Այրի կնոջ լուման

Այրի կնոջ լուման  | Ayri Knoj Luman

  «Հիսուս կանգնած էր գանձանակի դիմաց. դիտում էր, թե ինչպես ժողովուրդը պղինձ դրամ է գցում գանձանակի մեջ: Եվ շատ մեծահարուստներ շատ բան գցեցին: Մի այրի կին եկավ և երկու լումա գցեց, որ մի գրոշ է: Եվ Հիսուս Իր մոտ կանչելով Իր աշակերտներին` նրանց ասաց.  «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա, իր չքավորությունից, գցեց ամեն ինչ, որ ուներ` իր ամբողջ ապրուստը»» (Մարկ. 12.41-44):

 

Մեր Տերը` Հիսուս Քրիստոս, տեսնելով մեծահարուստների ցուցամոլությունը, որ տաճարի գանձանակի մեջ ի ցույց մարդկանց իրենց ունեցած բազմաթիվ ինչքերից շատ քիչ, փոքրիկ մասն էին գցում նվեր, հանդիմանեց նրանց, քանզի այդ մարդիկ ի խորոց սրտի նվեր չտվեցին Տիրոջը, այլ կարծես այդ նվերը ոչ թե Աստծու զոհասեղանին էին մատուցում, այլ իրենց փառքի, պատվի համար էին անում, կարծես իրենք իրենց էին նվիրում և ոչ թե Տիրոջը: Քանզի մեկ ուրիշ տեղ Քրիստոս ասում է. <<Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը… (Մատթ. 6.3):  Ձախ ձեռքդ պահիր, աջով արա. բայց մի՞թե մենք միայն աջ ձեռքով պետք է ողորմություն անենք, ձախ ձեռքը չպե՞տք է օգտագործենք ողորմության ժամանակ: Ոչ, շատ հաճախ մենք որևէ գործ, որևէ օգնություն կատարելիս երկու ձեռքն էլ օգտագործում ենք: Ուրեմն, Տերը այստեղ այլաբանական խորհուրդ է օգտագործում, քանզի աջ և ձախ ձեռքերը խորհուրդ ունեն իրենց մեջ: Մեր Տերն ուզում է ասել` թող ողորմությունը լինի աջ, հաջողակ ողորմություն և ոչ թե ձախողակ ողորմություն,  որովհետև հաջողակ բառը աջ բառից է առաջացել: Իսկ ո՞րն է հաջողակ ողորմությունը և որն է ձախողակը: Այն է հաջողակ ողորմությունը, որ անկեղծ սրտից, կարեկցանքից, գթառատությունից է բխում. երբ մենք տեսնում ենք հիվանդի, կարիքավորի, աղքատի և անկեղծ սրտով, առանց փոխհատուցման ակնկալության, առանց փառքի ու պատվի և ցուցամոլության, ողորմություն ենք անում: Հաջողակ է նաև այն ողորմությունը, որը մենք ճիշտ ժամանակին ենք անում, չենք ուշացնում. տեսնում ենք աղքատին կարիքի մեջ, տեսնում ենք, որ մերկ է, քաղցած է և օգնում ենք. միգուցե հաջորդ օրը նա չկարողանա մեզ ընդառաջ գալ, չկարողանանք նրան տեսնել, միգուցե վաղը վախճանվի: Ուստի, այսօրվա ողորմությունն է հաջողակ, իսկ վաղվան թողածը` ձախողակ: Հաջողակ է այն ողորմությունը, երբ որ մենք լսում ենք մեր քրիստոնյա ընկերներին և բարեկամներին, որոնք մեզ հորդորում են ողորմություն անել` ասելով. <<Քո ողորմությամբ քո մեղքերը քավիր>>: Իրապես, շատ անգամ մեր գործած մեղքերն ու չարիքները քավվում են մեր ձեռքի տրված ողորմությամբ, որովհետև, երբ մեր խիղճը մեզ տանջում է և չարչարում մեր գործած մեղքերի համար, մենք չենք էլ հասկանում, թե ի՞նչ անենք, ո՞նց անենք, որ այս խղճահարությունից ազատվենք. տալիս ենք ողորմություն և տեսնում ենք, որ մեր խիղճը հանգստացավ, որ անսահման թեթևություն ապրեցինք: Եվ ձախողակ է այն ողորմությունը, երբ մենք լսում ենք չար խորհրդատուներին. օրինակ` շատ անգամ մարդիկ մեզ ասում են. <<Դու շատ ունե՞ս, որ տալիս ես, դու ինքդ աղքատ ես, չքավոր ես, դու ինքդ քեզ պահիր>>: Բայց ամեն մարդ իր ունեցածի չափով է տալիս և ոչ թե չունեցածի: Եվ Քրիստոս այսպիսի խորհրդատուներին հանդիմանում է ճիշտ այրի կնոջ օրինակով. այրի կինը ի՞նչ ուներ` ընդամենը երկու լումա և այդ երկուսն էլ նվիրեց Տիրոջը: Եվ այրի կինը ոչ թե երկու լումա նվիրեց, այլ կարծես ինքն իրեն զոհաբերեց և նվիրեց Տիրոջ զոհասեղանին, քանզի այդ երկու լուման խորհրդանշում էին նրա հոգին և մարմինը: Եվ կարծես այրի կինը ուզում էր լինել այն խունկը, որը դրվում էր այրվող ածուխի վրա և ծուխ դառնում ու մատուցվում Տիրոջ զոհասեղանին: Եվ կարծես երկու լուման խորհրդանշում էր գլխավորագույն երկու պատվիրանները, ինչպես մեր Տերը` Հիսուս Քրիստոս է ասում. <<Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով: Այս է մեծը և առաջին պատվիրանը. և երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը>> (Մատթ. 22.37-39): Այրի կինը երկու լուման նվիրելով կարծես ուզում էր ապացուցել, որ ինքն ամբողջ էությամբ ուզում է այս երկու պատվիրանները կատարել` սիրել Տիրոջը իր ամբողջ մտքով, իր ամբողջ սրտով, հոգով և զորությամբ և Աստծու սիրով իր անձին հավասար սիրել նաև ընկերոջն ու բարեկամին: Գիտեք, միայն Աստծու սերն է արդար և սուրբ, և մենք միայն Տիրոջը սիրելով է, որ հոգով խաղաղություն ենք ունենում, որովհետև  միայն Տիրոջը սիրելով է, որ Իրենից սիրվում ենք հարյուր հազարապատիկ: Եթե մենք Տիրոջը սիրում ենք մեր ամբողջ սրտով, իսկ մեր սիրտը շատ փոքրիկ է, մեր բռունցքի չափ, իսկ Աստված Իր սրտի չափով է մեզ սիրում, բայց Աստծու սիրտը օվկիանոսներն ու երկինքն ու տիեզերքն ու տարերքն է: Տեսեք, թե Աստված որքան է մեզ սիրում, և մենք ինչքան կարող ենք Տիրոջը սիրել` շատ քիչ: Ուստի, ընծայենք այրի կնոջ նման այդ երկու լուման, սիրենք Տիրոջն ու երբեք չենք ափսոսալու, որովհետև ով Տիրոջ վրա հույս է դնում, երբեք հուսախաբ չի լինի: Բայց շատ անգամ մենք մեր հույսը դրել ենք մարդկանց վրա և խաբվել, շատ անգամ ապավինել ենք         նյութին և հարստությանը, փառքին ու պատվին և միշտ տանջվել ենք ու չարչարվել: Ուստի, լավ ընտրենք և որոշենք, թե ում պետք է սիրել և ում վրա հույս դնել և Աստված Իր սերը կուղարկի մեր սրտերը: Ամեն:   

 

Տեր Միքայել վարդապետ Գևորգյան

23.11.14
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․