Բաղձալի նվերը

Մի երիտասարդ նախապատրաստվում էր քոլեջի ավարտական երեկոյին: Ամիսներ շարունակ երազում էր հիանալի սպորտային ավտոմեքենայի մասին, որ ցուցադրված էր վաճառքի սրահում: Նա գիտեր, որ իր հայրը լիովին կարող է իրեն թույլ տալ գնել այն և հորն ասաց, որ այդ մեքենան այն ամենն է, ինչն ինքն ուզում է:

Ավարտական երեկոյի օրը մոտենում էր և երիտասարդն արդեն որոշակի նշանի էր սպասում այն մասին, որ հայրը գնել է մեքենան: Վերջապես, այդ օրվա առավոտյան հայրը նրան իր մոտ կանչեց, ասաց, որ շատ հպարտ է նման որդի ունենալով, շատ է սիրում նրան և գեղեցիկ փաթեթավորմամբ մի տուփ նվիրեց: Երիտասարդը հետաքրքրասիրությամբ բաց արեց փաթեթն ու մի հիանալի, կաշվե կազմով Աստվածաշունչ գտավ, որի վրա ոսկե տառերով իր անունն էր գրված: Զայրույթից իրեն կորցրած, բղավեց հոր վրա. «Քո բոլոր փողերով հանդերձ ինձ Աստվածաշո՞ւնչ ես նվիրում»: Նա տանից դուրս թռավ՝ Աստվածաշունչն այդպես էլ իր հետ չվերցնելով: Տարիներ անցան: Երիտասարդը հաջողեց գործի մեջ, գեղեցիկ տուն ուներ ու հրաշալի ընտանիք: Նա հասկանում էր, որ իր հայրն արդեն շատ ծեր է և պետք է այցելել նրան, քանի որ այն ավարտական երեկոյի օրվանից հետո չէր տեսել հորը: Բայց մինչ կկարողանար գնալ, հեռագիր ստացավ, որում ասվում էր, որ հայրը հեռացել է կյանքից և իր ողջ ունեցվածքը որդուն է կտակել: Երբ նա հորական տուն հասավ, թախիծն ու ափսոսանքը պատեցին սիրտը: Սկսեց հոր կարևոր փաստաղթերը զննել, որոնց մեջ տեսավ այն Աստվածաշունչը, որ այդքան տարի առաջ թողել էր: Արցունքն աչքերին բաց արեց ու սկսեց թերթել: Հայրն ընդգծել էր Մատթեոսի Ավետարանի 7:11 տողերը. «Արդ, եթե դուք, որ չար եք, գիտեք ձեր որդիներին բարի պարգևներ տալ, որքա՜ն ևս առավել ձեր Հայրը, որ երկնքում է, բարիքներ կտա նրանց, որ նրանից ուզում են»: Եվ հենց այդ տողերը կարդաց՝ մեքենայի բանալիներն ընկան գրքի միջից: Դրանց ամրացված կտրոնի վրա նշված էր այն սրահի անվանումը, որտեղ իր երազած սպորտային մեքենան էր ցուցադրված: Նաև նշված էր ավարտական երեկոյի ամսաթիվը և գրված էր ԳՈՒՄԱՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՎՃԱՐՎԱԾ Է:

Քանի՜-քանի՜ անգամ ենք Տիրոջ ողորմությունը բաց թողնում, քանի որ այն փաթեթավորված չի լինում այնպես, ինչպես մենք ենք ակնկալում:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

22.03.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․