13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Այսօր եթե Նրա ձայնը լսեք, մի՛ կարծրացրեք ձեր սրտերը» (Եբրայեցիներ 4:7):
Սիրելի՛ հավատացյալ հայորդիներ. Այսօրվա ավետարանական ընթերցվածքը նշանի հայցման մասին է, երբ օրենսգետներն ու փարիսեցիները Քրիստոսից նշան էին հայցում՝ իբրև թե Նրան հավատալու համար: Քրիստոս նրանց ասաց. «Չար և շնացող ազգը նշան է փնտրում, այլ նշան չի տրվի նրան, բայց միայն Հովնան մարգարեի նշանը, որովհետև ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր կետի փորի մեջ էր, նույնպես և մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր» (Մատթեոս 12:39, 40): Մեր Տերն այդ ժամանակ խոսում էր Իր հարության մասին, որը նույնպես ոչինչ չփոխեց հրեա ազգի մեջ, հատկապես փարիսեցիների ու քահանաների մեջ: Աստծո Որդին մարմնացավ և մարդացավ, ապրեց նրանց մեջ և քարոզեց, բժշկություններ և հրաշքներ գործեց, խաչվեց, թաղվեց և հարություն առավ, սակայն կրկին ոչինչ չփոխվեց հրեաների հոգիներում և մտքերում, քանի որ նրանք առ այսօր սպասում են իրենց մեսիային: Հիշում ե՞ք, երբ Հովհաննես Մկրտիչը բանտում էր, իր աշակերտներին ուղարկեց Քրիստոսի մոտ հարցնելու. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք» (Մատթեոս 11:3): Հիսուս հասկացավ և օգնեց նրանց ճշմարտությունը խաբեությունից զանազանել. «Գնացեք պատմեցե՛ք Հովհաննեսին, ինչ որ դուք լսեցիք և տեսաք. կույրերը տեսնում են, կաղերը քայլում, բորոտները մաքրվում, խուլերը լսում, մեռելները հառնում և աղքատներին քարոզվում է Ավետարանը: Եվ երանի՜ նրան, ով Իմ պատճառով չի գայթակղվում» (Մատթեոս 11:4-6): Ինչպես տեսնում ենք, Հովհաննեսի հարցը չի հարուցում Տիրոջ բարկությունը, այլ հակառակը, Նա ուղղորդում է աշակերտներին, օգնում է հասկանալու և հավատալու Իրեն, որ իսկապես Աստծո Որդին է. «Ծառն իր պտղից է ճանաչվում» (Մատթեոս 12:33): Քրիստոս նրանց ուշադրությունը հրավիրում է Իր գործերի վրա: Նա երբեք և ոչ մի պարագայում մարդկային մեղանչական սայթաքումներ չունեցավ: Իբրև մարդ քաղց զգաց, հաց կերավ, լաց եղավ, սակայն երբևէ մեղք չգործեց և դա էլ ուսուցանեց: Նրա թե՛ վարդապետությունը, թե՛ հրաշքներն ու բժշկությունները, խաչելությունն ու հարությունը մեկ նպատակ էին հետապնդում՝ մարդու փրկությունը: Նրա խոսքերն ու գործերը չէին հակասում իրար: Նրա Ավետարանը քարոզվել և առ այսօր քարոզվում է ողջ աշխարհում: Նա ինքնակոչ սուտ մարգարե չէ, այլ Ճշմարիտ Աստծո Որդին: Քրիստոս՝ մեր Տերը, մերժում է հրաշքներ և նշաններ ցույց տալ, որովհետև գիտեր նրանց սրտերը: Նա անթերի մարդ է և կատարյալ Աստված, սակայն Նրան հավատալ չցանկացան այն մարդիկ, որոնք իրենց համարում էին Աստծու օրենքի գիտակները, որոնք շատ լավ գիտեին մարգարեների և օրենքների գրքերը, սակայն այնպես կույր էին, որ չէին տեսնում, որ իրենց առջև կանգնած է այն Մեսիան, որի մասին նրանք դարեր շարունակ երազում էին, որ պետք է գա և փրկություն բերի իրենց համար: Հիսուս նրանց ի պատասխան ասում է. «Նինվեի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դեմ պիտի դուրս գան և դատապարտեն նրան, քանի որ նրանք Հովնանի քարոզությամբ ապաշխարեցին. և ահավասիկ այստեղ Հովնանից մեծը կա: Հարավի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գա այս ազգի դեմ և պիտի դատապարտի նրան, որովհետև նա երկրի ծագերից եկավ լսելու