Բազպան

Բազպանը պատարագիչ հոգևորականի զգեստի մաս է: Այն կերպասե թևնոց է, որ կրում է հոգևորականը իր աջ և ձախ ձեռքերին՝ դաստակից մինչև արմունկը՝ իբրև վահան չարի դեմ, որպեսզի կարողանա սրբությամբ սպասավորել Աստծուն: Բազպանը կարվում է զգեստի կտորից, յուրաքանչյուրի վրա մեկական խաչով:

Կան երկու տեսակի բազպաններ.

1. Բազպանը դրվում է թևի վրա և տակի կողմից երկու ծայրերը իրար մոտեցնելով ամրացվում է կոճակներով և կամ էլ ամրակապով կապվում է թևին:

2. Թևը մտցվում է բազպանի մեջ և ետևից քաշելով հասցվում է մինչև արմունկը:

Քահանան զգեստավորման ընթացքում բազպանները հագնելիս աղոթում է՝ ասելով. «Տուր Տեր զօրություն ձեռին իմոյ եւ լուա զամենայն աղտեղությունս իմ, որպեսզի կարող լինիցիմ սպասավորել քեզ անախտութեամբ հոգւոյ եւ մարմնոյ»: Երկու ձեռքերի պարագային էլ նույն աղոթքն է ասվում: Պատարագիչ հոգևորականը այս աղոթքով խնդրում է, որ Աստված իր ձեռքերին զորություն տա, որպեսզի անախտությամբ կարողանա սպասավորել Սբ. Սեղանի առջև և իրականացնել խորհուրդ խորինը: Մարդկային տկարությունը երբեք չի կարող քաջալերել այդ խորհուրդը կատարելու: Հետևաբար, երբ բազպաններն է կապում քահանան և ընթերցում այդ աղոթքը, ցույց է տալիս, որ այս խորհուրդն առանց Աստծո զորության, առանց Աստծո շնորհի և այդ շնորհի ներգործությամբ հնարավոր չէ իրականացնել:

Բազպաններն ունեն նաև գործնական նշանակություն. նրանք շապիկի թևերը հավաքված են պահում, որպեսզի արգելք չլինեն Սբ. Սեղանի սրբագործությունների ժամանակ:

19.03.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․