Աստվածածնի պատկերագրական տարբերակներից են «Բարեխոս Աստվածածինը» պատկերագրական տիպը: Քրիստոնեական արվեստում այն ձևավորվել է 9-10-րդ դարերում: Պատկերագրական այս կերպը ծագել է «Բարեխոսություն» (Դեիսուս) տեսարանից, որում գահակալ Քրիստոսի երկու կողմերում պատկերվում են աղոթելու դիրքով կանգնած Աստվածածինը և Ս. Հովհաննես Մկրտիչը: Բարեխոս Աստվածածնի պատկերագրությունը Բյուզանդիայում հայտնի է «Ագիոսորիտիսա» անունով (բառը ծագել է Կ. Պոլսի Ս. Աստվածածին եկեղեցու Ագիա Սորոս՝ Ս. Ռաքի մատուռի անունից): Աստվածամայրը ներկայացվում է երեք քառորդ թեքությամբ գլուխը խոնարհած դիրքով, հասակով մեկ կանգնած կամ մինչև գոտկատեղ, առանց Մանուկ Հիսուսի, ձեռքերն առաջ պարզած: Բյուզանդական արվեստում Բարեխոս Աստվածածինը պատկերվում է նաև բացված գալարով, որի վրա գրված են Քրիստոսին ուղղված աղոթքի տողեր: Այս տարբերակը հայ արվեստում տարածում չի գտել:
Բարեխոս Աստվածածնի վաղագույն ավանդական պատկերագրության առաջին նմուշներից է Թեսալոնիկի 6-րդ դարի բազիլիկ տաճարի հյուսիսային պատի խճանկարը (կորստի է մատնվել): Նմանօրինակ պատկերի հնագույն նմուշներից են Սինայի Ս. Եկատերինա վանքի 11-12-րդ դարի, Մոսկվայի Ուսպենսկի տաճարում գտվող 14-րդ դարի բյուզանդական սրբապատկերները:
Հայկական արվեստում պատկերագրական այս տարբերակը տարածված է հայ միջնադարյան մանրանկարչության մեջ: Բարեխոս Աստվածածնի պատկերագրական հիմնական և հակիրճ կառույցը հետևյալն է. Աստվածածինը թողություն հայցողի դիրքով կանգնած է Քրիստոսի առջև: Պատկերագրական կանոնի այս հորինվածքն ունեն 1654-1655 թվականների Ավետարանի (Նոր Ջուղա, գրիչ՝ Բարսեղ քահանա, ծաղկող՝ Աստվածատուր Ջուղայեցի, ՄՄ № 5236) և 1682-1685 թվականների Ավետարանի (Հալմալոց գյուղ, ծաղկող՝ Կիրակոս, ՄՄ № 3833) նկարները: Երկու Ավետարաններում էլ Աստվածամայրը և Քրիստոս պատկերված են առանձին էջերի վրա: Երկու նկարներում էլ Տիրամայրը պատկերված է երեք քառորդ թեքությամբ շրջված դեպի դիմացի էջին պատկերված Քրիստոս, ձեռքերն աղոթողի դիրքով առաջ պարզած, գլուխը մի փոքր խոնարհած, ավանդական շապիկով և գլխանոց ունեցող թիկնոցով: Միայն մի տարբերությունը, որ առաջին ձեռագրում Աստվածամայրը ներկայացված է հասակով մեկ կանգնած, երկրորդում ՝ կամարի տակ և գոտկատեղից ներքևի հատվածով:
Երբեմն Աստվածածինը և Քրիստոս պատկերվում են մեկ էջի վրա: Հայկական մանրանկարչության մեջ այդպիսի մի տարբերակի ենք հանդիպում 14-15-րդ դարերի Ավետարանի (Տաթև, գրիչ՝ Գրիգոր, ծաղկող՝ Անանուն Սյունեցի, ՄՄ № 6305) նկարազարդումներում: Այս տեսարանում բարեխոսության թեման ինքնատիպ մեկնաբանություն է ստացել. ասես Աստվածածինը ոչ թե աղոթքով դիմում է Քրիստոսին, այլ ողջունում և ընդունում է Նրա օրհնությունը:
