25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
«Եկան Բեթսայիդա. և Նրա առաջ բերեցին մի կույրի ու աղաչում էին, որ դիպչի նրան: Եվ Նա բռնելով կույրի ձեռքից` գյուղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց և ձեռքը նրա վրա դրեց. և հարցնում էր կույրին, թե բան տեսնո՞ւմ է: Նա բացեց աչքերը և ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպես ծառեր»: Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրա. կույրը իր աչքերը բացեց և տեսնում էր. բժշկվեց և ամեն ինչ հստակ տեսնում էր: Նրան իր տունն արձակեց և ասաց. «Գյուղ մի մտիր, այլ գնա քո տունը, իսկ երբ գյուղ մտնես, գյուղում ոչ ոքի չասես»» (Մարկ. 8.22-26):
Քրիստոս եկել էր մարդկանց կուրացած հոգիները բժշկելու: Ս. Գրիգոր Տաթևացին ասում է, որ մարդն ունի երեք տեսողություն:
Առաջինը մարմնավոր աչքերն են, որոնցով տեսնում է աշխարհը և ճանաչում ամեն ինչ: Եվ ամեն մեկը չէ, որ լավ տեսողություն ունի. կա թույլ տեսողություն ունեցող, կա կույր և կա շատ լավ տեսնող: Երկրորդը մտավոր տեսողությունն է, որովհետև Աստված մեր մտքին թռիչք է շնորհել. մեր մտքով տեսնում ենք երևույթներ, իրողություններ, որ մարմնավոր աչքերով չենք տեսնում, ինչպես երազները, տեսիլքները և այլն: Եվ ամեն մեկը չէ, որ մտքի լավ երևակայություն, մտապատկերներ ունի: Կա, որ հստակ է, կա թույլ և կա դժվար, որովհետև կան մտագարներ, մտավոր հետամնացներ, թույլեր, տկարներ, որ մտքի տեսողությունից շատ թույլ են: Եվ երրորդը հավատքի տեսողությունն է, որ մեր սրտի մեջ Աստված է դրել: Եվ բոլորը չէ, որ օժտված են հավատքի տեսողությամբ. կան սուրբեր, ովքեր կատարյալ հավատքի տեսողությամբ են օժտված, կան սովորական մարդիկ, ովքեր ունեն հավատք, բայց այն թույլ է, չեն զարգացրել իրենց հավատքը, չեն նմանվում սրբերին, բայց Աստծու ողորմությանն են ապավինում: Եվ կան անհավատներ, որ չեն հավատում Աստծուն, այլ ինչպես Ս. Դավիթ մարգարեն է ասում՝ «Անզգամն ասաց իր սրտում, թե՝ «Աստված չկա»» (Սղմ. 52.1): Իրապես, Աստծո գոյությանը չհավատալը անզգամություն է: Եվ այս կույր մարդը կարծես այդ երեք կարգի մարդկանց էր խորհրդանշում, որովհետև չէր տեսնում ոչինչ, բայց եկավ և Տիրոջ առջև ընկավ: Երբ Քրիստոս թքով թրջեց նրա աչքերը, նա սկսեց տեսնել մարդկանց ծառերի նման, բայց դեռ կատարյալ տեսողություն չէր ստացել: Իսկ երկրորդ անգամ, երբ Քրիստոս ձեռքերը դրեց նրա աչքերի վրա, բժշկվեց: Ճիշտ այդպես էլ այս աշխարհում, քանի դեռ մարդը մեղքի, չարիքների և անօրինությունների մեջ է թավալված, չի տեսնում Տիրոջ ողորմությունը, չի հավատում Նրան, չի հասկանում, որ Աստված ոչնչից է ստեղծել ամեն ինչ: Բայց երբ զղջում է ու դարձի գալիս, սկսում է հավատալ աստվածային ողորմություններին, սակայն պարզ աչքերով դեռևս հստակ չի տեսնում այն խոստումներն ու բարիքները, որ Աստված պարգևել է մարդկանց, այլ տեսնում է ինչպես ծառեր, որովհետև դեռևս ամբողջապես մեղքերից չի հրաժարվել ու ձերբազատվել, այլ իր հին սովորությունները, մեղքերի հակումները թույլ չեն տալիս, որ աստվածային, երկնային իրողություններն ու ճշմարտությունները տեսնի հստակ, մաքուր հավատքի տեսությամբ: Եվ ասում էր կույրը. