Ճնճղուկը

Ադամի ու Եվայի դրախտից արտաքսման սուրբգրային պատմությունը լսելով՝ երկու քույրիկներն ասացին հայրիկին.

- Հայրի՛կ, եթե մենք լինեինք դրախտում, ապա ոչ մի դեպքում չէինք ուտի չարի և բարու գիտության ծառից: Չէ՞ որ Աստված արգելեց այն ձեռք տալ, ճի՞շտ է, հայրի՛կ:

- Ճիշտ է,- ժպտաց հայրիկն ու փոքրիկներին քնելու պառկեցրեց:

Առավոտյան վաղ արթնացավ, բակում մի ճնճղուկ բռնեց և դրեց անթափանց կաթսայի մեջ: Աղջիկներին արթնացնելով՝ ցույց տվեց կաթսան, որ դրել էր խոհանոցի բաց պատուհանի գոգին և ասաց.

- Խնդրում եմ կափարիչը չբացեք մինչև ես աշխատանքից չգամ: Երբ վերադառնամ ինքս ցույց կտամ այն անակնկալը, որ այնտեղ է: Եթե լսեք ինձ, ապա նոր խաղ կգնեմ ձեզ համար:

Հայրիկն ու մայրիկն աշխատանքի գնացին, իսկ փոքրիկները մնացին տանը մենակ: Ամբողջ ճիգերը գործադրեցին՝ փորձելով իրենց ուշադրությունը շեղել կաթսայից: Վաղուց արդեն խաղացել էին բոլոր խաղերը, որ գիտեին, սակայն հետաքրքրասիրությունը նրանց հանգիստ չէր տալիս՝ շատ էին ուզում տեսնել, թե ինչ կա կաթսայի մեջ: Վերջ ի վերջո, ավագ քույրիկը համոզեց կրտսերին, որը դեռ վախենում էր, որ հայրիկը կբարկանա, նայել, թե ինչ կա կաթսայի մեջ:

- Մի աչքով միայն կնայենք ու կծածկենք,- ասաց նա,- Հայրիկն իսկի չի էլ իմանա:

Բայց հենց նա բարձրացրեց կափարիչը՝ ճնճղուկը պատուհանից դուրս թռավ: Երեկոյան, երբ հայրիկը տուն վերադարձավ ու կաթսան դատարկ գտավ, ասաց.

- Դե ինչ, փոքրիկ Եվաներ, չդիմացաք ու դուրս թողեցիք թռչնակին: Հենց այդպես էլ Եվան չդիմացավ, որպեսզի չհամտեսի չարի և բարու գիտության ծառից:

- Հայրիկ, իսկ դա ի՞նչ ծառ էր և ինչո՞ւ չէր կարելի դրա պտուղն ուտել,- հարցրեց կրտսեր դստրիկը:

- Սովորական ծառ էր և պտուղներն էլ ուտելի էին, սակայն Աստծո պատվիրանը խախտելով՝ նախամարդիկ կարծես հենց չարն ընտրեցին բարու փոխարեն, որովհետև ամեն մի չարիք սկսվում է անհնազանդությունից, իսկ բարիքը՝ հնազանդությունից, ինչն էլ Աստված պետք է առաջին մարդկանց սովորեցներ, եթե հնազանդ լինեին: Այդ ճնճղուկն այսօր ձեզ համար չարի և բարու գիտության ծառն էր և դուք էլ ինձ չհնազանդվեցիք: Ադամի ու Եվայի փորձությունը դուք էլ չկարողացաք հաղթահարել:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

 

24.12.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․