23 Դեկտեմբեր, Բշ
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միությունը սույն թվականի օգոստոսի 27-ից սկսյալ ամեն հինգշաբթի առիթ ունեցավ մասնակցելու «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում «Քրիստոնեական ընտանիքի հիմնասյուներ» թեմայի շուրջ ծավալված բանախոսություններին: Երիտասարդներին բանախոսում էր Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանը:
Չորս հանդիպումների ընթացքում Տեր Հայրն երիտասարդների հետ առիթ ունեցավ խոսելու և քննարկելու ընտանեկան հարաբերությունների մասին քրիստոնեական համատեքստում՝ կարևորելով քրիստոնեական սկզբունքները և անդրադառնալով ընտանիքը որպես փորձադաշտ հասկացությանը:
«Ընտանիքը մեր հասարակության հիմքն է: Հասարակության ամուր և զորավոր լինելը կապված է ամուր և առողջ ընտանիքներից: Ամուսիների փոխադարձ սերը խոսում է ընտանիքում Աստծո ներկայության մասին: Որտեղ չկա Աստծո օրհնությունն ու ներկայությունը, այնտեղ չի կարող լինել սեր, խաղաղություն, երջանկություն, և ընտանիքն առավել ամրանում է աստվածպաշտությամբ, քրիստոնեական արժեքներով»,- ասաց Տեր Վահանը՝ օրինակ բերելով աստվածաշնչյան և եկեղեցու հայրերի պատգամներն ընտանիքի վերաբերյալ:
Ըստ Տեր Հոր՝ այս բանախոսությունները կարևորվում են նրանով, որ երիտասարդներն ընտանիք կազմելու նախաշեմին չկանգնեն այն խնդիրների առջև, որ առկա են այսօր: «Արարք և պատասխանատվություն» անունը կրող բանախոսության ընթացքում Տեր Հայրը նաև անդրադարձավ սեռով պայմանավորված հղիության, արհեստական բեղմնավորման և հղիության արհեստական ընդհատման թեմաներին:
Իսկ բանախոսության ավարտին Տեր Վահանը հանձնարարեց երիտասարդներին մեկ բառով կամ նախադասությամբ իրենց տպավորությունները գրել հանդիպումների վերաբերյալ: Սեր և խաղաղություն, պատասխանատվություն, զգոնություն, ապաշխարություն, ընտանեկան արժեքներ, Սուրբ Գրային ճշմարտություններն ընտանիքի մասին, ընտանեկան արժեքներ. այսպիսի էին երիտասարդների տպավորությունները, որոնց մասին ավելի մանրամասնորեն նրանք, Տեր Հոր առաջարկմամբ, կներկայանան հաջորդ հանդիպմանը:
«Բանախոսությունների շնորհիվ մեզ համար առավել մանրամասնորեն պարզեցինք, թե ո՞րն է ճշմարիտ ընտանիքը, ո՞րն է տղամարդու և կնոջ դերը ընտանիքում, և որ հոգևոր ու ընտանեկան արժեքները գործում են զուգահեռաբար և փոխկապակցված»,- ասաց «Զորավոր» երիտասարդաց հոգևոր միության ատենապետ Հրաչյա Բեգլարյանը:
Այն, որ երիտասարդների համար հետաքրքիր, ուսուցողական նշանակություն ունեին այս հանդիպումները, դա վկայեց նրանց առաջարկությունը, որ շարունակելի լինեն «Քրիստոնեական ընտանիքի հիմնասյուներ» թեմայի շուրջ բանախոսությունները:
Կարինե Սուգիկյան