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպես ծառեր»: Եվ աղոթքով, ապաշխարությամբ, սրտի զղջումով դիմում է Քրիստոսին, որպեսզի մաքրի իր հավատքի տեսողությունը և կատարյալ հավատք շնորհի իրեն: Երբ անկեղծ է փափագը, երբ իրապես փնտրում է մեղավորը, ապա գտնում է, եթե բախում է, ապա բացվում է նրան, եթե հայցում է, ապա ստանում է, և եթե խնդրում, պաղատում է, ապա տրվում է նրան: Եվ Քրիստոս վերջնականապես է բժշկում մեղավորին և բացում է նրա աչքերը, և տեսնում է ամեն ինչ հստակ: Եվ հասկանում է, որ Աստված ոչնչից ստեղծել է ամեն ինչ: Եվ երկինքն ու երկիրը, տիեզերքն ու տարերքը, կենդանիներին, գազաններին ու թռչուններին շնորհել է մարդկային բնությանը: Եվ ոչ միայն այս, այլ նաև Իր միածին Որդուն է ուղարկել, որպեսզի փրկի աշխարհը, որպեսզի Իր խաչի մահվամբ ու զոհաբերությամբ կյանք շնորհի մարդկային բնությանը: Նաև Սուրբ Հոգին է պարգևել աղավնակերպ տեսքով, հրեղեն լեզուների և ամպի տեսքով: Ինչպես նաև խոստացել է հավիտենական Երկնքի Արքայությունը, անանց ուրախություններն ու հավիտենական բարիքները: Այս բոլորը Աստված մարդուն է շնորհել: Եվ երբ մարդու հոգևոր տեսողությունը կատարելապես բացվում է, ապա ճանաչում է աստվածային բոլոր բարիքները, ապրում է Տիրոջով` ազատ մեղքերից, ուրախ, խաղաղ և երջանիկ կյանքով: Եվ ինչպես Ս. Դավիթ մարգարեն է ասում՝ «Տեր, քեզնից է կյանքի աղբյուրը, և երեսիդ լույսով ենք լույսը տեսնում» (Սղմ. 35.10), այսինքն` Տեր Աստված, Քո Լույսով եմ տեսնում: Եվ այս խոսքերի մասին Ս. Գրիգոր Տաթևացին ասում է, որ մարդը հավատքի լույսը աստվածային շնորհով է տեսնում. ինչպես մարդու մարմնավոր աչքերը լույսը տեսնում են միայն արեգակի լույսով, որովհետև, եթե արեգակի լույսը չընկնի մեր աչքի ոսպնյակի մեջ և մեր աչքի ամենախորքը չլուսավորվի աստվածային արեգակի լույսով, ապա մենք որևէ բան չենք տեսնի: Ճիշտ այդպես էլ՝ «երեսիդ լույսով ենք լույսը տեսնում», Քո աստվածային շնորհի լույսով է(մեր հոգու աչքերի խորքն ընկնելով), որ մենք հավատքի լույսն ենք տեսնում և ճանաչում աստվածային իրողությունները: Եվ որքան խորն է ընկնում մեր հոգու մեջ լույսը, այնքան մենք ավելի լավ ենք տեսնում աստվածային աներևույթ իրողությունները, երկնքի զորությունները, շնորհները, աստվածային խոստումները: Եվ որքան թույլ է ներթափանցում մեր հոգու մեջ աստվածային լույսը, այնքան ավելի վատ ենք տեսնում աստվածային իրողությունները, սկսում ենք թերահավատել, ամբողջությամբ չվստահել Տիրոջը, ինչպես այսօրվա կույրն էր առաջին բժշկությունից հետո միայն ծառեր տեսնում, մարդկային կերպարանքները նմանեցնում ծառերի, այդպես էլ մենք աստվածային իրողությունների ստվերներն ենք միայն տեսնում, ծառեր ենք տեսնում և ոչ բուն խորհուրդները: Ուրեմն, ի՞նչ է մեզ մնում. աղոթքով ու պաղատանքով խնդրել և հայցել Տիրոջից, որպեսզի Իր աստվածային շնորհը ամբողջապես հեղի մեր հոգու խորքերը, որպեսզի ինչպես արեգակով է մեր աչքի ոսպնյակը լուսավորվում և տեսնում ամեն ինչ, այդպես էլ աստվածային շնորհի լույսով լուսավորվի մեր միտքը, մեր հոգին, մեր սիրտը, մեր ողջ էությունը: Ամեն:
Տեր Միքայել վարդապետ Գևորգյան