Սողոմոնի իմաստությունը. և ահա այստեղ Սողոմոնից մեծը կա» (Մատթեոս 12:41, 42): Փարիսեցիներն ու օրենսգետները մշտապես քննողաբար և մերժողաբար մոտեցան Աստծո Մարդացյալ Բանին՝ հոգու աչքերի կուրությամբ չտեսնելով, չհավատալով և չընդունելով Հիսուս Քրիստոսին՝ ողջ աշխարհի Փրկչին: Մի անգամ էլ նրանք հարցրին Հիսուսին, թե ինչ իշխանությամբ է անում: Տերը մերժեց նրանց պատասխանել, քանի որ տեսավ նրանց խորամանկությունը, անազնվությունը, անարդարությունը: Մինչդեռ Նա գովում և դրվատում էր Իրեն փնտրողների ու Իր Աստվածային Զորությանը հավատացողների հավատքն ու համառությունը: Երկու հակադիր բանակ, մեկը՝ Աստծուն հավատացող, մյուսը՝ մերժող, մեկը Աստծուն հետևում էր սովորելու և փրկվելու համար, մյուսը ցանկանում էր ոչնչացնել Նրան՝ որպես «Աստծուն հայհոյողի»:
Մարդը բոլոր ժամանակներում նշան է պահանջել Աստծուց, որպեսզի հավատա Նրան: Սիրելինե՛ր, բոլոր դարերում մարդիկ կանգնած են ընտրության առջև: Մենք ինքներս էլ պիտի ընտրենք Աստծուն հետևողների՞ բանակում ենք, թե՞ մերժողների: Բազմաթիվ մարդիկ շարունակում են նշաններ և հրաշքներ պահանջել Աստծուն հավատալու համար: Այսօր՝ 21-րդ դարում, գիտության և տեխնիկայի զարգացմանը անվերապահորեն հավատացող մարդիկ կան, որոնք բացառում են Աստծո գոյությունը: Մարդիկ նախընտրում են հավատալ միայն իրենց աչքի տեսածին և ոչ այն բանին, որ տիեզերքում ամեն ինչ, այդ թվում և իրենք, Աստծո արարչագործության պտուղն են: Օրենսգետներն ու փարիսեցիները, որոնք իմացության, գիտության և իմաստության՝ իրենց ժամանակի տիպարներն էին, չկարողացան «սրտի մտոք» ընդունել Հիսուս Քրիստոսին՝ իբրև սպասված Մեսիա, իբրև իրենց ազգի և ողջ մարդկության փրկություն, իբրև Աստծո Որդի: Հիսուս Քրիստոս նրանց համարում է իրենց հայրերի արժանի զավակները. «Մարգարեների շիրիմներն եք շինում և արդարների գերեզմաններն եք զարդարում ու ասում եք. «Եթե մենք մեր հայրերի օրոք լինեինք, մարգարեների սպանությանը մասնակից չեինք լինի»: Ապա ուրեմն դուք ինքներդ ձեր մասին վկայում եք, թե որդիներն եք նրանց, որոնք կոտորում էին մարգարեներին: Ուրեմն դուք էլ լրացրե՛ք ձեր հայրերի արածը» (Մատթեոս 23:29-32):
Սիրելինե՛ր, եկեք մենք մեր կենսակերպով, հավատքով, գործերով լինենք ոչ թե փարիսեցիներ, կեղծավոր օրենսգետներ, այլ մոգերի հավատքով գնանք որոնելու «հրեաների արքային», որոնց գիտությունը առաջնորդեց նրանց դեպի Ճշմարիտ Աստված: Կամ լինենք Քրիստոսին հետևող այն հավատացյալներից, որոնք մեղավոր լինելով հանդերձ չխուսափեցին Հիսուսին փնտրելուց և Նրա ողորմությունը, բժշկությունը իրենց համար խնդրելուց, նրանք անվերապահ հավատով հետևեցին Նրան և համառորեն հայցեցին Նրա գթությունը, որովհետև Նա Բարի է և Ներող, Բարեգութ և Ողորմած, և մեզ սիրելով է, որ աշխարհ եկավ: Մեզ հարկավոր է «հոժարակամությամբ» հնազանդվել Նրան, ինչպես ասում են եկեղեցու հայրերը, այլ ոչ թե քննողաբար: Մեզ հարկավոր է լուսնոտ երեխայի հոր պես ասել Տիրոջը. «Հավատում եմ, օգնի՛ր իմ անհավատությանը» (Մարկոս 9:23), որպեսզի անհնազանդության պատճառով Աստվածային հանգստից զուրկ չմնանք, ինչպես հորդորում է Պողոս առաքյալը եբրայեցիներին՝ Դավիթ թագավորի խոսքերը հիշեցնելով նրանց. «Այսօր եթե Նրա ձայնը լսեք, մի՛ կարծացրեք ձեր սրտերը» (Եբրայեցիներ 4:7)
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան