25 Նոյեմբեր, Բշ
Նավաբեկությունից փրկված միակ մարդուն ալիքներն անմարդաբնակ կղզի նետեցին: Նա ողջ ուժով աղոթում էր Աստծուն իր փրկության համար և ամեն օր հորիզոնին էր նայում, սակայն ոչ ոք օգնության չէր գալիս:
Նա ամբողջովին հյուծվել էր, երբ վերջապես նավի բեկորներից մի հյուղակ կառուցեց, որպեսզի բնության տարերքներից պաշտպանվի ու պահպանի իր փոքրաթիվ իրերը: Բայց, մի անգամ, երբ գնացել էր սնունդ հայթայթելու՝ ետ վերադարձավ ու տեսավ, որ իր խրճիթը կրակի լեզուների մեջ է և ծուխը դեպի երկինք է բարձրանում: Կատարվեց ամենասարսափելին՝ նա ամեն բան կորցրեց:
Վշտով ու հուսահատությամբ համակված՝ բացականչեց. «Ինչի՞ համար, Աստված իմ»:
Հաջորդ օրը, վաղ առավոտյան, արթնացավ կղզուն մոտեցող նավի շչակի ձայնից, որն օգնության էր շտապում:
- Ինչպե՞ս իմացաք, որ այստեղ եմ,- հարցրեց մարդը իր փրկիչներին:
- Մենք Ձեր ազդանշանային խարույկը տեսանք,- պատասխանեցին նրանք:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի