Սեպտեմբերի 19-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը հերթական անգամ աջակցեց սիրիահայ կարիքավոր ընտանիքի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը դրամական օգնություն (50 000 դրամ) հանձնեց Սարգիս Աշտոքենյանին (59 տ.), որ տրամադրել էին համայնքի հինգ երիտասարդ ընկերներ: Սարգիսն իր կնոջ, աղջկա, փեսայի և երեք թոռնիկերի հետ հինգ տարի է, ինչ Սիրիայից եկել է Հայաստան: Աշտոքենյան ընտանիքը վարձակալությամբ է բնակվում Երվանդ Քոչար 17 հասցեում: «Չորս տարի առաջ երիտասարդ տղաս ավտովթարից մահացավ, և ծանր ապրումներից կինս շաքարային դիաբետով հիվանդացավ: Դժվար է այստեղ կեցության և մյուս խնդիրները լուծել, աղջիկս և փեսաս են միայն աշխատում, բայց փեսաս էլ մշտական աշխատանք չունի: Շուտով կծնվի չորրորդ թոռնիկս: Տարբեր կազմակերպությունների կողմից ժամանակ առ ժամանակ մեզ օգնություն է տրվում, բայց խնդիները կլուծվեին եթե մշտական աշխատանք ունենայինք»,- ասաց Սարգիսը: Աշտոքենյան ընտանիքի հայրն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և աջակից անձանց:
Եթե անհավատի համար ժամանակը մահվան նախադուռն է, ապա քրիստոնյայի համար ժամանակն աստվածային մեծ պարգև է և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն ու նախապատրաստություն հավիտենական կյանքի: Եկեղեցին, բացահայտելով ժամանակի գաղտնիքը, ազդարարում է, որ Աստված արարել է ժամանակը՝ որպես կարևորագույն ընտրության մի ընթացք, որով որոշվում է մարդկության գոյության կարևորագույն հարցը՝ Աստծով՝ հավիտենական երանելի կյանք, թե առանց Աստծո՝ հավիտենական տանջանք: Ժամանակը հնարավորություն է փոփոխության և աստվածնմանության: Այդ մասին Սողոմոն Իմաստունն ասել է. «Այն ամենը, ինչ քո ձեռքից կգա անելու, արա՛ քո կարողության չափով, որովհետև գերեզմանի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն և ո՛չ էլ իմաստություն» (Ժողովող 9:10):
Կարինե Սուգիկյան