Հունիսի 10-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի հերթական տնայցն այս անգամ ուրախություն պատճառեց Էջմիածին քաղաքի Վռամ Կոստանյան փողոցի 1-ին շենքի 2/24 հասցեում բնակվող կարիքավոր ընտանիքին: Ընտանիքի մայրը՝ Հովսեփյան Անահիտը (46 տ.) միայնակ է խնամում իր երեք անչափահաս երեխաներին: Զրույցի ընթացքում նա Տեր Գրիգորին և համայնքի անդամներին ներկայացրեց իրենց ընտանիքի սոցիալական վիճակը, այն, որ երեխաների դաստիարակությամբ զբաղվելով, ֆիզիկապես ի վիճակի չէ աշխատելու: Քառանդամ ընտանիքի միակ ֆինանսական աղբյուրը՝ դա ընտանեկան նպաստն է, որ կազմում է ընդամենը 32 000 դրամ: Ընտանիքն օգտվում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի և ՀԲԸՄ Էջմիածնի հայորդյաց տան բարեգործական ճաշարանից, ինչի շնորհիվ, ինչպես նշեց Անահիտը, քիչ թե շատ թեթևացել են ամենօրյա ծախսերը, թեև սնունդը չի բավարարում բոլորին:
«Մեծ որդիս սովորում է «Էօրնեկեան հանրակրթական դպրոցում», շատ աշխատասեր է, և մանկավարժները, տեսնելով տղայիս ընդունակությունները, ամեն կերպ ընդառաջում են նրան, որպեսզի դպրոցն ավարտելուց հետո կարողանա կրթությունը շարունակել: Աղջիկս էլ մեծ սեր ունի պարելու, բայց ֆինանսական խնդիրները թույլ չեն տալիս, որ կատարեմ աղջկաս ցանկությունը»,- պատմում էր Անահիտը:
Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի աջակցությամբ գնված սննդի փաթեթներ, անկողնային և հիգիենայի պարագաներ ու դրամական օգնություն, որպեսզի Անահիտը կատարի իր աղջկա ցանկությունը:
«Իմացի՛ր, ողորմություն տալն արվեստ է և բոլոր արվեստներից գերազանց, որը դժոխքից փրկելով՝ արքայություն է պարգևում» (Սբ. Բարսեղ Մեծ):
Հայոց պատմության էջերը ևս մի շարք օրինակներով հիշեցնում են հայ քրիստոնյային արվեստներից բարձրագույնի՝ ողորմության մասին: Վառ օրինակներից է 10-րդ դարի հայոց արքան՝ Աշոտը, ով, ողորմածության առաքինությանը հետևելով, Ողորմած մականունը ստացավ: Նրա բարեպաշտ և գթասեր գործերով առատ է պատմությունը: Իր ժամանակի պատմիչ Ասողիկը հաստատում է, որ. «Խոնարհությամբ և ողորմությամբ գերազանցեց ամենքին»: Աշոտ թագավորը եկեղեցիների հետ միասին շինել է նաև հիվանդանոցներ և բորոտանոցներ, որոնց մեջ շատ անգամ ինքն անձամբ սպասավորում էր այդ վարակիչ ախտերով վարակված հիվանդներին: Պատմվում է նաև, որ գոնջերին, կաղերին, և կույրերին հավաքում էր իր պալատը և իրեն սեղանակից էր անում, իր արքայական բաժակով նրանց ըմպելիք էր մատուցում և գավաթի տակը մնացածն էլ ինքն էր խմում: Իսկ իր առատաձեռնությանը չափ ու սահման չկար: Ասողիկ պատմիչը հաստատում է, որ իր մահվանից հետո արքայական գանձարանի մեջ դրամ չէր մնացել, մինչև իսկ զարդերը, դրամի վերածելով, բաշխել էր կարոտյալներին:
Կարինե Սուգիկյան