշտական աջակից, ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի աջակցությամբ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը դեկտեմբերի 23-ին այցելեց Արմավիրի մարզում բնակվող, պատերազմի ժամանակ վիրավորում ստացած չորս ժամկետային զինծառայողների ընտանիքներին՝ որպես երախտագիտություն նրանցից յուրաքանչյուրին հանձնելով երեք կուբամետր վառելափայտ և դրամական աջակցություն: Տեր Հայրը նախ այցելեց զինծառայող Շմավոն Մուրադյանի (20 տ.) ընտանիքին, որ բնակվում է Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի 1-ին փ., 2-րդ նրբ., 6 տ. հասցեում, ապա Լեռնամերձ գյուղում բնակվող Սուրեն Թեջոնայի (20 տ.) և Նարեկ (18 տ.) ու Գրիշա (20 տ.) Սաֆարյանների ընտանիքիներին, որ բնակվում են գյուղի 8-րդ տ. և 44-րդ տ. հասցեներում: Զինծառայողներից միայն Սուրեն Թեջոյանն է, որ ապաքինվել է և անցել զինծառայության, իսկ մյուս զինծառայողները դեռ բուժման մեջ են: Տեր Հայրն իր երախտագիտությունը հայտնեց հերոս զինվորների ընտանիքիներին՝ քաջարի ու հայրենասեր զավակներ դաստիարակելու համար և վիրավորներին մաղթեց շուտափույթ ապաքինում:
«Ժողովուրդն առանց հայրենասիրության նույնն է, ինչ մարմինն առանց հոգու: Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ ու կործանվում դրանց պակասից»,- ասել է հայրենանվեր ու հայրենասեր զորավար Գարեգին Նժդեհը: Նա, իր բացահայտած ճշմարտություններից մեկի համաձայն, հետևյալ հարցն է հնչեցրել և պատասխանել՝ ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մեր ժողովրդի ապագան՝ նայիր նրա երիտասարդությանը… Հայրենապաշտական դաստիարակություն՝ ահա մեր «փրկության խարիսխը»:
Կարինե Սուգիկյան