Մի գյուղում երկու եղբայր էին ապրում: Նրանք հող էին մշակում ու ցորեն ցանում: Կրտսեր եղբայրը յոթ զավակ ուներ, իսկ ավագն ամուսնացած չէր: Եղբայրները համերաշխ էին ապրում, հողերը չէին կիսում, միասին հերկում էին ու ցանում: Երբ ցորենը հասունացավ՝ հնձեցին և խրձերը հավասար բաժանեցին:
Գիշերն ավագ եղբայրը պառկած մտածեց. «Արդյո՞ք լավ բաժանեցինք ցորենը: Ախր եղբայրս մեծ ընտանիք ունի և երեխաների համար շատ հաց է պետք: Լավ է գնամ ու իմ խրձերից եղբորս հասանելիքի վրա դնեմ»: Նույն գիշեր կրտսեր եղբայրն իր կնոջն ասաց. «Եղբորս հետ արդյո՞ք լավ բաժանեցինք ցորենը: Եղբայրս արդեն ծեր է, միայնակ է ապրում, օգնող չունի տնային գործերում: Մեր բաժնից մի քիչ նրան տանք»: Եվ այդպես էլ արեցին: Հաջորդ առավոտ նայում են եղբայրներն իրենց խրձերին ու տեսնում, որ դրանք չեն պակասել, երկուսինն էլ հավասար են: Զարմացան, բայց իրար ոչինչ չասացին: Մի քանի գիշեր շարունակեցին խրձերը միմյանց խրձերի վրա դնել, ու վերջապես, երբ առանձին-առանձին որոշեցին գիշերը դաշտը հսկել, հասկացան, թե բանն ինչում է:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի