Որո՞նք են հիմնական բարոյական արժեքները: Ինչպե՞ս կարելի է որոշել` ինչն է ճիշտ, լավ ու բարի:
«Բարոյական արժեք» ասելով` հասկանում ենք այն վեհ գաղափարները, պատվիրանները, ուսուցումները, որոնք ապահովում են մարդու բարոյական, առաքինի կյանքն ու նկարագիրը: Այդպիսի բարձրագույն արժեքներ են հոգևոր-բարոյական արժեքները` տրված Աստծո կողմից, հաստատված Քրիստոսի պատվիրաններով, ուսուցումներով: Այլ կրոններ կամ պետական համակարգեր ևս ունեն բարոյական արժեքների մղող օրենքներ ու պատվերներ, սակայն քրիստոնեության բարոյական արժեքներն անհամեմատ վեր են մնացյալ բոլորից: Բացի այդ, բարոյականության, առաքինության օրենքներ կարելի է շատ հաստատել, սակայն դրանց ամբողջական կատարման, ոչ միայն գործողության օրինակելիության, այլև մտքի ու սրտի մաքրությամբ իրագործելու համար մարդկային ներուժը բավարար չէ: Քրիստոնեությունը խոսում է աստվածային շնորհի մասին, որով մարդն իր կամքով, գործակից լինելով աստվածային նախախնամությանն ու զորակցությանը, կարողանում է ապրել բարոյական ու առաքինի կերպով, իսկ սայթաքելու դեպքում էլ մաքրվել ու սրբվել կատարված մեղանչումներից: Մինչդեռ միայն օրենքի հաստատումը այս շնորհն ու զորությունը չի տալիս մարդուն:
Սովորական օրենքների հետ համեմատությամբ՝ տասնաբանյա պատվիրանների առավելությունը երևում է հատկապես վերջին պատվիրանով, որը հրահանգում է չցանկանալ ուրիշի ունեցվածքը, կնոջը, ծառայողներին (Ելք 20.17): Պողոս առաքյալը, խոսելով այս պատվիրանի մասին, նշում է, որ ցանկության մեղավոր բնույթը ճանաչելի չէր լինի, եթե օրենքն ասած չլիներ` մի՛ ցանկացիր (Հռ. 7.7): Քրիստոնեությունը բարոյականության համար անհրաժեշտ արտաքին դրսևորումները փոխադրեց ներքին արտահայտման մեջ` մեղքը դիտարկելով մարդու հոգևոր ներաշխարհում: Դրա համար է, որ Քրիստոս բարկությունը կարծես համարժեք համարեց մարդասպանությանը, իսկ կնոջը ցանկությամբ նայելը` շնությանը (Մատթ. 5.21-22, 27-28): Սուրբ Ներսես Շնորհալին «Հավատով խոստովանիմ» խորագրով իր քսանչորս աղոթքներից մեկում խնդրում է, որ Աստված իրեն զորություն տա, որպեսզի աչքերը չնայեն արատավոր բաների, և ականջները չլսեն մեղսալի, անպարկեշտ, չար խոսքեր: Քրիստոնեությունն անգամ լսելու և տեսնելու մեջ է դնում բարոյական սկզբունքներ` ի տարբերություն այլ օրենքների, որոնք ուշադրություն են դարձնում միայն արտաքին արարքներին, արտաքին գործողություններին: Այսօր ոչ միայն մարդկանց հետ հաղորդակցության մեջ, այլև հաճախ համացանցից օգտվելիս, հեռուստացույց դիտելիս կանգնում ենք այն անցանկալի իրողության առջև, որը շեշտել էր Ներսես Շնորհալին` անպարկեշտ, մեղսալի բաներ տեսնելու կամ լսելու վտանգը: Պետք է զգոն լինել. առօրյայի, ներկա տեղեկատվության ու զվարճանքների հորձանուտում գայթակղություններ, մեղսալի տեսարաններ են աչքի զարնվում, բայց այլ է դրանց հանկարծակի աչքի ընկնելը, և այլ է, երբ մարդը հավանություն է տալիս այդ պատկերներին ու տեսարաններին` դրանք մեղավոր հաճույքով դիտելով, ընդունելով և դրանով իսկ ընկնելով մեղքի մեջ:
Պե՞տք է արդյոք ծնողներն առաջին հերթին հատկապես բարոյական բարձր արժեքներ սերմանեն իրենց երեխաների մեջ:
«Հոգին է կենդանարար» (Հովհ. 6.64): Հոգին է, որ մարմնին կենդանություն է տալիս: Եվ ինչպես, Եղիշե պատմիչի խոսքերով, հոգին առավել է, քան մարմինը, այդպես էլ պետք է առավել ջանադրություն ցուցաբերել հոգևորի համար: Այդ պատճառով Հայ Առաքելական Եկեղեցին ճիշտ է համարում մանկամկրտությունը, երեխաների հոգևորի համար ծնողների հոգալը դեռևս վաղ հասակից: Կրոնական տեսակետից մեղքի հակառակը բարոյականությունը չէ, այլ հավատը, և ծնողներն առաջին հերթին չպետք է փորձեն բարոյական բարձր ուսուցումներ տալ երեխաներին, որոնք մանուկներին անհասկանալի կարող են թվալ, այլ զորացնել նրանց հավատքը: Սրա ակնարկը տեսնում ենք Պողոս առաքյալի խոսքի մեջ. «Իբրև մանուկներ ի Քրիստոս կաթ տվեցի ձեզ և ոչ` կերակուր, քանի որ դեռ կարող էլ չէիք» (Ա Կորնթ. 3.2):
Եթե կրոնը լիներ միայն բարոյական պահանջներ ներկայացնող, ապա այդ դեպքում քրիստոնեությունը կվերածվեր սովորական բարոյագիտության կամ բարոյական, էթիկական ուսուցումների համակարգի: Մինչդեռ հավատքի զորացումը բերում է Աստծո վեհ, առաքինի, բարոյական պատվիրանների համաձայն ապրելու վճռականությունը, ինչպես նաև շնորհը և ուժը` այդ պատվիրաններով ապրելու համար:
Համարվում է, որ բարոյական արժեքները այն համամարդկային արժեքներն են, որ գոյություն ունեն տեսականորեն և որոնց բովանդակությունը կապ չունի հասարակության զարգացման որևէ կոնկրետ պատմական շրջափուլի կամ էթնիկական ավանդույթի հետ: Իսկապե՞ս այդ արժեքները համընդհանուր են բոլորի համար:
Քրիստոս Իր համբարձումից առաջ առաքյալներին ասաց. «Գնացե՛ք ուրեմն աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցե՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթ. 28.19-20): Հետևաբար, Քրիստոս Իր պատվիրաններն ու ուսուցումներն ընդհանուր է համարում աշխարհի բոլոր ժողովուրդների համար: Քրիստոսի պատվիրաններն ընդհանուր են, որովհետև դրանք վերաբերում են Աստծո կողմից ստեղծված մարդու հոգուն, զգացումներին, առ Աստված ձգտումին և այլ հատկանիշներին, որոնք համընդհանուր են բոլոր մարդկանց համար: Պողոս առաքյալը նույնպես ասում է, որ Քրիստոսով այլևս խտրություն չկա հրեայի և հեթանոսի միջև (Գաղ. 3.28): Հրեաները խտրություն էին դնում իրենց և այլ ժողովուրդների միջև` շեշտելով Աստծո կողմից ընտրյալ ժողովուրդ լինելու հանգամանքը: Բայց Քրիստոսի պատվիրանով, նաև առաքյալի ուսուցումով վերացվում էր ժողովուրդների միջև խտրականությունը, որով և բոլորի համար ընդհանուր էին դառնում քրիստոնեական արժեքները:
Կրոնական-բարոյական արժեքները վեր են նաև ժամանակի իշխանությունից, քանզի Քրիստոս ասում է. «Երկինք ու երկիր կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի» (Մարկ. 13.31): Սա նշանակում է, որ Քրիստոսի պատվիրանները տրված են բոլոր ժողովուրդների համար բոլոր ժամանակներում:
Երբ փոքր երեխան նոր է քայլել սովորում, սովորաբար ծնողները հատուկ ուշադրություն են դարձնում տան անվտանգությանը` փակելով վարդակները, թաքցնելով սուր առարկաները և այլն: Ինչպե՞ս կարելի է ապահովել երեխայի բարոյական անվտանգությունը պատանեկության տարիներին:
Երեխայի հոգևոր-բարոյական անվտանգությունն ապահովելու համար երեխան պետք է լինի Եկեղեցու ներսում: Եկեղեցի ասելով` մենք նախ հասկանում ենք հավատացյալների հավաքականությունը: Այս իմաստով երեխան պետք է շրջապատված լինի հավատավոր մարդկանցով, զգա նրանց բարերար ազդեցությունը, ստանա բարի խրատներ և օրինակներ: Սակայն շատ կարևոր է նաև եկեղեցի-աղոթավայրի ներսում երեխայի հաճախակի գտնվելը: Միայն եկեղեցում է մարդն ունենում այնպիսի հոգեվիճակ, մտքի այնպիսի ընթացք, հոգու անդորր ու խաղաղություն, որ որևէ այլ տեղ ունենալ չի կարող: Եկեղեցու ներսում հոգևոր երգեցողությունը, հնչող աղոթքները, արարողություններն այնպիսի ներդաշնակություն և հանգստություն են բերում մարդու մտքին ու հոգուն, որը մեկ այլ վայրում զգալ հնարավոր չէ: Ճիշտ է, կարող ենք ցանկացած տեղում էլ աղոթել, և Աստված Իր ամենակարողությամբ ու ամենագիտությամբ մեզ ամեն տեղից էլ կլսի, բայց եկեղեցու ներսում է լինում արդյունավետ աղոթքը, որ միասնություն ու հաղորդակցություն է Աստծո հետ: Եկեղեցու ներսում սրբապատկերները, խաչի պատկերները, հավերժություն խորհրդանշող առարկաները չեն թողնում, որ մեր միտքը ցրվի այլ բաներով և այն բարձրացնում են դեպի Աստված: Նաև այս իրողությամբ եկեղեցու ներսում մարդը կարող է հոգով առավել զորանալ: Հետևաբար, երեխայի հոգևոր և բարոյական անվտանգության, առաքինի կյանքի հաստատման համար շատ կարևոր է, որ երեխան լինի եկեղեցու ներսում:
Որոշ ծնողներ փորձում են քսանչորսժամյա հսկողության տակ պահել իրենց դեռահաս զավակներին` պտտվելով նրանց շուրջը և հսկելով յուրաքանչյուր քայլը: Երբեմն ծնողների նման պահվածքն է դրդում պատանուն հմտորեն թաքցնել արդեն գործած արարքը: Պարզ է, որ հսկողությունը հարցի լուծում չէ: Իսկ որո՞նք են լուծումները:
Մշտական հսկողությունը, պարտադրանքը կարող են հակառակ հետևանքների հանգեցնել: Քրիստոնեությունը պարտադրանքներով չի հաստատում իր ճշմարտությունը և մեծապես կարևորում է ազատ ընտրությունը: Երբ Քրիստոս իր առաքյալներին երկու-երկու ուղարկեց քարոզչության (Մարկ. 6.7, Ղուկ. 10.1), ասաց. «Եթե մի քաղաք չընդունի ձեզ և չլսի ձեր խոսքերը, այդ քաղաքից դուրս գնալիս ձեր ոտքերից փոշին թոթափեցե՛ք» (Մատթ. 10.14, Մարկ. 6.11, Ղուկ. 10.11): Քրիստոս սովորեցրեց, որ ազատ կամքի ընտրությամբ պետք է հաստատվեն քրիստոնեական բարձր արժեքները, ապրելակերպը: Այսպես նաև երեխային պետք է ոչ թե պարտադրել, այլ թողնել ազատ ընտրության` ճիշտ ուղղորդելով նրա ընտրությունը: Պետք է քրիստոնեական պատվիրանները, ապրելակերպը մատուցել հրապուրանքով, որպեսզի դրանք ցանկալի լինեն երեխաներին: Երբ երեխաները սկսում են հավատալ, նրանց հավատը մեծահասակների հավատից ավելի ուժեղ է լինում առ Աստված վստահության մեջ, որովհետև նրանց մտքերը, հոգին, հայացքը պարզ ու վճիտ են և դեռ չեն ընդարմացել մեղքերով: Սրա համար էր, որ Քրիստոս իր մոտ կանչեց մի մանուկ և նրան ցույց տալով` ասաց աշակերտներին. «Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես, Երկնքի արքայությունը չեք մտնի» (Մատթ. 18.2-3):
Երեխան մեծապես սիրում է Աստծուն: Մենք երեխային չենք սովորեցնում սիրել լույսը. նրանում արդեն այդ ձգտումը, հակումը կա: Այսպես և երեխային չենք սովորեցնում սիրել Աստծուն, այլ փոքրիկը, իմանալով Աստծո մասին և հավատալով Նրան, մեծապես սիրում է: Դրա համար երեխաների դաստիարակությունը հարկ է իրագործել մանկական հոգեբանության լուրջ գիտակցումով: Չպետք է չոր ու կտրուկ կարգադրություններ անել` սա չի՛ կարելի, սա արգելվա՛ծ է, պե՛տք է անես այս կամ այն, ինչը բռնության զգացում և հակառակություն է բերում: Այլ հարկ է սովորեցնել և ասել` Աստված պատվիրել է անել այս կամ այն, Աստված ուզում է, որ այսպես վարվենք, Աստծուն դուր չի գա, երբ այդ արարքը գործես, Աստծուն կտխրեցնես քո այս մի քայլով: Եվ երեխան, իմանալով Աստծո կամքը, Աստծո հանդեպ իր մեծագույն սիրով կջանա անել Աստծուն հաճելի արարքներ և հեռու մնալ այն քայլերից, որոնք տանում են դեպի մեղքը:
Ինչի՞ց է երևում, որ պատանի դարձած երեխան բարոյական բարձր արժեքներ ունի:
Երեխաների և մեծերի համար հոգևոր-բարոյական արժեքների հետևորդ լինելու նշանները տարբեր չեն, դրանք բոլորի համար էլ նույնն են: Քրիստոս ասում է. «Ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս, և չար ծառ չար պտուղ է տալիս» (Մատթ. 7.17, Ղուկ. 6.43), «փշերից թուզ չեն քաղում և ոչ էլ մորենուց` խաղող: Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը` չարն է բխեցնում» (Ղուկ. 6.44-45): Այսպես, գործերով երևում է մարդկանց այս կամ այն արժեքի կրող լինելը: Սակայն միայն գործերը չեն կարող վկայել հավատքի մասին, որովհետև աթեիստները ևս կարող են գովելի գործեր անել: Գործերի դեպքում սրտի ու մտքի մաքրությունն է դրանք արժևորում, ներքին մտայնությունն է, մտադրությունն է դրանք պայմանավորում, որոնք անտեսանելի են տեսանելի գործերի ետևում: Այդ իսկ պատճառով պետք է արտահայտվի նաև մարդու կրոնական բարեպաշտությունը, որը ենթադրում է ոչ միայն ներքին հավատք և արտաքին գործեր, այլև նախանձախնդրություն կրոնական արժեքների տարածման, հոգևոր-բարոյական կյանքի զորացմանն ուղղված քայլեր: Այսօր շատ են պասիվ հավատացյալները, որոնք այլ կերպ կոչվում են նաև գաղջ հավատացյալներ: Այս վիճակը Քրիստոս մեծապես դատապարտում է` ասելով. «Գիտեմ քո գործերը, դու, որ ո՛չ սառն ես և ո՛չ տաք. երանի դու սառն լինեիր և կամ տաք. իսկ դու գաղջ ես` ո՛չ տաք, ո՛չ էլ սառն» (Հայտն. 3.15-16): Գաղջությունը կարծես բնորոշ է դարձել այսօրվա շատ հավատացյալների. այն վերացնելու համար հավատք ունենալուց և երբեմն հավատքին համարժեք գործեր անելուց բացի պետք է ցուցաբերել նախանձախնդրություն` կրոնական արժեքները տարածելու, դրանցով շրջապատը բարեփոխելու և համընդհանուր հոգևոր նկարագիրը զորացնելու:
Որտե՞ղ է երեխան ստանում պատկերացումներ բարոյական արժեքների մասին: Որի՞ դերն է առաջնային` ընտանիքի՞, դպրոցի՞, շրջապատի՞ կամ միգուցե ինքնակրթությա՞ն:
Երեխան նախ և առաջ մեծանում է ընտանիքում, այստեղ առաջին անգամ տեսնում ծնողների վարվելաձևը, զգում նրանց արժեհամակարգը: Նախ ընտանիքում երեխան պետք է դաստիարակություն ստանա, որովհետև ընտանիքը ևս եկեղեցի է, ինչպես ասում է Կաթողիկոս Գարեգին Հովսեփյանցը, և այդ եկեղեցու քահանան ընտանիքի մայրն է: Դպրոցում հաճախ տրվում են գիտելիքներ, որոնք որևէ կապ չունեն հոգևոր-զգացական ոլորտի հետ, հոգևոր նկարագիր կերտելու հետ, այլ վերաբերում են միայն մտքին, բերում գիտելիքներ և իմացություն` ինչպես օրինակ քիմիան, ֆիզիկան, մաթեմատիկան, քերականությունը և այլն: Բայց այստեղ կարևոր է ուսուցչի կերպարը, որովհետև ուսուցիչը հատկապես երեխայի համար օրինակման, իդեալական կերպար լինելու աղբյուր է և իր օրինակով կարող է դաստիարակել երեխաներին, նրանցում ամրապնդել հոգևոր-բարոյական արժեքներ, կերտել աստվածահաճո դիմագիծ: Շրջապատը նույնպես կարող է լավ կամ վատ ազդեցություն ունենալ` ըստ այդ շրջապատի բնութագրի: Սակայն երեխայի մեջ դրված ամուր հիմքը հետագայում անսասան է մնում շրջապատի կողմից: Այսպիսի օրինակներ մենք ունենք Աստվածաշնչից: Ղովտն իր ընտանիքով ապրում էր Սոդոմ քաղաքում, որ կորած էր անբարոյականության, անառակության մեղքերի մեջ, ինչի պատճառով էլ և կործանվեց: Սակայն այդ քաղաքում ապրելով` Ղովտը պահպանել էր իր և ընտանիքի նկարագիրը (Ծննդ. 13.12-13, 18.20, 19.1-3, 7, 16): Քրիստոս վայ է տալիս մեղսալի քաղաքներին, որոնցից էր Բեթսայիդան (Մատթ. 11.21, Ղուկ. 10.13): Բայց հենց այդ քաղաքից էին Քրիստոսի հինգ առաքյալները` Պետրոսը, Անդրեասը, Փիլիպպոսը (Հովհ. 1.44, 12.20), ինչպես նաև Հակոբոսն ու Հովհաննեսը: Սակայն հակառակ պարագան էլ կարող ենք տեսնել: Հուդան իր կյանքի մի կարևոր հատված եղավ Քրիստոսի և առաքյալների շրջապատում, սակայն դա չբարեփոխեց նրան, քանզի նա գող էր (Հովհ. 12.4-6) և ի վերջո նաև ուրացող ու մատնիչ դարձավ:
Երեխայի, ինչպես և մեծահասակների մեջ հավատքի և բարոյական արժեքների ամրապնդման համար մեծ դեր ունի Սուրբ Գրքի ընթերցանությունը, որը հոգևոր շահ է բերում մարդկանց, և փոխակերպում ու դարձնում առավել լավը, որովհետև այդպիսին է Աստծո խոսքի զորությունը: Քրիստոս ևս ասում է. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթ. 4.4, Ղուկ. 4.4):
Տեր Ադամ քհն. Մակարյան