Հուլիսի 16-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և եկեղեցու սոցծրագրերին մշտապես աջակից ամերիկաբնակ Կարեն Վարդանյանն իր ընտանիքի հետ այցելեցին Էլբակյան ընտանիքին, որ բնակվում է Արմավիրի մարզի Էջմիածնի տարածքի Բաղրամյան գյուղի 3-րդ շ. 7-րդ բն. հասցեում:
Ընտանիքի ավագը՝ Էլբակյան Հռիփսիմեն (71 տ.), Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցում քառասունվեց տարի որպես դասվար է աշխատել: Քսանյոթ տարի առաջ նա այրիացել է և զօր ու գիշեր ջանք չի խնայել, որ իր միակ զավակը՝ տղան, լավ մարդ դառնա, ընտանիք կազմի, զավակներ ունենա: Տիկին Հռիփսիմեի ջանքերը զուր չեն անցել. տղան դարձել է ընտանիքի հոգատար հայր, հոգատար ամուսին, և ինքն էլ մեծ ուրախություն է ապրում իր բազմանդամ ընտանիքում, ուր մեծանում են իր երեք թոռները: Անցյալ տարի Էլբակյան ընտանիքի խաղաղությունն ու ուրախությունը խաթարվեց, ընտանիքը հայտնվեց դժվարին կացության մեջ, երբ տան հարսի մոտ չարորակ ուռուցք հայտնաբերվեց:
«Դեկտեմբեր ամսից հարսիս հիվանդությունն այն աստիճան սրվեց, որ շնչառական ապարատի օգնությամբ էր ապրում: Հարսիս հետ տառապում էինք բոլորս, բայց նրան այլևս ոչինչ չօգնեց, մարտ ամսին նա հեռացավ մեզանից: Կնոջ մահից հետո տղաս հյուծվել էր և երկար ժամանակ հիվանդանոցում բուժում ստացավ: Ես էլ առողջական խնդիրներ ունեմ, բայց չեմ կարողանում բուժհետազոտություն անցնել, որովհետև պարտքերի մեջ ենք հայտնվել, տղաս մշտական աշխատանք չունի և ապրում ենք ընտանեկան նպաստի ու իմ թոշակի գումարներով: Մտահոգված եմ, թե ինչպես եմ թոռներիս սեպտեմբեր ամսին դպրոց ճանապարհելու»,- ասաց տիկին Հռիփսիմեն:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց, այնուհետև Կարեն Վարդանյանն ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), իսկ նրա որդին՝ վեցամյա Միքայելը, տիկին Հռիփսիմեի թոռներին նվիրեց քաղցրավենիքի փաթեթ: Էլբակյան ընտանիքի հետ զրույցի ընթացքում փոքրիկ Միքայելը հասցրեց ընկերանալ և խաղալ տիկին Հռիփսիմեի թոռների հետ: Տիկին Հռիփսիմեն անչափ զգացված էր այն ուշադրության և աջակցության համար, որ ցուցաբերեցին Տեր Գրիգորն ու աջակից ընտանիքը:
Ս. Գրիգոր Նյուսացին նշում է, որ յուրաքանչյուր անձ իր կյանքի նկարիչն է, իր կենսագրության ստեղծագործող հեղինակը, որի ներկանյութերը իր առաքինություններն են. «Պատկերը գեղեցիկ լինելու համար հարկավոր են հնարավորինս մաքուր ներկանյութեր, որպեսզի լինենք Պատկերի պատկերը»: Եկեղեցու հայրերի բացատրությամբ՝ մարդու քրիստոնեական կոչումը նմանվելն է իր աստվածային Սկզբնապատկերին, և եթե մարդը ցանկանում է լինել անտեսանելի Աստծո Պատկերը, ապա իր ներքին կյանքը պետք է համապատասխանեցնի Քրիստոսի՝ Աստծո Որդու հետ, Ում պարտական է իր գոյությամբ և արժանապատվությամբ: Ավետարանական հետևյալ պատգամի՝ «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48) մեջ է կայանում մարդու բարձրագույն կոչումը և բարոյական ողջ ուղու արդարացումը:
Կարինե Սուգիկյան