Բարեխոս Աստվածածնի պատկերագրական ընդարձակ տարբերակում ավելանում են պատվիրատուների պատկերներ, և Աստվածածինը միջնորդի ու հովանավորի դերում է հանդես գալիս Քրիստոսի և պատվիրատուների միջև: Պատկերագրական այս կերպում գահակալ կամ կանգնած Քրիստոսի կողքին աջից պատկերվում են Աստվածածինը և ծնկաչոք, ավելի փոքր չափերով՝ պատվիրատուները, որոնց անունները գրվում են գլխավերևում կամ թիկունքի կողմում: Հայկական մանրանկարչության մեջ այս տարբերակի լավագույն գործերից մեզ են հասել 1427թ-ի Ավետարանի (Տաթև, գրիչ՝ Սարգիս աբեղա, ծաղկող՝ Ղազար, Երևան, Մատենադարան, № 4019) նկարը: Մանրանկարի վերին մասում պատկերված է գահակալ Քրիստոս, Ում առջև կանգնած է թողություն հայցող Ս. Կույսը, ստորին մասում՝ ձեռագրի գրիչ Սարգիսն է՝ կրոնավորի հանդերձով և խաչը ձեռքին, երկու կողմում կանգնած են նրա ծնողները՝ համապատասխան բացատագրերով: Հատկանշական է, որ այս հորինվածքում ծաղկողը Քրիստոսից և Աստվածածնից բացի լուսապսակով է նկարել նաև սրբերի կարգը չդասվող Սարգսին ու նրա ծնողներին: Աշխարհիկ անձանց լուսապսակով պատկերելու առաջին նմուշներ հանդիպում ենք 4-7-րդ դարերի կոթողների վրա, հետագայում նաև Ս. Խաչ եկեղեցու բարձրաքանդակներում: Պատկերաքանդակներում լուսապսակով են պատկերվում թագավորներն ու իշխանները: Այդ ավանդույթը շարունակվում է նաև մանրանկարչության մեջ:
«Բարեխոս Աստվածածինը» պատկերագրական տիպի ուշագրավ օրինակներից է 13-րդ դարի Կիլիկիայի Ավետարանի նկարը (Երուսաղեմ № 2568): Քրիստոս այստեղ պատկերված է գահին բազմած, ամպհովանու տակ և աջով օրհնում է մի փոքր ներքևում ծնրադիր Վասակ իշխանին և նրա որդիներին, իսկ ձախ ձեռքով բռնել է ծնկին դրված Ավետարանը: Քրիստոսի դիմաց Աստվածամայրն է, ում մի ձեռքը խնդրարկուի շարժումով ուղղված է դեպի Քրիստոս և մյուսով՝ մարմնից հեռու, բռնել է թիկնոցի եզրը, որի խորքի վրա պատկերված են ծնրադիր պատվիրատուները:
Հայկական արվեստում առավել տարածված են գահակալ և Մանուկ Հիսուս գրկում բարեխոս Տիրամոր պատկերները: Այս տեսարանի պատկերագրությունը ունի հետևյալ կառուցվածքը. գահակալ Աստվածածնի դիմաց, ավելի հաճախ կողքին պատկերվում է նրա բարեխոսությունը հայցողը կամ մենակ, կամ ընտանիքի անդամների հետ, խնդրարկուի դիրքով պատկերվում են նաև հրեշտակները:
Ի տարբերություն հայկական մանրանկարների՝ բյուզանդական արվեստում երբեմն բարեխոսություն հայցողը պատկերվում է ծնկների ու արմունկների վրա հենված դիրքով, որը կերպարին հաղորդում է շեշտված զգացմունքայնություն՝ արտահայտելով առ Աստված նրա ջերմեռանդ հավատն ու սերը: Նման դիրքով են պատկերված Լևոն Դ կայսրը «Բարեխոսություն» տեսարանում (Կ. Պոլսի Ս. Սոֆիայի տաճարի նախասրահի տիմպան, մոտ 900թ.) և գահակալ Աստվածածնի առջև խոնարհված պատվիրատու կինը կապադովկյան որմնանկարում (Էգրիթաշ քիլիսե, 9-11-րդ դդ.):
«Բարեխոսություն» տեսարանի պատկերագրական տարբերակներից են, երբ մանրանկարի համար նախատեսված ամբողջական էջը բաժանվում է երկու մասի. մեկում պատկերվում է գահակալ Աստվածածինը, մյուսում՝ նրա դիմաց, աղոթողի դիրքով ծնկաչոք պատվիրատուները: Այսպիսի հորինվածք ունեն 1317 թվականի Ավետարանի (ծաղկող՝ Թորոս Տարոնացի) և 1390-1400 թվականների Աստվածաշնչի (ծաղկող՝ Հովհաննես Խիզանցի, Երևան, Մատ., № 346) նկարները: Մանրանկարներում պատվիրատուների դիրքն ու կոչումը ներկայացվում են հիմնականում նրանց հագուստների և գլխարկների մանրամասներով: Ծաղկող Հովհաննես Խիզանցին Աստվածածնի առջև ծնրադիր հոգևորականներին պատկերել է գլխաբաց՝ որպես հարգանքի նշան, դեղնավուն և երկնագույն երկար շապիկներով, կրծքի վրա ճարմանդով ամրացված մուգ կանաչ թիկնոցներով և տարեց ռաբունապետին՝ ալեխառն մազերով ու մորուքով: Աշխարհիկ անձանց պատկերները սովորաբար ուղեկցվում են տարբեր մակագրություններով, որոնք նաև զարդարանքի դեր են կատարում:
Պատկերագրական Բարեխոսություն հորինվածքում բավականին տարածված է բազմաֆիգուր տարբերակը, որտեղ պատվիրատուն ներկայացվում է իր ընտանիքի անդամների հետ: Ուշագրավ է 1321 թվականի Ավետարանի (Թվոց վանք, Հավունքի գավառ, գրիչ և ծաղկող Դանիել, Երևան, Մատ., № 3708) նկարը, որտեղ պատկերված են տասներկու ֆիգուրներ: Նման խմբանկարներում բարեխոսության գաղափարը մարմնավորվում է նաև հորինվածքում ավելացված սրբի միջոցով: Այս հորինվածքն ունի Մանչեստրի Ջոն Ռիլանդս գրադարանում պահվող 1313 թվականի Ավետարանի մանրանկարը, որտեղ պատկերված է Մարիամ Մագդաղենացին: Այս շարքի պատկերների մեջ նորություն է վերջինիս կերպարը, որը կարելի է դիտել որպես Թամամ Խաթունի (պատվիրատու) հովանավորի և Աստվածածնի առջև բարեխոսի: Նորություն է նաև մոր գոգին թեքությամբ նստած և թիկունքը կանգնածներին դարձրած Մանուկ Հիսուսի մարմնի դիրքը:
Այս շարքի մանրանկարներում ավելի հաճախ Մանուկ Հիսուս գրկում Աստվածածնի երկու կողմերում պատկերվում են հայ եկեղեցու սրբերը: Հազվադեպ հանդիպում է այն տարբերակը, որտեղ Մանուկ Հիսուս գրկում Աստվածածինը հասակով մեկ կանգնած է պատկերվում: Նմանօրինակ հորինվածք ունի 1460 թվականին Խիզանում ընդօրինակված Ավետարանի (գրիչ և ծաղկող՝ Հովհաննես, Երևան, Մատ. № 7566) մանրանկարը:
Քրիստոնեական արվեստում «Բարեխոսության» թեմայի պատկերագրական տարբերակներում հազվադեպ է պատահում մերկացված ստինքով Աստվածածնի պատկերները: 1579թ-ի Ավետարանում (Խիզան, Երևան, Մատ., № 5579) Քրիստոս և բարեխոս Աստվածածինը պատկերված են առանձին էջերի վրա: Այստեղ գլուխը խոնարհած Ս. Կույսը շրջված է դեպի Քրիստոս և երկու ձեռքով բռնել է մերկացված կուրծքը:
Նման հորինվածք ունի 1610 թվականի Ավետարանի (Նոր Ջուղա, Երևան, Մատ. № 7639) մանրանկարը: Աստվածածինը մերկացված կրծքով ասես հիշեցնում է Միածին Որդուն իր սերն ու գորովը, մայրական կաթը, որով սնուցել է Նրան: Բարեխոս Աստվածածնին ներկայացնող այս մանրանկարը ունի անսովոր հորինվածք ու յուրօրինակ կառուցվածք. վերնամասի աջ անկյունում դեկորատիվ ձևավորումով ամպերի մեջ պատկերված է Քրիստոս, ներքևում՝ Նրա դիմաց կանգնած է Տիրամայրը՝ մերկացված կուրծքը բռնած, թիկունքի կողմում՝ Ս. Ստեփանոս Նախավկան, ոտքերի մոտ, աղոթողի դիրքով Ս. Հովհաննես Մկրտիչը և Ս. Գրիգոր Լուսավորիչը՝ համապատասխան բացատրագրերով: Բարեխոսության գաղափարն այս կերպ ներկայացնելու ուրիշ օրինակ մեզ հայտնի չէ:
Կազմեց Գայանե Սուգիկյանը