22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Հոգևոր կյանքում արթուն և սթափ լինելն անչափ կարևոր է: Հավատքի և աղոթքի մեջ արթուն և հաստատուն լինելու բազում օրինակների կարելի է հանդիպել Հին և Նոր Կտակարաններում: Իսկ մեծագույն օրինակը` մեր Տերը՝ Հիսուս Քրիստոսն է, Ում կյանքի յուրաքանչյուր դրվագը և ուսուցումներն այդ մասին են վկայում ու հիշեցնում: Երբ Քրիստոս անապատում քառասուն օր փորձվում էր չարից, Նա հզոր մի զենք գործածեց՝ Աստծո խոսքը, որով հաղթեց չարի փորձությունները, որոնցից մեկը քողարկված էր Աստծո խոսքով:
Իսկ ձերբակալման գիշերը Գեթսեմանիի այգում Նա Իր առաքյալներին արթուն հսկելու կոչ արեց, իսկ ապա ասաց. «Արթո՛ւն մնացեք և աղոթեցե՛ք, որպեսզի փորձության մեջ չընկնեք: Հոգին կարող է հոժար լինել, բայց մարմինը տկար է» (Մատթեոս 26:41):
Սբ. Պողոս առաքյալն էլ իր նամակներում բազմիցս արթնության կոչ է անում, օրինակ՝ արթուն և պատրաստ լինել Տիրոջ գալստյանը: Նշելով, որ ինչպես գողը գալիս է չսպասված ժամին, այնպես էլ Տիրոջ օրը չսպասված ժամին կգա: Իսկ հետո ավելացնում է. «Քնով չտարվենք ուրիշների նման, այլ արթուն և զգաստ լինենք, որովհետև քնողները գիշերն են քնում, հարբեցողներն էլ գիշերն են հարբում: Բայց քանի որ ցերեկվան ենք պատկանում, պատրաստ լինենք՝ հավատի ու սիրո զրահը հագած և փրկության հույսի սաղավարտը մեր գլխին դրած, որովհետև Աստված մեզ չի ընտրել, որպեսզի Նրա բարկության առարկան դառնանք, այլ որպեսզի ժառանգենք Նրա փրկությունը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով» (Ա Թեսաղոնիկեցիներ 5:6-9):
Չարի հնարքներով և գայթակղություններով լի աշխարհում արթուն լինել նշանակում է գործածել Աստծո պարգևած սպառազինությունը, որովհետև մեր պատերազմը, ինչպես Սբ. Պողոս առաքյալն է ասում, մարդկանց դեմ չէ, այլ երկնքի տակ գտնվող չար ոգիների, իշխանությունների ու պետությունների և այս խավար աշխարհի տիրակալների:
Ինչպես զինվորը չի կարող առանց զենքի պատերազմի դուրս գալ, այդպես էլ քրիստոնյան չի կարող դիմակայել չարի արձակած բոլոր մխացող նետերին, եթե իր մեջքը ճշմարտությամբ ամրացված չլինի, եթե արդարության զրահը, հավատի վահանը, փրկության սաղավարտը, Սուրբ Հոգու սուրը՝ Աստծո խոսքը և խաղաղության Ավետարանը քարոզելու պատրաստակամությունը, որպես կոշիկ, իր վրա չունենա (Եփեսացիներ 6:14-17):
Այս պատերազմի լավագույն ավարտը կախված է նրանից, թե արդյո՞ք բոլորը գիտեն, որ խորամանկ թշնամու դեմ գործածելու նման զենքեր ունեն կամ, եթե մեղքի պատճառով կորցրել են դրանք, արդյո՞ք գիտեն, որ ապաշխարությամբ կարելի է վերագտնել կորցրածը:
Հետևենք այս պատմության իրադարձությանը և խորհենք. «Մի միայնակ կնոջ, մահից առաջ, մի կամավոր է այցելում: Կինը նրան պատմում է իր կյանքի մասին, թե ինչպես է ապրել և աշխատել միայն հարուստ ընտանիքներում, որտեղ իրեն վերաբերվել են որպես հարազատ աղջկա: Նրանց մահից հետո նա ստիպված է եղել բազմաթիվ աշխատանքների անցնել և աղքատ կյանքով ապրել: Կամավորը կնոջը հարցնում է, թե արդյո՞ք նրանք իրեն որևէ ժառանգություն չեն թողել: Կինը ասում է՝ ոչ, այլ միայն ինչ-որ գրություն: Կամավորը կնոջ ձեռքին տեսնում է այդ գրությունը, այն մեծ գումար կազմող մի ժառանգություն էր, որով նա կարող էր իր ամբողջ կյանքը հանգիստ ապրել, այնինչ, չիմացության պատճառով, չէր օգտվել»:
Աստծո պարգևածը ունենալ և չիմանալ այդ մասին, ապավինելով միայն մարդկային սահմանափակ ուժերին, նշանակում է դեպի հավիտենություն ընթացող հաղթական ուղու փոխարեն ուղղակի գոյությունը պահպանել:
Այսպիսով, ժողովրդական առածի համաձայն, ժամանակը թանկ է կամ ոսկի, ժամանակն է արթնանալու և սթափվելու. «Չափազանց արագահոս է մեր կյանքը, բայց նրանում կամ կորցնում կամ ձեռք ենք բերում Հավիտենական Կյանք» (Բարդուղիմեոս Մեծ):
Իսկ Սբ. Հովհաննես Սանդուղքի արթնության հորդորն ուղղված է նրան, որ չլինի, թե մարդը հանկարծ ունենա այն ահավոր օրը և ժամը, որից կարելի է միայն սարսափել, որի ժամանակ ոչ ոք չի կարող նրան պաշտպանել՝ ո՛չ եղբայրը, ո՛չ հարազատը, ո՛չ փառքը, ո՛չ հպարտությունն ու իշխանությունը, այլ կլինի միայն մարդը և իր գործերը:
Զգաստանանք ուրեմն և արթուն լինենք հավատքի, աղոթքի, պատվիրանապահության մեջ, ըստ Սբ. Պետրոս առաքյալի, ամեն ինչից առաջ միմյանց հանդեպ ամուր սեր ունենանք, քանի որ սերը ծածկում է մեղքերի շատությունը, բայց և միևնույն ժամանակ հիշենք նրա այս կոչը ևս՝ արթուն և պատրաստ լինել, որովհետև ձեր թշնամին՝ սատանան, առյուծի նման մռնչալով շրջում և փնտրում է մեկին, որ կուլ տա: Հաստատուն հավատով կանգնեցե՛ք նրա դեմ՝ իմանալով, որ աշխարհում ձեր բոլոր եղբայրներն էլ նույն չարչարանքներով են անցնում (Ա Պետրոս 5:8-9):
Կարինե Սուգիկյան