Բարեկենդանի ուրախ տոնախմբությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում

Այս տարի Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Մեծ պահքի առաջին կիրակին՝ Բուն Բարեկենդանը, կնշի փետրվարի 11-ին: Մինչ այդ, Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, սկիզբ է դրվել բարեկենդանյան երկշաբաթյա միջոցառումների շարքին, որ անցկացվելու է Երևանի բոլոր վարչական շրջաններում: Փետրվարի 1-ին բարեկենդանյան հերթական տոնախմբությունն անցկացվեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում: Այն կազմակերպել էր Երևանի Կենտրոն վարչական շրջանը՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միության հետ համատեղ: Բարեկենդանի ուրախ տոնախմբությանն իրենց մասնակցությունն էին բերել Կենտրոն վարչական շրջանի «Մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոն»-ը, Բարսեղ Կանաչյանի և Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցները, նաև «Ծովակ» մանկական ավանդական երգի-պարի մանկապատանեկան խումբը:

Թմբուկների զարկի ներքո արվեստի դպրոցների կերպարվեստի դասարանների սաներն, իրենց կողմից պատրաստած տոնական դիմակներով, մուտք գործեցին եկեղեցու բակ՝ ազդարարելով միջոցառման սկիզբը: Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով:

Բարեկենդանը հայ ազգի համար այնքան սիրված և սպասված տոն է եղել, որ ընկալվել է որպես ամենաազգային և հավաքական տոն, որն ուղեկցվել է պարերով, խաղերով, զվարճահանդեսներով, թատերախաղերով, այցելություններով և ճոխ ու առատ ուտելիքների վայելումով: Բարեկենդանյան ուրախ մթնոլորտն իրապես նվաճել էր Երևանի հնագույն եկեղեցիներից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակը, որ բարեկենդանյան շունչ էր ստացել եկեղեցու տիկնանց միության ջանքերով: Բուն Բարեկենդանի հոգևոր և ազգային խորհուրդներին ներկաներին ծանոթացրեց տիկնանց միության ատենադպիր Սիրանուշ Գումրույանը: Ապա ազգային երգերով և պարերով հանդես եկան «Ծովակ» ավանդական երգի-պարի մանկապատանեկան խումբը և «Արմենիա» պարային համույթը: Նրանց ելույթներին հաջորդեցին բարեկենդանյան ազգային խաղերը՝ մեծ ոգևորություն պատճառելով մասնակիցներին և հանդիսատեսին: Այնուհետև ներկաները դիտեցին «Տոնը քեզ հետ է» հոգևոր բեմադրությունը, որ կազմակերպել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու տիկնանց միությունը: Իրենց ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ ներկայացան «Մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոն»-ի սաները և տիկնանց միության անդամները: Ուրախ տոնախմբության մեջ առանձնանում էր նաև տոնական սեղանը, որ տիկնանց միության անդամների կողմից զարդարվել էր տոնական և ավանդական ուտեստներով:

Բարեկենդանյան ժողովրդական ուրախ տոնախմբությանը ներկա էր Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց կառույցների համակարգող, առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը և թեմի երիտասարդաց միության անդամները:

«Բարեկենդանի տոնախմբությունն ուրախություն է յուրաքանչյուր քրիստոնյայի համար, ով գիտակցում է, որ պետք է անցնի պահքի՝ ապաշխարության, զղջման մի շրջան, որն իր մեջ դժվարություն և պատասխանատվություն է ներառում: Այդ ընթացքն անցնելու համար քրիստոնյան կարիք ունի, իր ազգային և հոգևոր մշակույթը վեր հանելով, հոգևոր ուրախություն ապրել և այդ ուրախության ջերմությունն իր սրտում կրելով՝ Մեծ պահքի օրերը ապրել: Պահքի շրջան մուտք գործող քրիստոնյան արդեն իր մտքում ունի այն ուրախությունը և հույսը, որ արժանանալու է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության լույսին: Հաճելի է տեսնել, որ մեր եկեղեցու հավատավոր զավակները հաղորդ են տոնի խորհրդին, իսկ բոլորին համակող և գոտեպնդող ուրախության մեջ տեսանելի է քրիստոնեական ընկալում, ազգային սովորությունների ու ավանդությունների արտահայտում»,- ասաց Տեր Վահանը:

 

Կարինե Սուգիկյան

01.02.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․