26 Նոյեմբեր, Գշ
Եկեղեցական համայնքային կյանքը, որին կոչված է յուրաքանչյուր քրիստոնյա, անդադար ծառայություն է Աստծուն և մարդուն: Այդ ծառայությունն իրագործվում է տարբեր կերպերով. «Ձեզնից յուրաքանչյուրը, որպես Աստծո բազմատեսակ պարգևների իսկական տնտես, թող իր ստացած շնորհը մատակարարի ուրիշներին» (Ա Պետ. 4:10): Ս. Պողոս առաքյալն էլ նշում է, որ Սուրբ Հոգին յուրաքանչյուրին, ինչպես Ինքն է կամենում, պարգև է շնորհում (Ա Կորնթ. 12:8-11): Եկեղեցու համայնքի անդամները՝ Սուրբ Հոգու շնորհներով զորացած, հոգևոր սպասավորների գլխավորությամբ, կյանքի են կոչում սոցիալական ծառայություններ, որոնք սիրո ծառայություններ են և որոնց շնորհիվ իրենք հնարավորություն են ունենում՝ իրենց հավատը գործով արտահայտելու:
Դեկտեմբերի 11-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, համայնքի Տիգրանյան ընտանիքի կողմից Ալիսա Քեշիշյանին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ): Ալիսան իր ամուսնու, սկեսուրի և չորս զավակների հետ բնակվում է Արմավիրի մարզի գյուղ Հայթաղի Չարենցի 17 տ. հասցեում: Ալիսան և իր ամուսինը 3-րդ խմբի հաշմանդամ են և ի վիճակի չեն աշխատելու, իսկ նրանց չորս զավակներից Գրիգորը (21 տ.) 1-ին խմբի հաշմանդամ է և տառապում է մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) հիվանդությամբ: «Փորձում ենք մեր կարիքները հոգալ մեզ տրամադրվող ընտանեկան նպաստի և հաշմանդամության գումարներով»,- ասաց Ալիսան և շնորհակալություն հայտնեց աջակից Տիգրանյան ընտանիքին:
Եկեղեցու հայրերից Ս. Գրիգոր Աստվածաբանն ասել է. «Այդպես և նա, ով ունի երկրային հարստություն, օգնում է կարիքի մեջ հայտնված իր մերձավորին, ով ուսուցման պարգև ունի, իր խոսքով ցրում է մերձավորի անգիտության խավարը, ով ժամանակավոր իշխանություն ունի, կեղեքվածներին պաշտպանում է կեղեքիչներից, ով ստացել է բժշկության շնորհ, իր շնորհը խոնարհաբար գործածում է հիվանդների բուժման համար, ով ազատ է երկրային գործերից և որոշել է Աստծուն ծառայել, աղոթում է անօրենության մեջ գտնվող իր մերձավորների համար: Հաճախ պատահում է, որ երկրային հարստությանը կապված անձը չի աղոթում այնքան, որքան անհրաժեշտ է, իսկ աղոթքին նվիրված անձն էլ ապրուստի համար անհրաժեշտ միջոցներ չի ունենում: Բայց երբ հարուստը աղքատին հագուստ ու սնունդ է տալիս, և աղքատն աղոթում է հարուստի հոգու փրկության համար, այս դեպքում առաքինության թևերը, միմյանց օգնելով, տարածվում են: Առաքինության թևերը չէին տարածվի, եթե ամեն մի թևը մտածեր միայն իր օգտի մասին: Այն, ինչ մարդն ունի, իրեն չի պատկանում, այլ Աստծո պարգև է, որ պետք է գործածել՝ հօգուտ մերձավորի»:
Կարինե Սուգիկյան