Մի մարդ մոլորվեց անտառում ու մի հսկայի հանդիպեց: Վերջինս բռնեց ճամփորդին ու հուժկու ձայնով ասաց.
- Այսուհետև ի՛մ ստրուկը կլինես:
Բայց մարդն իր մեջ արիություն գտավ ու պատասխանեց.
- Ո՛չ, ավելի լավ է սպանես ինձ, քան քո ստրուկը լինեմ:
Հսկան մռնչաց կատաղությունից ու խփեց գերյալին: Մարդն ընկավ, իսկ երբ ուշքի եկավ՝ որոշեց մտքում. «Ծեծին կդիմանամ, բայց չեմ հանձնվի չարագործին»:
Հետո նայեց հսկային ու շատ զարմացավ, քանի որ նրա հասակը կարճացել էր:
- Կամ իմ ստրուկը կդառնաս կամ կսպանեմ քեզ,- զայրույթով բղավեց հսկան: Եվ ամեն կողմից հարվածներ տեղացին մարդու վրա: Բայց ամեն հարվածի հետ հսկան ավելի ու ավելի էր փոքրանում: Ահա արդեն բոլորովին անճոռնի թզուկի վերածվեց…
Այնժամ մարդը դժվարությամբ ոտքի կանգնեց ու ցավն արհամարհելով՝ ծիծաղեց.
- Ահա՛, թե բանն ինչում է: Դու տանել չես կարողանում մարդու համբերությունը, այդ պատճառով էլ կորցրեցիր ուժդ ու հասակդ: Այժմ չեմ վախենում քեզանից:
Այս խոսքերը լսելով՝ թզուկը ահից դողաց, կծկվեց ու մկան պես ժայռի ճեղքի մեջ մտավ: Եվ այն օրվանից այլևս չհայտնվեց մարդուն, որն իր խիզախությամբ ու համբերությամբ հաղթեց հսկային:
«Ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծու կամքը կատարելով, հասնեք նրա խոստմանը» (Եբր. 10:34):
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի