Երբ Մեծ Պահքի կեսն անցնում է, նշում են միջինքը: Միջինք բառը ցույց է տալիս, որ պահքի մեջտեղում ենք, պահքի օրերի կեսն արդեն ետևում են մնացել: Եկեղեցական հատուկ արարողություն չկա միջինքի համար, այլ պարզապես այդ օրվանից սկսվում է երեկոյան ժամերգությունների ավարտին ստեղի` հանդիսավոր մեղեդի ունեցող շարականների երգեցողությունը: Ժողովրդական սովորության համաձայն` միջինքի օրը գաթա են թխում, մեջը մեկ հատիկ լոբի կամ այլ փոքրիկ իր դնում, և համարում են, որ տարին հաջող է լինելու նրա համար, ում բաժին է ընկնում այդ առարկայով գաթայի կտորը: Եկեղեցին չի արգելում նման ժողովրդական սովորություններ նշելը, սակայն զգուշացնում է, որպեսզի մարդիկ դրանց չմոտենան սնոտիապաշտական նախապաշարումներով, դրանք չընդունեն որպես ճշմարտություններ, այլ այդ սովորություններն ընկալվեն պարզապես իբրև զվարճություն:
Մեր ազգագրագետները հատկապես խորհրդային ժամանակաշրջանում մեծ աշխատանք տարան` եկեղեցական տոները ներկայացնելու ժողովրդական սնոտիապաշտությունների լույսի ներքո: Դա մեծապես ձեռնտու էր հատկապես կոմունիստական հասարակարգին, որ եկեղեցամարտ էր և հալածում էր Եկեղեցին: Բայց հիմա ազգագրագետները պետք է դադարեցնեն սնոտիապաշտությունների ընկալման ներքո եկեղեցական տոների ներկայացումը, որի պատճառը հաճախ անգրագիրտությունն է եկեղեցական իրողությունների և տոնի հաստատման ու եկեղեցական հեղինակների բացատրությունների մասին: Ազգագրագետները սխալմամբ եկեղեցական տոները ներկայացնում են որպես թե առաջացած ժողովրդական սնոտիապաշտություններից, փոխանակ նշելու, որ ժամանակի ընթացքում եկեղեցական տոների առիթով առաջ են եկել նաև ժողովրդական տոնախմբություններ, սովորույթներ, սնոտիապաշտություններ, որոնցից հատկապես վերջինը Եկեղեցին երբեք չի ընդունել ու չի քաջալերել: Այսինքն` ազգագրագետները փոխված են ներկայացնում տեղերը` տոնը բխած համարելով ժողովրդական սովորություններից, որով արդեն նսեմանում է կրոնական տոնի դերը, խորհուրդն ու նշանակությունը:
Դեռևս անտիկ ժամանակաշրջանում փիլիսոփաները պայքարում էին սնոտիապաշտությունների դեմ` դրանք վնասակար համարելով: Պլատոնը նշում է, որ իր ուսուցիչ փիլիսոփա Սոկրատը խիստ կասկածում էր աստվածների մասին ժողովրդական անտրամաբանական պատումների ճշմարտացիությանը: Իսկ հնում ժողովրդական շատ տոնախմբություններ կապված էին այդ պատմությունների հետ: Նաև Պլատոնն ինքը պետության մասին իր ծավալուն աշխատության մեջ քննադատությամբ է վերաբերվում Հոմերոսի, Հեսիոդոսի և այլ բանաստեղծների սուտ պատմություններին: Հատկապես Հեսիոդոսի «Թեոգոնիա»` աստվածների ծագումնաբանություն աշխատության մեջ նկարագրված էին ժամանակի գյուղացիների` հաճախ սնոտիապաշտական սովորույթներն ու սովորությունները, և նման սնոտիապաշտությունները, Պլատոնի կարծիքով, մեծապես խանգարում են պետության քաղաքացիների դաստիարակությանը:
Տեր Ադամ քհն․ Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից