Չկա չարիք առանց բարիք

Մի անգամ նավաբեկությունից հետո ալիքները մի մարդու նետեցին անմարդաբնակ կղզու ափը: Նա միակ ողջ մնացած մարդն էր նավի խորտակումից հետո և անդադար աղոթում էր Աստծուն, որ փրկի իրեն: Նա ամեն օր հույսով նայում էր հորիզոնին՝ տեսնելու իրեն օգնության եկող նավը:

Այդ ընթացքում իր համար մի հյուղակ պատրաստեց ծառերի ճյուղերից ու տերևներից: Բայց մի անգամ, երբ վերադարձավ հակառակ ափից, որտեղ սնունդ հայթայթելու էր գնացել, տեսավ, որ իր հյուղակը կրակի ճիրաններում է հայտնվել և ծուխն էլ սյան նման դեպի երկինք է բարձրանում:

Ամենասարսափելին այն էր, որ հյուղակի հետ այրվում էին այն փոքրաթիվ իրերը, որ մնացել էին նավաբեկությունից հետո: Մարդը վերջնականապես զրկվեց ամեն ինչից, և այլևս չկարողանալով զսպել իր հուսահատությունն ու զայրույթը՝ բացականչեց.

- Տե՛ր Աստված, ինչպե՞ս կարող էիր նման կերպ վարվել ինձ հետ:

Բայց հաջորդ օրն արթնացավ մոտեցող նավի շչակի ձայնից:

- Ինչպե՞ս իմացաք, որ այստեղ եմ,- հուզված հարցրեց մարդը:

- Ծխի ազդանշանը տեսանք,- պատասխանեցին նավաստիները:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի   

03.11.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․