Բարեկենդանյան գարնանային տրամադրություն եկեղեցու բակում

Մարտի 4-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու բակում Երևանի Մ. Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի միջին դասարանների աշակերտները հանդես եկան Բուն բարեկենդանին նվիրված միջոցառմամբ: Թեև եղանակը անձրևային էր, բայց երեխաները կարողացան լիարժեք նշել Բուն բարեկենդանյան տոնախմբությունը՝ տոնի ուրախությանը հաղորդ դարձնելով նաև հանդիսատեսին:

Մինչ տոնախմբությունը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Հայկազուն քահանա Մկրտչյանը ողջունեց դպրոցի աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին՝ նրանց փոխանցելով ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունն ու բարեմաղթանքները: Տեր Հայրը, տոնի խորհրդին անդրադառնալով, ասաց. «Բուն բարեկենդանը՝ որպես քրիստոնեական և ազգային տոնախմբություն, մուտք է գործում մեր առօրյա և ողջունելի է մեր վերադարձը մեր ակունքներին: Բուն բարեկենդանը երկու իմաստ ունի. առաջինը՝ որպես ուրախության և ուտիքի օր, երկրորդը՝ որպես մարդկային առաջին երջանկությունը հիշեցնող օր, երբ Ադամն ու Եվան վայելում էին Աստծո ներկայությունը: Սակայն մեր նախածնողները, խախտելով աստվածադիր պատվիրանը, արտաքսվեցին դրախտից: Այսօր, Բուն բարեկենդանի տոնախմբությունը նշելով, մեր հոգիներից ներս այն հույսն ունենք, որ յուրաքանչյուրս կարժանանա հավիտենական կյանքին՝ վայելելով Աստծո անմիջական ներկայությունը»:

Ապա ներկաները, Տեր Հոր գլխավորությամբ, միջոցառումը սկսեցին «Տերունական» աղոթքով: Նախ աշակերտները ներկայացրեցին տոնին հատուկ սովորություններն ու ուտեստները, ապա բեմադրեցին Հովհաննես Թումանյանի «Բարեկենդան» հեքիաթը, հանդես եկան «Թամզարա» և «Փափուռի» ազգային պարերով, կատարեցին «Աղջիներ պար բռնեցեք», «Զար զընգը» ազգային երգերը, իսկ «Գացեք, տեսեք»-ը և հարս ու փեսայի երկխոսությունը հրամցրին ներկաներին բեմադրությամբ՝ իրենց ձեռքին ունենալով իրենց կողմից պատրաստված ազգային տիկնիկները: Աշակերտների անկեղծ ու անմիջական ելույթը, բեմադրությունը, երգն ու պարը անձրևային օրը վերածել էր պայծառ և ուրախ տոնախմբության, ինչի շնորհիվ հանդիսատեսը վերապրեց և վայելեց բարկենդանյան ողջ ծիսաշարքը:

 

Կարինե Սուգիկյան

04.03.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․