Չամուսնանալու գլխավոր պատճառները

Ըստ www.worldometers.info կայքէջի այս տարվա հուլիսի 31-ի տեղեկատվության՝ աշխարհում ապրում է շուրջ 8.1 միլիարդ մարդ: Բնականաբար չի կարելի նշել ճշգրտորեն 8.1 միլիարդ մարդկանց մեջ չամուսնացած մարդկանց թիվը, սակայն նկատի առնելով երկրներում ապրող ամուրի մարդկանց թիվը, կարելի է ասել, որ այդ թիվը շուրջ 2 միլիարդ է:  

Ամուրի մնալը զուտ անհատական որոշում է, և դրա տոկոսաչափը տարբերվում է երկրների, ազգերի և կրոնների միջև: Չամուսնանալու պատճառը մեկը չէ, այլ մի քանիսը, ուստի այս հոդվածի միջոցով փորձում եմ ցույց տալ այդ գլխավոր պատճառները, որպեսզի միգուցե դրանք իմանալով՝ հայ ազգի մեջ շատանա ամուսնության թիվն ու ծննդաբերությունը, որովհետև ազգի գոյատևման պահանջներից է ընտանիք կազմելը, բազմազավակությունը և սերնդափոխությունը:   

Ամուսնություն կամ Սուրբ պսակ: Այս հոդվածում քննարկում եմ ամուսնությունը ընդհանուր առմամբ՝ առանց անդրադառնալու այդ ամուսնության գրանցման տեսակին՝ եկեղեցական կամ քաղաքացիական: Եվ որովհետև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի յոթ խորհուրդ, որից հինգերորդը Սուրբ պսակն է, ուստի տղամարդու և կնոջ միավորման և զուգման միակ ճիշտ միջոցը Սուրբ պսակն է, որ տեղի է ունենում եկեղեցում, Բարձրյալի փոխանորդի՝ քահանայի միջոցով, իսկ քաղաքացիական ամուսնությունը պետականորեն ընդունված է, բայց ոչ աստվածաշնչականորեն և եկեղեցականորեն:  

Չամուսնանալու գլխավոր պատճառներն են․

Ուսումը: Ճիշտ է, որ դարեր ի վեր գոյություն ունեն համալսարաններ աշխարհի տարբեր երկրներում, օրինակ՝ Անգլիայում (Oxford 1096 և Cambridge 1209), Ֆրանսիայում (Paris 1200 - 1230), Իսպանիայում (Salamanca 1218), ԱՄՆ-ում (Harvard 1636) և այլ երկրներում, ու այնտեղ սովորել ու ավարտել են մեծաթիվ ուսանողներ, սակայն վերջին ժամանակներում որոշ երկրներում շեշտը դրված է երկար տարիների ուսման անհրաժեշտության վրա: Այստեղ խոսքը չի վերաբերում միջնակարգ և ավագ դպրոցների 12 տարվա ու համալսարանի բակալավրիատի ուսմանը, այլ դրանից հետո երկար տարիների ուսումնական շրջանին՝ մագիստրատուրա,  ասպիրանտուրա, դոցենտ և պրոֆեսոր:

Այո, համալսարանական ուսումնական տարիները, տարբեր առարկաներից գիտություններ ստանալը, պրոֆեսորական անձնակազմին ծանոթանալն ու նրանց ցուցմունքներից և փորձառությունից սովորելը այժմեական է բոլոր ժամանակների համար, մանավանդ ներկա տեխնոլոգիական դարում, սակայն միաժամանակ չպետք է տարածվի «Հասնեմ նվազագույնը ասպիրանտուրայի և դրանից հետո կպսակվեմ ու ընտանիք կկազմեմ» գաղափարը, որպեսզի ամուսնության նվազագույն տարիքը չբարձրանա 27-28-ի, եթե ասպիրանտուրան լինելու է համալսարանական ուսումնական վերջին կանգառը:

Երկար տարիներով ուսանելը մի խմբի մարդկանց համար չամուսնանալու կամ նույնիսկ ուշ ամուսնության պատճառներից մեկն է, որովհետև տրամաբանական և հոգեբանական մոտեցումներով 30-35-ից հետո ամուսնանալու փափագը երիտասարդների ու երիտասարդուհիների մոտ նվազում է ընդհանուր առմամբ: Այլ խոսքով՝ չի կարելի ասել, թե 35-40 տարեկան բոլոր անձանց մոտ ընտանիք կազմելու փափագը  20 տարեկանի նման է:  

Աշխատանքի տեսակը: Կան աշխատանքի տեսակներ, որոնք ուշացնում են ամուսնության տարիքը և նույնիսկ ջնջում են մտքից ամուսնանալու գաղափարը ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց մոտ: 2021-ի ապրիլի 15-ին The Guardian կայքէջը հրապարակել է «Ամուսնացած է աշխատանքի հետ: Ինչպես երկարաժամյա աշխատանքային մշակույթը մարդկանց պահում է ամուրի և միայնակ» խորագրով հոդված:

Պաշտոնը: Պաշտոն ունենալը որոշ ամուրի երետասարդների համար չամուսնանալու պատճառներից մեկն է: Այստեղ անձի կետրոնացումը իր պաշտոնն է՝ հանդիպումներ ունենալ, ժողովներ գլխավորել, ծրագրեր մշակել, քննարկումներ կատարել, վերլուծումներ անել, հաշվետվություններ պահանջել, հրահանգներ տալ և այլն: Մարդու կյանքի մեծ մասը տրամադրված է իր գործին, նրա բազմազբաղ մթնոլորտի մեջ գոյություն չունի ամուսնանալու ու ընտանիք կազմելու ծրագիրը:  www.marriage.com կայքէջում 2023-ի  հոկտեմբերի 25-ին հրապարակված է «Ինչո՞ւ եմ ես միայնակ: 15 պատճառ, թե ինչու մարդիկ հաճախ միայնակ են մնում» խորագրով հոդված, և այնտեղ նշած է, որ զբաղվածությունը այդ պատճառներից մեկն է:   

Սղությունը: Սղությունը չամուսնանալու պատճառներից մեկն է: Նախապես ամուսնությունը հեշտ էր՝ բազմասենյակ տան սենյակներից մեկը տալիս էին երիտասարդ տղային, և հարս էր գալիս այդ պապենական օրհնյալ տան մեջ: Ներկայումս այդ պապենական տան մեջ ապրելու գաղափարը քիչ տեղ ունի երիտասարդների շրջանում, որովհետև նոր սերունդը ուզում է անջատվել, ապրել անկախ, իր անձնական տան մեջ: Բայց այդ անկախությունը ունի իր գինը, որովհետև ներկա ժամանակում տուն գնելն ու դա կահույքով և տեխնիկայով լցնելը հեշտ ու էժան չէ, այլ դժվար է և թանկ: Այդպիսով ամուսնության քայլը ձգձգվում է, և ամուսնանալու փափագը ժամանակի ընթացքում նվազում է որոշ մարդկանց մոտ: Մի պարզ օրինակ՝ մաթեմատիկական հաշվով եթե 300 դոլլար աշխատավարձ ստացող երիտասարդը փափագում է 35.000 դոլլար արժողությամբ տուն գնել, որպեսզի ամուսնանա իր սիրած աղջկա հետ, ուրեմն նա աշխատելու է շուրջ 10 տարի առանց մի կոպեկ ծախսելու, որպեսզի կարողանա գնել այդ տունը, տակավին չենք հաշվարկում տան կահույքն ու էլեկտրական սարքերը, և երիտասարդի 10 տարվա ընթացքում ամենօրյա ծախսերը:  

Վատ բնավորությունը: Կան մարդիկ, որոնց վատ բնավորությունը պատճառ է լինում, որ նրանք չամուսնանան: Օրինակ՝ աղջիկը, որ սոսկալի համառ՝ չզիջող, չլսող, չենթարկվող անձ է: Նա ուզում է, որ միշտ կատարվի իր խոսքը, չի ցանկանում ամուսնանալ, որովհետև ամուսնությունը իրենից պահանջում է փոխհասկացողություն և փոխզիջում, կամ նույնիսկ, եթե փափագի ամուսնանալ,  տղամարդիկ խուսափում են իրենից:   

Սխալ մտածելակերպը: Սխալ մտածելակերպը որոշ մարդկանց համար ամուրի մնալու պատճառներից մեկն է: Օրինակ՝ մի տղամարդ, որի մտքում արմատացած է կասկածամտության ծառը, չի ուզում ամուսնանալ, որովհետև որևէ վստահություն չունի կանանց հանդեպ: Նա խորապես համոզված է, որ իր ապագա կինը ինչքան էլ լավը լինի, հաստատ գալու է այն օրը, երբ նա պիտի դավաճանի իրեն՝ շնություն անի այլ տղամարդու հետ: Կամ մի այլ երիտասարդ տղա, փորձում է գտնել ֆիզիկապես ամենագեղեցիկ աղջկան, որպեսզի ամուսնանա նրա հետ, մինչդեռ աղջկա գեղեցկության չափանիշը միայն իր մարմինը չէ, որովհետև կա նաև մտքի, սրտի և հոգու գեղեցկություն: Կամ մի աղջիկ, որ ուզում է, որ իր ձեռքը խնդրի իդեալական տղա՝ ուսյալ, գեղեցիկ, բարձրահասակ, հարուստ, մեծ պաշտոնի մարդ, մինչդեռ նույն աղջիկն իսկ իդեալ չէ:   

Տան վիճակը: Տան ներքին հոգեմտավոր վիճակը չամուսնանալու պատճառներից մեկն է որոշ մարդկանց դեպքում: Ինչպե՞ս երիտասարդ տղան կամ աղջիկը քաջալերվի  ամուսնանալու և ընտանիք կազմելու համար, երբ իր առջև իր ծնողներն ամեն օր վիճաբանում են, զայրանում են, գոռում են, սպառնում են միմյանց: Կամ ինչպե՞ս երիտասարդը մտածի ընտանիք կազմելու մասին, երբ իր ծնողները ամուսնալուծված են, նա երկար տարիներ ապրել է ոչ առողջ միջավայրում՝ հեռու իր հորից կամ մորից, հոգեկան դժվար ապրումներով: Եթե ծնողների միջև սերն ու համերաշխությունը երեխաների մոտ ամուսնության քաջալերանք է առաջացնում, ապա ծնողների միջև անհամաձայնությունն ու վիճաբանությունները որոշ զավակների համար չամուսնանալու պատճառ են հանդիսանում:  

Տակավին կան ամուսնանալ չցանկանալու այլ պատճառներ, օրինակ՝ կոչումը՝ կուսակրոնությունը տղամարդկանց մոտ և միանձնուհի դառնալու մտքերը աղջիկների մոտ, ճամփորդությունն ու նոր միջավայրը, ընտանեկան պարտավորությունները, ազատ կյանք ապրելու տենչը, մտավորական մթնոլորտը, անպատասխանատվությունը, անգործությունը, մեծ տարիքը, ընտանեկան սխալ ավանդույթները, որոշ առողջական խնդիրներ և այլն:  

 

 

Գևորգ սրկ. Նալբանդյան

Աստվածաբանական գիտությունների դոկտոր

 

28.08.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․