Միաբաններից երկու մեծագույն ճգնավորներ արժանացան հայեցողության, և նրանցից յուրաքանչյուրը տեսնում էր Աստծո զորությունը մյուս եղբոր վրա: Մի անգամ նրանցից մեկն ուրբաթ օրը դուրս ելավ միաբանների վանքից. և հաջորդ օրը սովորականի պես պատարագ եղավ: Եվ եղբորը հայելով` տեսավ, որ զորությունը նրանից հեռացել է, և խռովք ապրեց: Երբ վերադարձան խուցը, նրան ասաց. «Ի՞նչ ես գործել, եղբայր, կամ ի՞նչ խորհուրդ ես ունեցել, որովհետև Աստծո շնորհները չտեսա քեզ վրա սովորականի պես»: Եվ նա ասաց. «Ես ոչ աղտեղի խորհուրդներ եմ ունեցել, ոչ էլ չար բան եմ գործել»: Եղբայրը նրան ասաց. «Գուցե դատարկամիտ խո՞սք է դուրս եկել քո բերանից»: Եվ հիշեց եղբայրն ու ասաց. «Այո՛, երեկ տեսա ոմանց, որ միաբանական վանքից դուրս` ուտում էին, և նրանց ասացի. «Ուրբաթ օրով այս ժամին ուտո՞ւմ եք»: Այս է իմ մեղքը. աղաչում եմ քեզ, եղբա՛յր, վշտակի՛ց եղիր ինձ երկու շաբաթ, միասին աղաչենք Աստծուն, որ թողություն շնորհի ինձ»: Այդպես արեցին, և երկու շաբաթից հետո եղբայրը տեսավ Աստծո շնորհներն իր եղբոր վրա:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016